Վրաստանում ընթացող շախմատի «Թբիլիսիի գավաթ-2009» անվանումը կրող միջազգային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցում է տասը շախմատիստ, մոտենում է եզրագծին:
Յոթերորդ տուրում մրցաշարի առաջատար, հայաստանցի Արման Փաշիկյանը սեւերով պարտվել է Վրաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Դավիթ Հարությունյանին եւ միանգամից նահանջել 16-րդ հորիզոնական: Նույն օրը մեր հանրապետության ներկայացուցիչ, միջազգային վարպետ Դավիթ Պետրոսյանը, որը մինչ այդ վատ չէր հանդես գալիս, սակայն առաջատարների մեջ էլ չէր, միավորը բաժանել է գրոսմայստեր Միխայիլ Կոբալիայի հետ եւ 6,0-ական միավորով առաջատարի դերն ստանձնած գրոսմայստերներ Մերաբ Գագունաշվիլիին, Միխեիլ Մչեդլիշվիլիին, Բաադուր Ջոբավային ու Դավիթ Հարությունյանին զիջելով ընդամենը կես միավորով՝ բարձրացել է 13-րդ տեղ: Մրցաշարային աղյուսակում իր թիմակցին հավասար միավորներով, սակայն մեկ աստիճան ցածր դիրք է ստանձնել Լեւոն Բաբուջյանը, որը սեւերով առավելության է հասել Մելիա Սալոմեի նկատմամբ:
Երեկ, նախավերջին տուրում, միջազգային վարպետներ Դավիթ Պետրոսյանն ու Լեւոն Բաբուջյանը սպիտակներով խաղալու էին վրաստանցի գրոսմայստերներ Կոբալիայի եւ Տոռնիկե Սանիկիձեի հետ, իսկ Արման Փաշիկյանի մրցակիցը Միխեիլ Ջամագիձեն էր: