Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՈՒ ՀԵՌԱՑՈՒՄ

Հունիս 23,2009 00:00

Հունիսի 20-21-ին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները:

Աշտարակի «Միկան», 2:1 հաշվով հաղթելով «Կիլիկիային», վաստակած միավորների քանակը հասցրեց 32-ի եւ մրցաշարային աղյուսակում շրջանցեց հանրապետության բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկին»՝ բարձրանալով առաջին հորիզոնական: Ճիշտ է, նրան այդ հարցում «աջակցեց» ինքը՝ «Փյունիկը», որը հաջորդ օրը մրցակցի դաշտում ոչ-ոքի խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ: Այդուհանդերձ, պոտենցիալ առաջատարը շարունակում է մնալ «Փյունիկը», քանի որ թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել (11-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» խաղը հետաձգվել է եւ կայանալու է հուլիսի 7-ին):

Խաղադաշտը կրկին գլխիկոր թողեց «Արարատը»: Այս անգամ տիտղոսավոր թիմը 0:1 հաշվով զիջեց «Գանձասարին»: Իր երկրպագուներին հաճելի անակնկալ մատուցեց «Ուլիսը», որը հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ եւ մրցաշարային աղյուսակում կրնկակոխ հետեւում է նրան:

13 տուրից հետո առաջնության մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ:

1.Միկա 13 10 2 1 26-11 32

2.Փյունիկ 12 9 3 0 27-6 30

3.Բանանց 13 8 0 5 23-16 24

4.Ուլիս 13 7 2 4 19-11 23

5.Գանձասար 13 4 2 7 8-19 14

6.Շիրակ 13 3 4 6 12-24 13

7.Կիլիկիա 13 3 1 9 12-21 10

8.Արարատ 12 0 0 12 3-22 0

«Արարատն» առաջնությունում ե՞րբ կվաստակի իր առաջին միավորը: Այս խնդիրը, ասես, ակումբի ղեկավարությանը չի մտահոգում: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ այստեղ հասկանալի դրդապատճառներով արվում է շատ բան՝ սեփական վիճակը հնարավորին չափ վատթարացնելու համար: Հունիսի 16-ին ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն նույն օրը կայացած հերթական նիստում արձանագրել է. «14.06.09 թ. «Արարատ»-«Բանանց» խաղի ժամանակ խախտվել է ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 10-րդ հոդվածի 1.ա կետը եւ «Արարատ» թիմի կազմում խաղին մասնակցել են որակազրկված երկու ֆուտբոլիստներ՝ Գեւորգ Պրազյանը եւ Սերգեյ Էրզրումյանը, որի համար, ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն՝ «Արարատ» թիմին գրանցել տեխնիկական պարտություն (0:3), «Արարատ» ակումբին տուգանել 100 000 դրամ»: Նշենք, որ 12-րդ տուրի այդ խաղում «Բանանցը» հաղթել էր 2:0 հաշվով:

Սա դեռ բոլորը չէ: ՀՖՖ մամուլի քարտուղարության նույն օրվա կայքէջում տեղեկացվում է նաեւ կարգապահական կոմիտեի նիստի մեկ այլ որոշման մասին. «14.06.09 թ. «Քասախի մարզիկ-95»-«Արարատ-95» խաղին «Արարատ-95» թիմի չներկայանալու համար (երկրորդ դեպք), ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «Արարատ-95» թիմին հանել առաջնությունից եւ «Արարատ» ակումբին տուգանել 50 000 դրամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել