Որովհետեւ իր անվան փաղաքշական մասնիկը հանդիսատեսն է «շնորհել»
«Քուլա-քուլա ելած» ամպերն ու հորդառատ անձրեւը ամենեւին էլ չխանգարեցին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիր շտապող հանդիսատեսին: Նրանց սպասում էր թեժ երեկո երգիչ Արմենչիկի հետ: Նման հանդիպում վերջին անգամ 2006 թվականին է եղել: «Այս համերգի մասին ես շատ եմ երազել»,- ասաց Արմենչիկը եւ օդային համբույրներ ուղարկեց հանդիսատեսին: Դահլիճում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար: Արմենչիկը պարբերաբար հետաքրքրվում էր՝ ի՞նչ տրամադրություն ունի ժողովուրդը եւ առաջարկում էր լինել ավելի «ջիգյարով», ինչպիսին հենց ինքն է: Դրանում մենք համոզվեցինք կուլիսներում նրա հետ զրույցի ժամանակ: Նախ հետաքրքրվեցինք՝ երգիչը ցանկություն ունի՞ հրաժարվելու իր անվան փաղաքշական մասնիկից:
«Ճիշտ ասած, ես չեմ էլ մտածել դրա մասին, թեպետ արդեն 28 տարեկան եմ… Փաղաքշական «չիկ» մասնիկը ինձ հանդիսատեսն է տվել, ու դրանից վատ չեմ զգում»,- ասաց Արմենչիկը:
Համերգի ընթացքում Արմենչիկը կատարեց իր հին ու նոր երգերը` «Ամպերն ելան քուլա-քուլա»՝ եղանակին համահունչ երգը, «Չար մարդիկը»՝ սիրուց տանջված երիտասարդի մասին: Նա ցանկացավ, որ վերջինը լսելուց հետո բոլոր չար մարդիկ բարիանան:
Արմենչիկը մի քանի երգ էլ Արամ Ասատրյանի երգացանկից երգեց: «Մենք մտերիմ ենք եղել ընտանիքներով եւ ինձ համար մեծ հպարտություն է կատարել Արամ Ասատրյանի երգերը»,- ասաց նա:
Քանի որ Արմենչիկի երգերի մեծամասնությունը սիրո մասին է, ուստի չէինք կարող չհետաքրքրվել նրա անձնականով: «Եկեք չխոսենք անձնականից՝ ունե՜մ ընկերուհի, չունե՜մ…»,- առաջարկեց երգիչը: Այնուհետեւ անցավ իր երգաոճին. «Ես ռաբիս երգիչ չեմ եւ չեմ էլ ընկալում այդ բառը: Երգում եմ այն, ինչ սիրտս է ուզում»:
Լոս Անջելեսում նա չի դադարում աշխատել: Անընդհատ նոր երգեր է գրում, ձայնասկավառակներ ձայնագրում, մենահամերգներ տալիս: Երեւանյան համերգին Լոս Անջելեսից հատուկ ժամանել էին Արմենչիկի ծնողները: Համերգին հատուկ հյուրի կարգավիճակով ելույթ ունեցավ նաեւ երաժիշտ Պեդրո Էոստքաշը, որը խոստովանեց, թե սիրահարված է Արմենչիկի երաժշտությանը եւ ձայնային տվյալներին: Պեդրոն ծանոթ է հայ երաժշտությանը, հատկապես լսել է Ջիվան Գասպարյանի կատարումները: Համերգին նա դուդուկով մի քանի ստեղծագործություն կատարեց:
Համերգին ելույթ ունեցավ նաեւ Արմենչիկի վաղեմի ընկեր՝ երգչուհի Քրիստինե Պեպելյանը: Հիշեցնենք, որ «Ինչո՞ւ» զուգերգը բավական երկար մնաց հեռուստատեսային հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում: Այսօր էլ այն շատ սիրված է: Անակնկալ էր նաեւ երգիչ Միհրանի հայտնվելը: Նրա հետ Արմենչիկը կատարեց իր ոչ պակաս հայտնի «Ներիր» երգը: Կուլիսներում տեսանք նաեւ երգիչ Մարատ Հայրապետյանին, որը նույնպես Արմենչիկի ընկերներից է: Նա էլ եկել էր ընկերոջը ոգեւորելու, բայց՝ կուլիսներում: Շատ երգիչներ ու պրոդյուսերներ երազում են այսքան սիրված լինելու մասին: Ի դեպ, Արմենչիկը չունի պրոդյուսեր եւ երբեւէ չի էլ ունեցել: Այս տարվա համերգը Երեւանում կազմակերպել էր «Golden Globe» կազմակերպությունը: