Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» առաջարկում է եւ պահանջում

Հունիս 24,2009 00:00

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունն ուղերձով դիմել է ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին՝ ներկայացնելով համագործակցության սեփական «համապարփակ շրջանակը, որի հիմնախնդիրները տարբեր ժամանակներ արտացոլվել են ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի պաշտոնական փաստաթղթերում ու քաղաքական հայտարարություններում, եւ, կարծում ենք, միարժեք ընդունելի կլինեն նրանց կողմից»: Դրանք են. «Մարդու իրավունքների պաշտպանություն եւ Հայաստանում սոցիալական արդարության հաստատում: Քաղաքական ու տնտեսական համակարգերի արմատական հանրակարգային բարեփոխում: Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի բացահայտում, դրանց հեղինակների պատասխանատվության սահմանում եւ պահպանվող քաղաքական-համակարգային ճգնաժամի հետեւանքների վերացում: ԼՂՀ անկախության ճանաչում: Հայ-թուրքական հարաբերությունների հայանպաստ եւ ազգային անվտանգության հռչակված նպատակներից բխող կարգավորում»: ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին առաջարկվում է յուրաքանչյուր կողմից հավասար թվով պատվիրակ առաջադրել՝ համագործակցության համապարփակ շրջանակը, գործակցության սկզբունքները, հիմնախնդիրների լուծման ուղիներն ու ժամանակացույցը մշակելու, դրանք կողմերի հաստատմանը ներկայացնելու եւ իրականացումը կազմակերպելու համար: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը երեկ դիմել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով վերստեղծել Փորձագետների փաստահավաք խումբը՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ: Դիմումում, մասնավորաբար, ասված է. «2009թ. հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Ձեր՝ «Համաներում հայտարարելու մասին» առաջարկը ընդունելուց հետո ավելի քան արդիական է դարձել մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, մասնավորապես՝ 10 անձանց սպանության հանգամանքների բացահայտումը, որը շարունակում է մնալ իբրեւ ոչ միայն հասարակության եւ քաղաքական ուժերի պահանջ, այլեւ միջազգային կառույցների առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել