Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՐԹԵՎԵԿԵԼ

Հունիս 23,2009 00:00

«Աշտարակի տարածքում կա Նոր Ամանոս գյուղ, որտեղ գնալ-գալը պրոբլեմ է: Եթե մեկը հյուր է ամանոսցուն, ապա հյուրընկալը հյուրին ճանապարհելու համար ցուցաբերում է հարգալից վերաբերմունք՝ պատվիրում է տաքսի, որպեսզի հյուրին ուղարկի 15 կիլոմետր հեռու գտնվող Կոշ գյուղ, որտեղից նա կկարողանա երթուղային տաքսի նստել՝ Աշտարակով Երեւան գնալու համար: Այդ երթուղայինները օրական 10 անգամ գնում-գալիս են, սակայն մեր գյուղի ավտոբուսը օրը 1 անգամ գնում է եւ մեկ անգամ էլ գալիս, այն էլ այնպիսի ժամերի՝ առավոտյան 8-ին, մեկ էլ երեկոյան ուշ, որ ոչ ոք չի կարող օգտվել»,- օրերս նման նամակով «Առավոտին» էին դիմել ամանոսցիները: Նրանք տրանսպորտի եւ կապի նախարարից պահանջում էին այս խնդրին ուշադրություն դարձնել. «Թող հնարավորության դեպքում խնդրին լուծում տա»: Ամանոսցիներն արդեն խնդրի հնարավոր լուծումներ էլ են գտել: Նրանք առաջարկում են Երեւան-Կոշ 10 երթուղային գազելներից գոնե 5-ը դարձնել շարունակելի. «Արուճով կգա Նոր Ամանոս: Չի էլ խանգարի մեր ավտոբուսին: Հուսով ենք, նախարարն այս անգամ կօգնի մեզ»:

Այս առնչությամբ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ Նոր Ամանոսին սպասարկող ավտոբուսի գծատերը մրցույթը հաղթել է օրական 1 անգամ սպասարկելու պայմանով. «Եթե իրեն շահավետ է լինում, գծատերը կարող է դիմել մեզ եւ չվերթների քանակն ավելացնել, սակայն մենք նրան չենք կարող ստիպել օրական մի քանի անգամ սպասարկել ամանոսցիներին, եթե նա իր պարտականությունները չի խախտել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել