Գերմանացի երաժիշտները ներկայացնում են մեր կոմպոզիտորներին
Հաճախ ենք դժգոհում այն մասին, որ հայ կոմպոզիտորների երկերը չեն կատարվում, իսկ Հայաստանում գործող կոլեկտիվները, որոնց գլխավոր խնդիրը ազգային դասական երաժշտության քարոզումն է, զբաղված են հիմնականում համաշխարհային դասական ու ժամանակակից երկերի կատարումներով: Փաստը խիստ անհանգստացնող է, դժգոհությունն էլ՝ տեղին: Հազվադեպ, բայց լինում են նաեւ դեպեր, որ թեկուզ արտերկրյա դիրիժորների ու երաժիշտների միջոցով հնչեցնում են հայ երաժշտություն: Նման համերգներից մեկը կկայանա «Ա. Խաչատրյան» համերգասրահում, հունիսի 26-ին, որտեղ կկատարվեն Աշոտ Զոհրաբյանի «Նվիրում Մեծարենցին», Տիգրան Մանսուրյանի Թավջութակի թիվ 2 կոնցերտը, Ավետ Տերտերյանի Թիվ 5 սիմֆոնիան՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստների, գերմանացի երաժիշտների, դիրիժոր Պիեռ -Դոմինիկ Պոնելի, թավջութակահարուհի Անյա Լեխների եւ քամանչահար Հակոբ Խալաթյանի համատեղ ուժերով: Համերգը կգումարվի Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միավորման կողմից ամենամյա փառատոն-համերգների ավանդույթներին: Մանավանդ վերջին ժամանակներում մեր նվագախմբերը ոչ միշտ են անդրադառնում ժամանակակից հայ դասական երաժշտությանը, ինչի պատճառով էլ կոմպոզիտորներից շատերն իրենց ստեղծագործությունների առաջին կատարումներն իրականացնում են երկրից դուրս, այսպես խորացնելով հիասթափությունը ոչ միայն կոմպոզիտոր-կոլեկտիվի, այլեւ անջրպետ ստեղծելով ունկնդրի ու հանդիսատեսի միջեւ:
«Առավոտը» ժամանակին ներկայացրել է զրույց գերմանացի դիրիժոր Պիեռ-Դոմինիկ Պոնելի եւ թավջութակահարուհի Անյա Լեխների հետ: Հերթական փորձի ժամանակ հանդիպեցինք ժամանակին չորս տարի Հերբերտ ֆոն Կարայանի մոտ ուսանած դիրիժորին եւ ժամանակակից կոմպոզիտորների, մասնավորապես՝ Տ. Մանսուրյանի երկերով CD թողարկած թավջութակահարուհուն:
Մեզ հետ զրույցում երաժիշտներն ասացին, որ իրենց նպատակն էր առաջինը Հայաստանում, հետո՝ Եվրոպայում մի ամբողջ համերգային ծրագիր ներկայացնել՝ կազմված հայ կոմպոզիտորների երկերից: «Ինձ բախտ չի վիճակվել անձամբ ծանոթ լինել Տերտերյանի հետ, սակայն նրա այրու՝ երաժշտագետ Իրինա Տիգրանովայի մատուցմամբ ըմբոշխնել եմ տերտերյանական երաժշտության ողջ հմայքը: Ինչ վերաբերում է Մանսուրյանին եւ Զոհրաբյանին, փառք Աստծո, նրանց անձամբ եմ ճանաչում. շուրջ տասը տարի շարունակվում է մեր համագործակցությունը»,- ասաց դիրիժորը, հավելեց նաեւ, որ երկարատեւ այցով է գտնվում Հայաստանում, քանի որ հուլիսի 20-ին՝ մեծանուն նկարչի ծննդյան օրը, Կամերային երաժշտության տանը առաջին անգամ կհնչի իր «Մինասին» կվարտետը՝ հայաստանցի երաժիշտների մատուցմամբ: