Դանիայի նախկին գաղութ Գրենլանդիան հունիսի 21-ին ինքնիշխանություն է հռչակել: Այդ քայլի հիմքն էր դրել 2008-ի նոյեմբերին անցկացրած հանրաքվեն, երբ աշխարհի խոշորագույն կղզու բնակիչները կողմ արտահայտվեցին ինքնավարությանը: Գրենլանդիայի ինքնիշխանությունը ենթադրում է ոստիկանության եւ դատարանների անցումը տեղական կառավարության իրավասության տակ, գրենլանդական լեզուն կդառնա պաշտոնական, իսկ գրենլանդացիները միջազգային իրավունքի կողմից դիտվելու են որպես առանձին ժողովուրդ: Միաժամանակ՝ կղզու պաշտպանության ու արտաքին գործերը շարունակելու է տնօրինել Դանիան: Գրենլանդիան ունի նավթի, գազի, ոսկու եւ ադամանդի զգալի պաշարներ: Առայժմ այդ հարստությունները մատչելի չեն, քանի որ կղզու մեծ մասը ծածկված է սառույցով, սակայն գլոբալ տաքացումը կարող է փոխել իրավիճակը: Գրենլանդիայի անկախության կողմնակիցները գտնում են, որ օգտակար հանածոներից եկամուտներ ստանալու դեպքում հնարավոր կլինի կղզու վերջնական անկախացումը Դանիայից: Այժմ Գրենլանդիայի բյուջեի մոտ 30%-ն ապահովում են Դանիայի հարկատուները: