Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵՆՔ

Հունիս 24,2009 00:00

\"\"Այս առաջարկը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներն առաջարկում են ներառել նոր բանաձեւի նախագծում:

Երեկ հրապարակվել է ԵԽԽՎ համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի զեկույցն ու բանաձեւի նախագիծը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի պատվիրակության մի շարք անդամներ շուրջ 10՝ գերազանցապես խմբագրական բնույթի առաջարկներ են արել բանաձեւի նախագիծը փոփոխելու վերաբերյալ:

Զեկույցի սեղմագրում նշված է, որ Եվրոպայի խորհրդի կառույցների ջանքերի, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ «գերազանց համագործակցության» շնորհիվ՝ «Հայաստանի իշխանություններն անցած 15 ամիսների ընթացքում կայուն զարգացող առաջընթաց են արձանագրել Վեհաժողովի պահանջները կատարելու ուղղությամբ»: Ըստ համազեկուցողների՝ այս գործընթացն իր կիզակետին հասավ գործադրված համաներմամբ, «որի հետեւանքով 2008թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում ազատազրկվածների մեծ մասը, թեեւ ոչ բոլորը, ազատ կարձակվեն»: Պրեսկոտն ու Կոլոմբիեն զեկույցի իրենց բացատրական հուշագրում նշել են, թե մտադիր են գնահատել այն բոլոր անձանց գործերը, որոնց նկատմամբ չի կիրառվել համաներում՝ պարզելու համար, արդյոք նրանք խնդրահարույց խմբի մե՞ջ չեն, այսինքն՝ մարդիկ են, որոնց մեղադրանք է առաջադրվել քաղաքակա՞ն դրդապատճառներով:

Զեկույցում նշվում է, թե փորձագետների փաստահավաք խումբը լուծարվել է՝ դրա անդամների միջեւ «անհաղթահարելի լարված հարաբերությունների պատճառով»: Սակայն զեկուցողները համարում են, որ խմբի լուծարումը «չպետք է խոչընդոտի Վեհաժողովի պահանջած անկախ եւ արժանահավատ հետաքննությունն ավարտին հասցնելուն»:

Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից հունիսի 22-ին միաձայն ընդունված այս բանաձեւի նախագծի 2-րդ կետում նշվում է, թե Վեհաժողովը համարում է, որ իր 1609, 1620 եւ 1643 բանաձեւերը ձեւավորել էին որոշակի եւ իրական «ճանապարհային քարտեզ, որպեսզի հանգուցալուծվի քաղաքական այն ճգնաժամը, որը հաջորդեց 2008-ի փետրվարի նախագահական ընտրություններին: Այդ պահանջներն ու երաշխավորություններն այդ պատճառով շարունակում են լիովին մնալ ուժի մեջ»: Ըստ 4-րդ կետի՝ Վեհաժողովը կարծում է, որ անձնապես բռնություն չկատարած մարդկանց ազատ արձակումը կարող է հիմք դառնալ երկխոսության ու համախմբման համար: Եվ այդ պատճառով ԵԽԽՎ-ն բանաձեւի նախագծի 5-րդ կետով ողջունում է համաներման հայտարարումը: Սակայն մի առանձին ենթակետով անդրադառնում է խնդրին, թե ինչպես է համաներումն անդրադառնալու այն անձանց վրա, ովքեր այժմ հետախուզման մեջ են, եւ հորդորում է իշխանություններին չփոխել նրանց խափանման միջոցը, եթե մինչեւ հունիսի 31-ը ներկայանան իշխանություններին եւ սկսվի դատաքննություն:

Բանաձեւի նախագծի 6-րդ կետում նշված է, որ մարտի 1-2-ի դեպքերի եւ հատկապես զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղավոր ճանաչվածների դեմ դեռ կարող են ներկայացվել քաղաքացիական հայցեր. «Այս առումով, Վեհաժողովը մտահոգ է, որ պետական կառույցների կողմից քաղաքացիական հայցերի հարուցումը կարող է ստվերել համաներման նպատակը, եւ իշխանություններին կոչ է անում երաշխավորել, որ նման հայցեր չեն ներկայացվի պետական կառույցների կողմից»: Հիշեցնենք, որ, ասենք, քաղաքապետարանը կարող է մարտի 1-ին պատճառված գույքային վնասի փոխհատուցման պահանջով դիմել դատարան:

Բանաձեւի նախագծի 7-րդ կետով Վեհաժողովն ափսոսանք է հայտնում փաստահավաք խմբի լուծարման կապակցությամբ՝ արդեն ասվածին հավելելով, թե դա «երկու կողմից էլ գործունեության քաղաքականացման հետեւանք էր»: ԵԽԽՎ-ն նաեւ կոչ է անում խմբի նախկին անդամներին «ներկայացնել իրենց հայտնաբերումներն ու եզրակացությունները, հնարավոր է՝ անհատական զեկույցների տեսքով, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին»: Եվ կոչ է արված, որ այդ զեկույցները հրապարակվեն, ինչը, ի դեպ, արվել է մինչ այժմ՝ արժանանալով իշխանական գործիչների հակազդեցությանը:

Փաստաթղթի 8-րդ կետով ԵԽԽՎ-ն լուրջ մտահոգություն է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ գլխավոր դատախազության կողմից 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննությունը որեւէ որոշակի արդյունք չի ունեցել. «Եվ էական է, որ այդ հետաքննությունը բավարար արդյունքներով ամփոփվի՝ առանց հետագա ձգձգումների»:

Վեհաժողովը նախագծի 9-րդ կետում մատնանշում է, որ հանրահավաքներ անցկացնելու խնդրանքները շարունակում են հաճախ մերժվել իշխանությունների կողմից՝ «տեխնիկական հիմնավորումներով, կամ կիրառվում են անհարկի սահմանափակումներ: Այս կապակցությամբ վերահաստատվում է իշխանություններին ուղղված կոչը՝ գործնականում հարգել հավաքների ազատության սկզբունքը»:

Բանաձեւի նախագծի 11-րդ կետում անդրադարձ կա հեռարձակման մրցույթ անցկացնելու խնդրին եւ դարձյալ է վերահաստատված, որ թվային հեռարձակման համակարգի ներդրումը Հայաստանում չպիտի օգտագործվի որպես պատրվակ՝ մրցույթ չանցկացնելու եւ այս կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Ա1+»-ի վերաբերյալ չկատարելու համար: Մեր պատվիրակության ոչ խմբագրական բնույթի առաջարկներից մեկը հետեւյալն է՝ հանել այս հիշատակումը ՄԻԵԴ վճիռը չկատարելու մասին: Նկատենք, որ իշխանական կոալիցիան ներկայացնող պատվիրակներն ամեն անգամ են փորձում բանաձեւերից հանել «Ա1+»-ի վերաբերյալ հիշատակումները:

«Ընտրական բարեփոխումները պետք է այժմ գերակա դառնան իշխանությունների համար»,- նշված է բանաձեւի նախագծի 12-րդ կետում՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններին անդրադարձից հետո: Այստեղ թեեւ հիշատակված են ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության եզրահանգումները, սակայն հավելված է, որ բազմաթիվ պնդումներ կան, թե ընտրությունների ընթացքում լայնորեն տարածված էին կեղծիքներն ու խախտումները. «Դրանք ցույց են տալիս, որ Հայաստանում դեռեւս շատ ցածր մակարդակի վրա է հանրության վստահությունը ընտրական գործընթացի հանդեպ»:

Եվ կարեւորելով Հայաստանում ժողովրդավարական համախմբումը՝ Վեհաժողովը բանաձեւի նախագծի վերջին կետում նշել է՝ շարունակվելու է Հայաստանի նկատմամբ դիտարկումը, թե ինչպես են կատարվել այս պահանջները: Իսկ մեր պատվիրակությունն առաջարկել է բանաձեւում ընդգրկել հետեւյալ նոր պարբերությունը. «Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի հանրության թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական քաղաքական ուժերին՝ բաց չթողնել այս նոր հնարավորությունը եւ մասնակցել բաց, կառուցողական եւ լուրջ երկխոսությանը բարեփոխումների վերաբերյալ, որոնք պահանջվում են Վեհաժողովի կողմից եւ մերժել բոյկոտներն ու հակամարտության այլ գործողությունները, որոնք խոչընդոտում են Հայաստանի քաղաքական կայունությանը եւ ժողովրդավարական զարգացմանը»: Կներառվի՞ արդյոք այս առաջարկը բանաձեւում՝ պարզ կդառնա այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել