Երեկ առավոտյան Նազրան-Մագաս մայրուղում մահափորձ է կատարվել Ինգուշեթիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովի վրա: Նրա շարասյան մեջ մխրճվել է մահապարտ ահաբեկչի մեքենան: Պայթյունի արդյունքում վիրավորվել է 3 եւ մահացել է 1 հոգի: Եվկուրովը բուժման նպատակով տեղափոխվելու է Մոսկվա՝ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռով: Ըստ բժիշկների՝ Ինգուշեթիայի նախագահի առողջական վիճակը տագնապալից է: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մահափորձը կապված էր Եվկուրովի պրոֆեսիոնալ գործունեության հետ: Մեդվեդեւը հանձնարարել է ուժայիններին վերահսկողության տակ պահել գործի քննությունը: Եվկուրովի դեմ մահափորձը կատարվել է Ինգուշեթիայի վրա հարձակման տարելիցի օրը. 2004 թվականի հունիսի 22-ին մի խումբ գրոհայիններ հարձակվել էին հանրապետության կառավարական շենքերի եւ ուժային կառույցների ներկայացուցիչների վրա: Ներխուժման ընթացքում գրոհայինները սպանել էին մոտ 100 հոգու, նույնքանին վիրավորել: Հանցագործներին հաջողվել էր հեռանալ Ինգուշեթիայից՝ իրենց հետ վերցնելով երկու բեռնատար հափշտակած զենք: