Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒՔԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հունիս 23,2009 00:00

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

\"\"Արդեն երեք տարի է՝ հանրապետությունում անցկացվում են դպրոցի ավարտական եւ բուհական ընդունելության միասնական քննություններ: Դա, անշուշտ, ողջունելի եւ առաջադիմական միջոցառում է: Միասնական քննությունների անցկացման ժամանակ կրթական համակարգի ղեկավարները հայտարարում էին, թե այն կբարձրացնի հանրակրթական դպրոցի հեղինակությունը, կվերացնի կրկնուսուցման անհրաժեշտությունը: Սակայն երեք տարվա փորձը ցույց տվեց, որ այդ բարի ցանկությունները մնացին օդի մեջ, եւ դպրոցը աստիճանաբար հեղինակազրկվում է, իսկ կրկնուսուցման համակարգը ոչ միայն չի վերանում, այլեւ ընդհակառակը՝ խորանում ու ահագնանում է: Դրա գլխավոր պատճառը կրթական համակարգը տնօրինող որոշ ղեկավարների, մեղմ ասած, սխալ քաղաքականությունն է: Ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ տասը տարի մայրենի լեզու ուսումնասիրած, կրկնուսույցների մոտ լրացուցիչ պարապած դպրոցական 12 հազարից ավելի շրջանավարտներից միայն 12 հոգի են ստանում բարձրագույն միավորը, իսկ մայրենի լեզվի միջին գնահատականը 11,4 միավոր է: Փաստը հուշում է, որ կա՛մ դպրոցն է անպետք, կա՛մ քննական համակարգը:

Մենք՝ հանրապետության բազմափորձ ուսուցիչներս, կարծում ենք, թե շան գլուխը թաքնված է նոր քննակարգի գործադրման մեթոդների խեղաթյուրման մեջ: Խոսենք փաստերով:

Թեստերի կազմումը եւ քննությունների ղեկավարումը տարիներ շարունակ հանձնարարվում է նույն մարդկանց, ովքեր դպրոցի հետ ոչ մի առնչություն չունեն, կրկնուսույցներ են եւ տարեկան 50-60 դիմորդի հետ մասնավոր պարապում են առասպելական գներով: Կրկնուսուցումը, անշուշտ, հանցանք չէ, բայց դրանով զբաղվող մարդկանց պետք է տասնյակ մղոններով հեռու պահել քննություններից եւ թեստագրության ընթացքից (Յու. Ավետիսյան, Ս. Գրիգորյան, Հ. Զաքարյան, Ս. Սպրապիոնյան, եւ այլք): Կրթության ու գիտության նախկին նախարարների թեթեւ ձեռքով մոնոպոլիզացնելով թեստագրության, քննությունների ղեկավարման ու բողոքարկման գործընթացը, այլանդակել են այն՝ դարձնելով իրենց եւ այլ անձանց շահույթի աղբյուր: Դա կատարվում է ամեն տարի թեստերի բարդացման, դրանցում ծուղակներ եւ որոգայթներ մտցնելու, ոչ ծրագրային թեմաներ ու հարցեր ներգրավելու միջոցով: Իրենք էլ դա չեն թաքցնում:

ԳԹԿ-ում կայացած հանդիպման ընթացքում, տարբեր հեռուստահաղորդումների ժամանակ Ս. Գրիգորյանը եւ Յու. Ավետիսյանը հայտարարեցին, որ իրենք թեստերը բարդացնելու հանձնարարություն էին ստացել, իսկ Յու. Ավետիսյանի կարծիքով՝ աշակերտությունը պիտի իմանա, թե ում մոտ պետք է պարապել: Դպրոցի վարկաբեկմանն է ուղղված նախարարության կողմից հաստատված ծրագրերի ու դասագրքերի արհամարհումը: Յու. Ավետիսյանի ու Հովհ. Զաքարյանի՝ սիրողական մակարդակի, անճշտություններով եւ կամայական մեկնաբանություններով լի, ոչ մեկի կողմից չերաշխավորված ձեռնարկաշարի գովազդը, թեստերը դրանց հիման վրա կազմվելու մասին հայտարարությունները դրա փայլուն ապացույցներն են: Վերոհիշյալ ձեռնարկները տասնյակ հազարավոր օրինակներով սպառվում են, իսկ շատ ծնողներ պահանջում են դասերը վարել դրանցով: Գաղտնիք չէ, որ թեստագիրները նախարարության լուռ կամ բացահայտ թողտվությամբ ամեն տարի բարդացնում են թեստերը, որպեսզի ավելի շատ դիմորդներ գնան մասնավոր պարապելու: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ թեստերն այն տեսքով, ինչպես որ հիմա կան, բնավ չեն նպաստում ո՛չ լեզվի, ո՛չ էլ գրականության իմացության ստուգմանը: Դրանք ավելի շատ կվայելեն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին: Ո՞վ է որոշել, թե հայերենի 150-200 հազար բառերից քանիսը պիտի իմանա դպրոցի շրջանավարտը: Հարգելի պարոնները պետք է հաշվի առնեին, որ կան բառապաշարային շերտեր: Եթե դպրոցականն այդ բոլորն իմանա, ապա ի՞նչ պիտի սովորի մասնագիտական բուհում: Վերցնենք հենց սակավապետ բառը: Թեստագիր-գիտնական ընկերներից քանի՞սն են գործածում դա իրենց խոսքում: Այդ բառը վարչապետ, թաղապետ եւ նման բառերի կողքին դնելն իրոք ծուղակ է: Ցավալի է, որ «Յու. Ավետիսյան, Ս. Գրիգորյան եւ ընկ.» ՍՊԸ-ն հակված չէ ընդունելու իր սխալները: Ավելին: Ընդդիմախոսներին նրանք որակում են «անգրագետ», «տգետ» ածականներով, իսկ քննադատությունը համարում «զառանցանք»: Երկու տարի է՝ հոլովվում է խորագույն սխալագրությունը՝ այն համարելով ճիշտ: Այդ դեպքում մի՞թե ճիշտ են լայնագույն, երկարագույն, կարճագույն եւ նման բառերը: Հարգելի գիտնականները չգիտե՞ն, որ կան դիպվածաբանություն կոչվող բառեր, որոնք անտրամաբանական են եւ ընդունելի չեն: Ի՞նչ կարիք կա համառորեն պնդել, թե երբ են «Փարվանա» բալլադի կտրիճները թիթեռ դառնում՝ մինչեւ կրակին հասնե՞լը, թե՞ դրանից հետո: Մի՞թե գրականություն իմանալն այն է, որ պարզեն՝ կրակից մեկ մե՞տր, թե՞ մեկ կիլոմետր հեռվում են թիթեռ դառնում: Կամ՝ «Խմբապետ Շավարշը» դասագրքում կա, ու չտարբերել դասագիրքը ծրագրից: Չենք խոսում լեզվական բազմաթիվ ծուղակների մասին, որոնցում կողմնորոշվելու համար ստուգաբանություն է անհրաժեշտ: Ո՞վ կարող է հավատալ, թե Հայաստանի դպրոցների շրջանավարտները օտար լեզուներ ավելի լավ գիտեն, քան հայերեն: Մինչդեռ քննությունների արդյունքները այդ են արձանագրել: Մեր այս ելույթի նպատակը 0.25 կամ 1 միավորով քննական նիշը բարձրացնելու կամ շեմային դարձնելու ձգտումը չէ, այլ ավարտական եւ ընդունելության միասնական քննությունները դպրոցական դասընթացի շարունակություն ու ամփոփում դարձնելու պահանջը, քննությունները «դուքան դարձրած» անձանցից ազատելը, թեստագրության գործին ազնիվ, անկողմնակալ, դպրոցին ծանոթ գիտաշխատողներին եւ ուսուցիչներին մասնակից դարձնելու պահանջը:

Ներկա իրավիճակը վարկաբեկում է դպրոցը, աշակերտների մեջ հակակրանք առաջացնում մայրենի լեզվի եւ գրականության նկատմամբ: Իսկ դա արդեն ազգային անվտանգության խնդիր է. ով չի սիրում իր մայրենին, նա չի սիրի իր հայրենիքը եւ իր պետությունը: Կոչ ենք անում սատար կանգնել մայրենի դպրոցին, մայրենի լեզվին ու գրականությանը:

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներ՝

Երեւանի թիվ 55 դպրոց՝ Ս. Աբազյան, Ն. Սադոյան, Ֆ. Գառնիկյան, Ա. Արսենյան, Ն. Միրզոյան, Երեւանի թիվ 129 դպրոց՝ Բ. Ստեփանյան, Ջ. Հայրապետյան, Մ. Ավետիքյան, Է. Սարգսյան, Ժ. Գրիգորյան, Է. Ավետյան, Երեւանի թիվ 63 դպրոց՝ Կ. Ղալթախչյան, Լ. Գասպարյան, Ն. Ադամյան, Երեւանի թիվ 21 դպրոց՝ Գ. Հայրունի, Մ. Սարգսյան, Վ. Սեդրակյան, Գ. Անդրեասյան, Թ. Բադեյան, Ա. Ադամյան, Երեւանի թիվ 132 դպրոց՝ Է.Հայրապետյան, Հ. Նազարյան, Երեւանի թիվ 49 դպրոց՝ Մ. Բուդոյան, Երեւանի թիվ 172 դպրոց՝ Հ. Դալլաքյան, Երեւանի թիվ 51 դպրոց՝ Տ. Հակոբյան, Է. Վարդանյան, Երեւանի թիվ 50 դպրոց՝ Ա. Գրիգորյան, Երեւանի թիվ 5 դպրոց՝ Ա. Մկրտչյան, Երեւանի թիվ 75 դպրոց՝ Ս. Բալյան, Երեւանի թիվ 31 դպրոց՝ Ն. Օհանյան, Երեւանի թիվ 4 դպրոց՝ Լ. Մկրտչյան, Երեւանի թիվ 151 դպրոց՝ Մ. Մովսիսյան, Վ. Բաղդասարյան, Ն. Գրիգորյան, Մ. Ալեքսանյան, Երեւանի թիվ 147 դպրոց՝ Ա. Շախկուլյան, Երեւանի թիվ 92 դպրոց՝ Գ. Ղարիբյան, Երեւանի թիվ 198 դպրոց՝ Ն. Գալստյան, Վանաձորի թիվ 28 դպրոց՝ Կ. Քոչարյան, Արտաշատի թիվ 1 դպրոց՝ Ժ. Վարժապետյան, Գ. Ազիզյան, Կ. Մովսիսյան, Ապարանի թիվ 1 դպրոց՝ Ս. Կիրակոսյան, Պտղունքի դպրոց՝ Խ. Արամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել