Ժամանակին, երբ Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում մանդատներից զրկվելու վտանգի առջեւ էր՝ Սամվել Նիկոյանը հայտարարում էր, թե մեզ ուզում են պատժել՝ գունավոր հեղափոխություն չանելու համար: Երեկ ԵԽԽՎ-ում քննարկումն ապացույց դարձավ, որ այս կառույցը կարող է սպառնալ պատժել նաեւ այն երկրներին, որոնք իրականացրել են գունավոր հեղափոխություն: Խոսքն Ուկրաինայի մասին է, որն անտեսել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջը, ըստ որի՝ դրան միացած բոլոր երկրները պարտավոր են ներկայացնել 3 դատավորների թեկնածություններ: Մինչդեռ 2007-ին Ուկրաինայի նախագահը դադարեցրել է դատավորի ընտրության՝ արդեն սկսված գործընթացը: Եվ այդ պատճառով ԵԽԽՎ 20 պատվիրակներ, որոնք ներկայացնում են 5 խմբակցություններ եւ ազգային 5 պատվիրակություններ՝ շրջանառության մեջ էին դրել նախագիծ, որով առաջարկում էին չեղյալ համարել ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության լիազորությունները: Հարցի հրատապ քննարկման ընթացքում ուկրաինացի պատվիրակները բողոքում էին, թե ոչ համարժեք պատժամիջոց է առաջարկում: Ասենք, Գրիգորի Օմելչենկոն այս նախաձեռնությունը համարեց շանտաժի, սպառնալիքների եւ կրկնակի չափանիշների հետեւանք. «Եթե ձեզ թվում է, որ այսպիսով կվախեցնեք՝ սխալվում եք, ոչ մեկը չի կարող ստիպել, որ Ուկրաինան ծնկի իջնի՝ ԵԽ-ից դուրս մնալու սպառնալիքի դիմաց»: Վրացի պատվիրակներն էին պաշտպանում իրենց ուկրաինացի գործընկերներին, նաեւ ԵԽԽՎ-ում Լեհաստանի պատվիրակության ղեկավար Դարիուշ Լիպինսկին, որը հիշատակեց ռուս-վրացական ռազմական ներխուժումը, որի հետեւանքով կողմերի պատվիրակությունները չզրկվեցին մանդատներից:
Ուշագրավ էր նաեւ ռուսների արձագանքը: Սերգեյ Մարկովը հայտարարեց, թե նման քաոսը բոլոր այն երկրներում է, որտեղ կատարվել են գունավոր հեղափոխություններ. «Հերիք է վտանգել Եվրոպայում ժողովրդավարության հիմքերը՝ աջակցելով գունավոր հեղափոխություններին»: Իսկ Վյաչեսլավ Տիմչենկոն լիազորություններից զրկելը համեմատեց նրա հետ, որ «երեխային ուզենաս դաստիարակել՝ փողոց շպրտելով»: Ի վերջո, ընդունված բանաձեւով ԵԽԽՎ-ն նման բան չարեց: