Հունիսի 24-ից հուլիսի 2-ը ԳԹԿ-ն կհայտագրի պետական ավարտական եւ միասնական լրացուցիչ քննություններին մասնակցելու ցանկություն եւ իրավունք ունեցողներին:
Այսօր ավարտվեցին Հայաստանի տարածքում անցկացվող միասնական պետական եւ ավարտական քննությունները: Վերջինն այդ շարքում ռուսաց լեզվի քննությունն էր: «Առավոտը» պարբերաբար ներկայացրել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնից ստացված տեղեկությունները, թե որ առարկայից ինչ գնահատականներ են ստացել մեր շրջանավարտները: Եվ այդ տվյալների մեջ աչքի էր զարնում այն, որ միասնական քննությանը մասնակցելու դիմում-հայտ ներկայացրած դիմորդների թիվը հիմնականում տարբերվում է քննությանը մասնակցածների թվից: Տարբեր քննությունների ժամանակ տարբեր քանակով (ընդհուպ մինչեւ մի քանի հարյուր) շրջանավարտ բացակայում էր քննությունից: Ինչ վերաբերում է ավարտականին, ապա, ցավոք, կային շրջանավարտներ, ովքեր կոնկրետ առարկայից հայտագրվել էին եւ հանձնել էին միասնական պետական քննություն, սակայն չէին հաղթահարել դրական շեմը ոչ միայն թեստի միասնական տարբերակով (թեստի Ա+Բ մասերը), այլեւ՝ անգամ ավարտական (թեստի միայն Ա մասը): Ու փաստորեն, նրանք նաեւ ավարտական քննությունն են տապալել:
Առաջիկայում սպասվում են լրացուցիչ քննությունները, եւ այդ կապակցությամբ «Առավոտը» բազմաթիվ զանգեր է ստանում շրջանավարտներից եւ նրանց ծնողներից: Այդ հարցերի պատասխանները ստանալու համար դիմեցինք ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանին: Մասնավորապես, մեր ընթերցողներին հետաքրքրում է, թե ե՞րբ է սկսվելու լրացուցիչ քննությունների հայտագրման փուլը, եւ ովքե՞ր իրավունք ունեն մասնակցելու այդ քննություններին: Ինչպես պարզաբանեց Գ. Մանուկյանը. «Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից հուլիսի 2-ը սկսում է պետական ավարտական եւ միասնական լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը: Դիմում-հայտերը լրացվում եւ ընդունվում են ԳԹԿ-ում՝ ժամը 10:00-17:30 (Այգեստան 9/4- Մ. Բ.): Պետական ավարտական լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել հիմնական փուլում անցկացված քննություններին չմասնակցած շրջանավարտները, միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները, 2 առարկայից ոչ ավելի պետական ավարտական քննություններից անբավարար ստացած շրջանավարտները: Այն շրջանավարտները, որոնք չեն հայտագրվել պետական ավարտական քննություններին, իրենց դպրոցներում պետք է ներկայացնեն դիմում տնօրենի անունով, իսկ ավարտական քննություններից անբավարար ստացած կամ միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները պետական ավարտական քննություններին (վերաքննություններին) մասնակցելու համար նոր դիմում չեն լրացնում: Ինչ վերաբերում է պետական միասնական լրացուցիչ քննություններին, ապա դրան կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2009թ. զորացրվածները, Սփյուռքի շրջանավարտները, միասնական քննության հիմնական՝ 1-ին փուլին (հունիսի 2-23-ը կայացած- Մ. Բ.) հարգելի պատճառով բացակայածները, նրանք, ովքեր առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չէին հայտագրվել, նաեւ՝ բողոքարկման հանրապետական հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները»:
Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե ի՞նչ է պահանջվում ներկայացնել դիմում-հայտը լրացնելու համար, ի՞նչ փաստաթղթերով «զինված» պիտի շրջանավարտները գնան ԳԹԿ: Գ. Մանուկյանը տեղեկացրեց. «Անհրաժեշտ է ներկայացնել յուրաքանչյուր քննության համար վճարված 1500 դրամի անդորրագիր, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, 3X4 սմ չափի լուսանկար: Նշեմ, որ միասնական քննությունների վճարից ազատվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները, առաջին ու երկրորդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան անձինք: Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության գրքույկի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունների կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները»:
Հ. Գ. ԳԹԿ-ից տեղեկացանք նաեւ հունիսի 16-ին կայացած ֆիզիկայի միասնական պետական քննության արդյունքների մասին: Դատելով դիմորդների ստացած միավորներից՝ ֆիզիկայի քննությունն ամենաբարդն է եղել: Դրական շեմը չի հաղթահարել մասնակիցների գրեթե 1/3-ը: Մասնակցության հայտ ներկայացրած 4725 շրջանավարտներից քննությանը ներկա է եղել 4537-ը: Միասնական քննության միջին միավորը 10,1-ն է: 17,5-20 միավոր ֆիզիկայից ստացել է 234 դիմորդ (քննությանը մասնակցածների ընդամենը 5,16%-ը), 13,5-17,25 արդյունք է ցույց տվել 844 դիմորդ (18,6%), 7,5-13,25 միավոր է հավաքել գրեթե կեսը՝ 2152 դիմորդ (47,43%-ը): Իսկ անբավարար ստացածները կազմել են մասնակիցների գրեթե 28,81%-ը՝ 1307 շրջանավարտ: Ամենաբարձր՝ 20 միավոր հաջողվել է ստանալ միայն 9 դիմորդի: