Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ հրավիրեց այս պաշտոնում իր վերջին ասուլիսը: Խոսքի նախաբանում նա արտահայտեց իր մտահոգությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում բռնությունների աճի կապակցությամբ, եւ այս համատեքստում հիշատակեց նաեւ Կովկասյան տարածաշրջանը եւ մասնավորապես՝ Հայաստանում 2008-ին տեղի ունեցած դեպքերը: Ըստ նրա, բռնությունները վկայում են քաղաքական մշակույթի պակասի մասին: «Առավոտի» հարցին, թե արդյոք այն, որ Հայաստանի ԱԺ-ն հայտարարել է համաներում եւ ընդդիմադիրների մի մասն արդեն ազատ է արձակվել, թեեւ շատերը դեռ բանտում են՝ հիմք տալի՞ս է պնդելու, որ այսպիսով փակվեց մարտի 1-ի էջը՝ Թերի Դեւիսը պատասխանեց. «Ոչ: Մեկ տարի առաջ կատարվածի վերաբերյալ դեռ շատ կարեւոր հարցեր են մնում առկախ: Ու ես դեռ շատ մտահոգ եմ այն փաստի առնչությամբ, որ տեղյակ չեմ, թե որեւէ մեկը կալանվել եւ դատական պատասխանատվության է ենթարկվել այդ օրվա զոհերի պատճառով: Մեկ տարի առաջ սպանվել է մի ոստիկան, բայց նաեւ մարդիկ, որոնք իրավապահներ չէին: Դա սպանություն է, եւ ես կարծում եմ՝ ահավոր է, որ ոստիկանությունը Հայաստանում չի կարողացել գտնել նրանց, ովքեր պատասխանատու են այս սպանությունների համար, որպեսզի դատական գործ հարուցեն: Իհարկե, եղել է փաստահավաք խմբի հետաքննություն, բայց դա չի կարող փոխարինել ոստիկանության աշխատանքը: Ես մտահոգ եմ այն մարդկանց համար, ովքեր բանտում են, բայց ավելի մտահոգված եմ, որ մարդիկ են սպանվել»: