Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՊԱՐԱՑՑԻՆԵՐ ՉԿԱ՞Ն

Հունիս 23,2009 00:00

paparazzi.am-ում տեղադրվում են նույնիսկ հայտնի մարդկանց վեճերը

«Ծանոթ-բարեկամ-հարեւան-սիրեկան պայմաններում Հայաստանում պապարացցի երբեք չի լինի»,- ասում է լուսանկարիչ, paparazzi.am ինտերնետային կայքի հեղինակ, մասնագիտությամբ բժշկական սարքավորումների տեխնիկ, 21-ամյա պարսկահայ Արթուր Վարդանյանը կամ, ինչպես ընկերներն են անվանում՝ Paparazzi-ն։ Արթուր Վարդանյանը ծնունդով Անգլիայից է, բայց մեծացել է Պարսկաստանում. «Ծնվել եմ Մանչեսթր քաղաքում։ Քանի որ մեր բարեկամները բոլորը Պարսկաստանում էին, ընտանիքով փոքր հասակում տեղափոխվեցինք այնտեղ, որտեղ էլ մեծացա, դպրոց գնացի։ Արդեն 5 տարի ապրում եմ Հայաստանում, սովորում Պոլիտեխնիկումում»։ Ըստ Արթուրի, ինքն ունի մի շարք հետաքրքրություններ՝ լուսանկարչություն, ինտերնետ, հայտնի մարդիկ եւ այլն. «Օրինակ, մոտ 4 տարի առաջ բացեցի Մայքլ Ջեքսոնի հայկական ինտերնետային կայք, որն այդպես էլ չաշխատեց։ Քանի որ ես Ջեքսոնի մեծ երկրպագու եմ, ուզում էի այդ կայքում համախմբել նրա բոլոր հայ երկրպագուներին։ Սակայն կայքս չաշխատեց, այցելուներ չունեցավ։ Հետո նախաձեռնեցի paparazzi.am-ը եւ տարվեցի դրանով։ Paparazzi.am-ը մի միտք էր, որն ինձ անդադար տանջում էր։ Երբ առաջին անգամ ձեռքս վերցրի ֆոտոխցիկը, հասկացա, որ Հայաստանում պապարացցին պակասում է… Այստեղ պետք է նման ինչ-որ բան ստեղծել։ Զարմանալին այն էր, որ պապարացցի ամսագրում չէի տեսնում, այլ միայն ինտերնետում։ Որոշեցի նման կայք ստեղծել, որի նպատակը հասարակությանը արագ եւ օպերատիվ իրազեկ պահելը կլինի Հայաստանում տեղի ունեցող ամենահետաքրքիր իրադարձություններին՝ լուսանկարների եւ մեկնաբանությունների տեսքով։ Սկզբից որոշեցի, որ միայն պետք է պապարացցիություն անեմ, բայց հետո հիասթափվեցի եւ որոշումիցս ետ կանգնեցի, հասկանալով, որ այն հայկական ախպերություն-ընկերություն պայմաններում երբեք չի աշխատի։ Այդ պատճառով էլ կանգնեցի միայն ուրախ, լավ, հետաքրքիր իրադարձությունները լուսաբանող լուսանկարների վրա»։

Արթուրի ձեւակերպմամբ, Հայաստանում ամեն ինչ ծանոթ-բարեկամով է չափվում, որոշվում եւ իրականացվում։ Ըստ նրա, եթե որեւէ հայտնի մարդու մերկ նկարես կամ թեկուզ ինչ-որ տղայի կամ աղջկա հետ, որն ընդամենը կարող է տվյալ մարդու եղբայրը կամ պարզապես ծանոթը լինել, կնեղանա ու նույնիսկ կսպառնա. «Այստեղ հայտնի մարդիկ չեն հասկանում, որ դա իրենց համար PR է։ Ուրիշ ձեւ են նայում այդ ամենին, զգուշացնում են՝ «վայ, հանկարծ չնկարես, կայքում չգցես…»։ Քանի որ Հայաստանը շատ փոքր է, մարդիկ էլ բոլորն իրար ճանաչում են, ծանոթ են, ընկերական հարաբերությունների մեջ են, կարծում եմ՝ պապարացցի այստեղ երբեք չի լինի»։ Արթուրի խոսքով, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ փորձում է պապարացցի լինել, հետաքրքիր, ինտրիգային նկարներ ստանալ, բայց. «Արդյունքում նկատողություն եմ ստանում։ Մի անգամ նույնիսկ սպառնացել են, որ չեն թողնի Հայաստանում այլեւս աշխատեմ։ Շատ խնդիրներ եմ ունեցել։ Օրինակ՝ «Երկու աստղ» հաղորդման ժամանակ երբ Ֆելիքսն ու Հրաչը կռվեցին, ես այնտեղ էի, հաղորդումն էի նկարում։ Ես ականատես եղա այդ վեճին, բայց խցիկովս չֆիքսեցի։ Այդ պահին չէի նկարում, քանի որ արդեն պահել էի ֆոտոխցիկ։ Չնայած լուսանկարներ չէի արել, բայց paparazzi.am-ում այդ ամենը գրեցի։ Դրանից հետո ինձ արգելեցին «Երկու աստղ» նկարել։ Ինձ նույնիսկ փորձում էին համոզել, որ նկար եմ տեղադրել կայքում, բայց ես այդ վեճից ոչ մի նկար չունեի ու չէի տեղադրել։ Այժմ չեմ փորձում կյանքս վտանգելով՝ ինչ-որ մեկի համար PR անել, հայտնի դարձնել։ Ես սկանդալների ականատես լինելիս՝ առանց հարցնելու որեւէ մեկի կարծիքը, դրանք տեղադրում եմ կայքում։ Ինձ արդեն չի հետաքրքրում, թե ով ինչ կասի, ում ընկերը կգա ետեւիցս…»։ Ըստ մեր զրուցակցի, հայկական շոու-բիզնեսում երկու բանի մասին պետք է մտածես՝ կամ ընկերության, կամ գործի. «Չես կարող այս երկուսը համատեղել։ Այստեղ, չգիտես ինչու, բոլորը մի տեսակ իրենց թանկացնում են… բայց հենց այդ հայտնի մարդիկ ուզում են, որ իրենց լուսանկարները լինեն իմ կայքում, հանրությունն էլ տեսնի: Պարզապես իրենց թանկացնում են»։ Ըստ Արթուրի՝ նկարելը ոչ թե նրա ապրուստի միջոցն է, այլ ապրելակերպը. «Ես գումարի համար չեմ նկարում, հաճախ միջոցառումները անվճար եմ լուսանկարում։ Իսկ ընդհանրապես վաստակածս գումարը բավականացնում է միայն մեքենայիս վառելիքին։ Հայաստանում լուսանկարչությամբ չես կարող միլիոն աշխատել, այնպես՝ ինչպես արտասահմանում է»։ Արթուրը նաեւ հավելեց, որ ինքը չի սիրում նկարներ վաճառել։ Իսկ իր կողմից արված ամեն մի նկարի անկյունում պարտադիր փակցնում է «Paparazzi. am» լոգոն, որպեսզի տեսնողն անմիջապես հասկանա, որ դա իր արած նկարն է։

Արթուրի հետ զրուցեցինք նաեւ հայկական շոու-բիզնեսից, գիշերային կյանքից, աղջիկներից։ Գիշերային կյանքին խցիկի միջոցով հետեւող երիտասարդի կարծիքով, Հայաստանում կյանքը եռում է, մասնավորապես՝ շաբաթ-կիրակի օրերին. «Վերջին մի քանի տարիների ընթացքում հայ երիտասարդությունն այդ առումով բավական ակտիվացել է։ Սկսել են հնարավորինս ուրախ եւ հիշարժան անցկացնել իրենց օրերը։ Սակայն ցավալին այն է, որ այդ կյանքով հիմնականում ապրում է միայն մի փոքր զանգված, ամենուր միշտ նույն մասսան է։ Ցանկացած տեղ, որտեղ ինչ-որ երեկույթ է կամ party է լինում, հավաքվում են նույն դեմքերը, ինչից էլ ես՝ որպես լուսանկարիչ, արդեն հոգնել եմ»։ Հայկական շոու-բիզնեսի մասին էլ ասաց. «Այստեղ աստղ հասկացությունը չկա։ Աստղերը իրականում անհասանելի են։ Հայաստանում ամեն ինչ այլ է, մեր աստղերը, եթե կարելի է այդպես անվանել, բոլորը հասանելի են։ Շատ հեշտ է բոլորի հետ մտերմանալ, ընկերանալ, նրանք չեն կարողանում իրենց աստղին վայել դրսեւորել, լինել միշտ հետաքրքիր ու նորություններով լի։ Այստեղ մի օր մեկի հետ շփվելուց հետո կարող ես հաջորդ օրը նրան զանգել եւ միասին այցելել երեկույթի, միջոցառման։ Հասարակ մի բան՝ Հայաստանում այնքան հեշտ է նրանց հեռախոսահամարը գտնել. մեկ զանգ ծանոթիդ՝ եւ տվյալ աստղի համարը ձեռքումդ է»։ Հայ աղջիկների մասին էլ խոստովանեց. «Հայ աղջիկները շատ լավն են, հետաքրքիր ու մի քիչ էլ կամակոր։ Հիմա ընկերուհի չունեմ, ժամանակս չի ներում։ Բայց արդեն մտածում եմ ամուսնության մասին։ Ճիշտ է՝ պատրաստվում եմ գնալ այստեղից, բայց ամուսնանալու եմ միայն հայուհու հետ։ Գուցե ոչ հայաստանաբնակի, բայց պարտադիր՝ հայուհու։ Այժմ պատրաստվում եմ ավարտել ուսումս եւ դրսում շարունակել paparazzi. am կայքի համար աշխատանքները՝ հատուկ աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերի համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել