Կարծում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը
– Երեւանի ավագանու ընտրությունները մի տեսակ ստվերում թողեցին Ղարաբաղի հարցը՝ այն դեպքում, երբ միջազգային մակարդակներում այս հարցին առնչվող տեսանելի ակտիվություն կա: Ըստ ձեզ, ո՞ւր ենք հասել եւ ի՞նչ է սպասվում:
– Որեւէ խնդիր չի կարող ստվերում թողնել ԼՂՀ հիմնահարցը, հատկապես այսպիսի ինտենսիվ բանակցային փուլում: Ինչ վերաբերում է խնդրի կարգավորման հնարավորությանը, ապա համոզված եմ, որ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ մոտ ժամանակներս որեւէ համաձայնություն ձեռք բերելը անհնար է: Եվ դրա մասին բավականին հստակ ասաց նաեւ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, թե բանակցությունները շատ լարված են, իսկ կողմերն ունեն իրարամերժ տեսակետներ: Խնդրի լուծման մի եղանակ կա այսօր. եթե հայկական կողմը համաձայնվի հետաձգված հանրաքվեին: Բայց այստեղ էլ հարց է առաջանում՝ ո՞ր տարածքներն են տրվելու, գործողությունների ինչպիսի՞ հերթականություն է լինելու, ե՞րբ է լինելու այդ հանրաքվեն: Դա, ըստ իս, ոչ հայանպաստ լուծում է: Եթե հայկական կողմը համաձայնվում է հետաձգել ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը եւ հանձնում է տարածքները՝ հետաձգված հանրաքվեի դիմաց, ապա դա բխում է միայն Ադրբեջանի շահերից: Հիմա Հայաստանը, թեկուզ ուշացումով, բայց ամեն ինչ պետք է անի բանակցային նախկին ձեւաչափը վերականգնելու եւ ԼՂՀ-ին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար՝ հիմքում ունենալով Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը, ըստ որի՝ Ղարաբաղը ճանաչվել է հակամարտության կողմ: Այսօր հայկական կողմը դիվանագիտական պարտություն է կրել. Ղարաբաղի հարցում զիջել է հնարավոր ամեն ինչ՝ ընդհուպ խոստանալով վերադարձնել ազատագրված տարածքները, իսկ Ադրբեջանը չի գնացել ոչ մի զիջման Ղարաբաղի կարգավիճակի հարցում՝ ամենաբարձր ատյաններից հայտարարելով, որ Ղարաբաղը չի կարող դուրս լինել Ադրբեջանի կազմից, եւ սպառնալով խնդրի ռազմական լուծմամբ:
ԼՂՀ հարցում եթե մենք համաձայնենք հետաձգված հանրաքվեին եւ վերադարձնենք 5 շրջանները, ապա վերադառնում ենք 1988-ի կարգավիճակին: Զրոյից ենք սկսում՝ ընդ որում, ավելի վատ մեկնակետից:
– Մեր նախագահը հայտարարում է որ հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղի հարցը չպետք է իրար կապել, իսկ Թուրքիայի պաշտոնյաները հակառակն են պնդում: Ֆուտբոլային դիվանագիտությունը մեկ օրվա կյա՞նք ունեցավ, ձեւակա՞ն էր, ո՞վ ավելի շահեց այդ «խաղից»:
– Տարածաշրջանում կատարվող գործընթացները՝ հայ-թուրքական հարաբերություններ, սահմանի բացում, ցեղասպանության, ԼՂՀ հարց, փոխկապակցված են: Եվ առաջինը հենց Թուրքիան չի տարանջատում այս հարցերը: Եվ եթե հայ-թուրքական բանակցությունների օրակարգում կամ «Ճանապարհային քարտեզ» կոչվածում չկա որեւէ նախապայման, կամ ինչպես Նալբանդյանը հայտարարեց՝ «այնտեղ ոչ մի նյութ չկա», ապա ի՞նչն է խանգարում այդ փաստաթուղթը հրապարակել: Կամ ինչու հայտարարությունը ստորագրվեց ապրիլի 22-ին: Եթե չի հրապարակվում փաստաթուղթը, ապա կամ այդպիսի փաստաթուղթ ընդհանրապես չկա, կամ ենթադրում եմ, որ նախապայմաններ կան՝ ցեղասպանության, սահմանի բացման, Կարսի պայմանագրի, ԼՂՀ խնդրի, ազատագրված տարածքների վերադարձի վերաբերյալ: Այսպիսով, կարող ենք այսօր փաստել, որ Հայաստանը ապրիլի 22-ին ստորագրելով հայտարարությունը եւ գալով համաձայնության հրապարակել այն՝ ակնկալելով առանց նախապայմանի սահմանի բացում, ըստ էության, զիջեց ցեղասպանության հարցը:
Հայաստանը ճնշման տակ մասնակից է դարձել մի խաղի, որից շահեց Ամերիկան. Բարաք Օբաման խուսափեց ցեղասպանություն բառն արտասանելուց՝ հիմնավորելով այն 22-ին ստորագրված հայտարարությամբ, շահեց նաեւ Թուրքիան, որը հերթական անգամ կարողացավ խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Իսկ Հայաստանը ստացավ փակ սահման, սփյուռքի եւ Հայաստանի հասարակության արդարացի դժգոհությունը, ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի որոշակի կասեցում, դանդաղեցում:
Եվ այսօր ունենք Թուրքիայի իշխանությունների բացահայտ պնդումները, թե սահմանը չի բացվի առանց ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու եւ ԼՂՀ հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ լուծելու: Այսինքն՝ կամ եղել են նախկինում այս նախապայմանները, եւ ՀՀ իշխանությունն է հանրությանը մոլորության մեջ գցել, կամ հայտարարությունը ստորագրելիս են ՀՀ իշխանություններին մոլորեցրել: