Ա. Ափինյանը հաշվում է նրա թերությունները, Էդ. Միլիտոնյանը՝ արժանիքները
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «Նոր դար» ամսագրի տնօրեն Աբգար Ափինյանը եւ ՀԳՄ քարտուղար, ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը: «Հայելիի» վարող Անժելա Թովմասյանը խնդրեց զրույցը չանձնավորել եւ չխոսել միայն ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի մասին, սակայն նրա ցանկությունն այդպես էլ չիրականացավ:
Ա. Ափինյանը շեշտեց, որ, ի տարբերություն Լ. Անանյանի, լավ հարաբերությունների մեջ է Էդ. Միլիտոնյանի հետ, ու հայ գրողներին խանգարում է միայն Լեւոն Անանյանը. «Եթե այդ մարդը չքվի ասպարեզից, եղբայրությունն ու հաշտությունը կտիրի Գրողների միությունում, շանտաժ ու ստորություն չի լինի, Հրաչյա Սարուխանի նման բարձր անհատականությունը չի հեռացվի աշխատանքից, միջակությամբ չի լցվի գրական դաշտը, բոլորը կսիրեն մեր ազգի լավագույն գրողներին եւ գրականությունը… Մինչդեռ գրողներն այսօր զբաղված են ոչ թե գրական գործունեությամբ, այլ ուրիշ գործերով. դատախազությունը նյութեր է պահանջել մարտի 20-ի համագումարի մասին… Սարգիս Կարեյանին իր կարծիքն արտահայտելու համար Անանյանի հանձնարարականով հարվածել են, ու հիմա դատախազությունը զբաղվում է Անանյանով»:
Էդ. Միլիտոնյանը, սակայն, այն կարծիքին է, որ մի հոգին չի կարող խանգարել միությանը, ինչքան էլ, Ա. Ափինյանի բնորոշմամբ, լինի բացասական. «Կազմակերպչական որոշ առումներով գուցե խանգարիչ բաներ ունենա, բայց չի կարող խանգարել, որ մարդը իր գիրքը գրի եւ բարձր բարոյական ու քաղաքացիական կերպար լինի»:
Էդ. Միլիտոնյանը, շարունակելով խոսքը, դրվատանքով խոսեց ՀԳՄ Լոռու մասնաճյուղի նախկին ղեկավար Հրաչյա Սարուխանի մասին: «Առավոտի» դիտարկմանը, որ Սարուխանին այժմ փոխարինել է Մանվել Միկոյանը՝ մարդ, որը մարզպետարանի պաշտոնաթերթի խմբագիրն է ու, փաստորեն, չինովնիկ լինելը նրան կկաշկանդի շատ հարցերի մասին ազատորեն արտահայտվելիս, պարոն Միլիտոնյանը պատասխանեց. «Ամեն դեպքում կայացել է քվեարկություն, մարդիկ ընտրել են նրան: Ավելի լավ է մարդիկ ընտրեն, հետո հասկանան, որ սխալ են արել, քան նրանց մեկը ուղղորդի»: Բանախոսը, խոսելով գրողական խնդիրների մասին, նաեւ անկեղծացավ. «Գրական մրցանակների խնդիրը ցավագին արձագանքներ է գտնում: Ինքս էլ տեսնում եմ, որ հաճախ հանձնաժողովը ոչ բարձր մակարդակով է կարողանում ընտրություն կատարել, բայց այդ ամենը չպետք է միայն մի անձի վերագրել: Եթե հանձնաժողովը վատ գիրք է ընտրել, ուրեմն հանձնաժողովի ամեն անդամ պիտի ամոթ զգա»:
Ա. Ափինյանը, գրողների բոլոր անհաջողությունները կապելով միմիայն Լ. Անանյանի հետ, հիշեց նախորդ ընտրությունները, իր ձեւակերպմամբ՝ թույլ տրված կանոնադրական կոպիտ խախտումները. «2001թ. 11 հոգին, որ ՀԳՄ անդամ չէին, քվեարկեցին Անանյանի օգտին, 2005-ին փակ քվեարկության փոխարեն բաց քվեարկություն կայացրին: Նման բաները չգրող Անանյանը բերեց դաշտ: 2001-ին իմ տեղակալներ Գուրգեն Խանջյանին ու Արտաշես Ղազարյանին ծեծեցին դահլիճի դռան մոտ… Միությունն այսօր էլ գնում է սխալ ճանապարհով: Վերջապես՝ Լեւոն Անանյանի դեմ մամուլում 164 հոդված է գրվել, ախր սա վարկաբեկում է Գրողների միությունը…»:
Էդ. Միլիտոնյանը կրկին նեղսրտեց, որ ամեն ինչ անձնավորվում է, եւ ասաց, որ եթե անգամ լուրջ գրող առաջադրի իր թեկնածությունը ՀԳՄ նախագահի պաշտոնի համար, հնարավոր է չանցնի. «Մեր գրականության դաշտում լավ գրողին բոլորը չէ, որ սիրում, հարգում են ու դնում գլխներին: Եվ հետո պարտադիր չէ, որ լավ գրողը կազմակերպչական ջիղ ունենա: Մեր գրողների կեսը տարիքն առած հիվանդ մարդիկ են, ամեն մարդ չի, որ կարող է իր օրը տրամադրել, օրինակ, նրանց այցելելով: Բացի դրանից, ամեն գրող չէ, որ երազում է միության նախագահ դառնալ: Մյուս կողմից, դեմ չեմ, որ նախագահի կերպարը պետք է միավորող լինի, բոլորին մղի գրականության շահով ապրել»:
Մեր հաջորդ հարցին՝ համամի՞տ է արձակագիր Նորայր Ադալյանի այն մտքին, որ գորշությունն այսօր շրջափակել է Գրողների միությունը, Էդ. Միլիտոնյանը պատասխանեց. «Իհարկե, դա իր կարծիքն է, բայց գորշություն կա, եւ բոլոր ժամանակներում էլ միշտ եղել են մի տասը գրող ու նրանց կողքին ինչ-որ գրական միջավայր, որին ոմանք գորշություն են անվանում: Մեր խնդիրն է՝ լավ գրողներին զատել ու նպաստել նրանց ճանաչմանը»:
Մեր հաջորդ դիտարկմանն էլ՝ համառ են այն խոսակցությունները, որ փաստաթղթերով պետպատվերով գրքերը տպագրված են, բայց իրականում չկան, մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետը պատասխանեց. «Նման բան հնարավոր չէ, եթե լիներ, գոնե Աբգար Ափինյանը կվկայեր: Այդ գրքերը ընդունվում են, հանձնվում «Գիրք» հիմնադրամ ու մի հոգի չէ դրանցով զբաղվում: Չեմ ժխտում՝ կան հրատարակիչներ, որոնք պետպատվերով գրքերի հրատարակման ժամկետների մեջ թերանում են, ինչի համար տույժ-տուգանքներ են մուծում՝ ըստ պետական կարգի»:
Խոսելով հուլիսի 4-ին կայանալիք համագումարից՝ Էդ. Միլիտոնյանն ասաց, որ սպասվում են վերջին 4 տարվա գրական-ստեղծագործական աշխատանքի մասին ամփոփիչ եւ ազատ ելույթներ. «Ինձ էլ դուր չի գալիս այն մթնոլորտը, որ մեկը մյուսից դժգոհում է, դուր չեն գալիս դատական քաշքշուկները: Պիտի գիտակցել, որ ստեղծագործողները կարող են լինել ե՛ւ դառը, ե՛ւ քաղցր: Այնպես որ, եկեք ոմանցից հրեշտակներ չձեւենք»: Ա. Ափինյանն էլ հայտարարեց, որ դա իր եւ իր համախոհների հաղթանակն է, որ այս տարի է համագումարը կայանում եւ ոչ թե 2010-ին, ինչպես ցանկանում էր Լ. Անանյանը. «Ուրախ եմ, որ մենք առաջին հաղթանակը տարանք՝ արդարադատության նախարարությունը հիմնովին սխալ է համարել Անանյանի որոշումները: Այդ մարդը 8 տարի գործել է անօրինական դաշտում: Նա համագումարի համար հայտարարել էր 2010 թիվը, որը իր հակականոնադրական եւ հակասահմանադրական արարքներից մեկն էր»: