Երեկ կայացավ Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի կենդանագիր պատկերը» ֆիլմի պրեմիերան
Թեպետ ֆիլմի մասին նախօրոք տեղեկացվել էր բոլոր ԶԼՄ-ներին, սակայն հեռուստաընկերություններից ներկա էր միայն «Շողակաթը»: «Եթե Հուդայի հետույքի մասին ֆիլմ նկարվեր, բոլոր լրատվամիջոցները կգային»,- հեռուստաընկերությունների վարած քաղաքականության մասին այսպես արտահայտվեց Տ. Խզմալյանը: Նա հայտնեց, որ ֆիլմի նկարահանմանը աջակցել են մարդիկ, ովքեր չեն պատկանել ոչ մի եկեղեցական, քաղաքական, կուսակցական խմբի: 55 րոպե տեւողությամբ ֆիլմը նկարահանվել է մոտ 10 տարվա ընթացքում, իսկ գաղափարը հղացվել է դեռ 1999 թվականի մարտի 4-ին: Սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Տ. Խզմալյանը ֆիլմով փորձում է հիշեցնել, որ հայերս արքաների, մարգարեների զավակներ ու հետնորդներ ենք, եւ չպետք է մեզ ստրուկների պես պահենք: Ֆիլմի նյութի համար հիմնական աղբյուրը Ղեւոնդ Ալիշանն է եղել:
Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշմանը ռեժիսորը տեղյակ չէր: «Եթե Քրիստոսի անձեռակերտ դիմանկարը բերվի Հայաստան, ես երջանիկ կլինեմ, բայց կարծում եմ, որ մենք արժանի չենք դրան: Եթե Արարատը հիմա վերադարձվի Հայաստանին, ես կսարսափեմ, որովհետեւ ասել եմ ու էլի կասեմ՝ երկու շաբաթ անց արդեն կսկսվի «Նոյյան տապան» կազինոյի կառուցումը եւ բոլորդ լավ գիտեք, թե ում այն կպատկանի: Այդ պատճառով չեմ ուզի, որ Արարատ լեռը 3-րդ հանրապետությանը պատկանի»,- նշեց ռեժիսորը:
«Առավոտի» հետ զրույցում Տիգրան Խզմալյանը հավելեց, որ «Երեւան» ստուդիայի ամբողջ սեփականությունը հիմա «Հ1»-ինն է, այդ թվում նաեւ իմ տասնմեկ ֆիլմերը, որ իրենք չեն ցուցադրում: «Ասել եմ ու կասեմ՝ հայ կինոն ծնվել է համր եւ մեռնում է լուռ: Եթե ինչ-որ մեկը $600 հազարով կարող է ձեռք բերել 30 հա հողատարածք, մի քանի շենք, մի քանի հարյուր միավոր կինոտեխնիկա եւ հազարավոր ֆիլմերի գույքային եւ հեղինակային իրավունքներ, ապա ես շնորհավորում եմ այդ անհատին: Այսինքն, մեկ բնակարանի գնով կարելի է ազգային հարստություն գնել, որը ինչ-որ տեղ համարժեք է Մատենադարանին: Եթե ինչ-որ մեկը վաղը հայտարարի, որ եւս մեկ 600 հազար կտա, կգնի Մատենադարանը, էլ չենք զարմանա: Նույնը վերաբերում է նաեւ «Երեւան» ֆիլմերի ստուդիային, որովհետեւ 2005 թվականին աշխարհում լավագույն մուլտիմեդիա նախագիծը ճանաչվել էր այդ ստուդիայի «Արամ Խաչատրյան» ֆիլմը եւ նույն թվականին, մի քանի օր տարբերությամբ «Երեւան» ստուդիան լուծարվեց»,- ցավով նշեց ռեժիսորը:
Կինոռեժիսորն ասաց նաեւ, որ արդեն պատրաստ է «Հայաստանը մինուս Ա 1 պլյուս» հրապարակախոսական ֆիլմը, իսկ ինքը պատրաստվում է «5165 քայլ դեպի երկինք» ֆիլմի նկարահանմանը՝ նվիրված Արարատին: