Կանադական քաղաքացիություն ունեցող Newsweek ամսագրի թղթակիցը ձերբակալվել է իրանական իշխանությունների կողմից: Մազիար Բախարիի գործընկերները հայտնել են, որ լրագրողը Իրանում է ապրում արդեն 10 տարի, եւ այդ ընթացքում համագործակցել է երկրի իշխանության հետ, իսկ նրա ռեպորտաժներն աչքի են ընկել ազնվությամբ եւ հավասարակշռությամբ: Հունիսի 14-ից սկսած, Իրանում ձերբակալվել է առնվազն 23 լրագրող եւ բլոգեր: «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը հրապարակել է նրանց անունները եւ պահանջել միջազգային հանրությունից ուշադրություն դարձնել խոսքի ազատության բնագավառում Իրանում տիրող իրավիճակին: Կիրակի օրը այդ երկրի իշխանությունները պահանջել են, որպեսզի BBC-ի թղթակից Ջոն Լայնին 24 ժամում լքի Իրանի տարածքը: Այդ որոշումը հիմնավորվում է նրանով, որ Լայնին, իբր, սատարում էր անկարգությունների կազմակերպիչներին: Իրանի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի պետական հեռուստառադիոընկերություններն իրենց առջեւ դրել են երկու նպատակ՝ սրել միջէթնիկ հարաբերությունները եւ նպաստել Իրանի փլուզմանը: Հունիսի 12-ին Իրանում սկսված անկարգություններից հետո երկրի իշխանություններն արգելել են արտասահմանցի թղթակիցներին լուսաբանել այն միջոցառումները, որոնք չեն թույլատրվում ներքին գործերի նախարարության կողմից: Ուժեղացել է նաեւ ճնշումը տեղական լրատվամիջոցների վրա: