Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱՆ-ն՝ ընդդեմ ջավախահայ ուսուցիչների

Հունիս 23,2009 00:00

«Ա-Ինֆո» գործակալությունը հաղորդում է, որ, Ախալքալաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն, երկրի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները խստիվ արգելել են Վրաստանի հայ ուսուցիչներին մասնակցել Հայաստանում անցկացվելիք վերապատրաստման աշխատանքներին: Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդությունից գործակալությանը տեղեկացրել են, որ վերապատրաստման ծրագիր, իրոք, եղել է ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ, որի շրջանակներում վրաստանաբնակ մոտ 150 հայ ուսուցիչներ պետք է Հայաստանում հայ եկեղեցու պատմության դասընթացներին մասնակցեին: Այս տարի ծրագրին մասնակցելու էր մոտ 80 ուսուցիչ, մյուսները՝ եկող տարի:

Սակայն Վրաստանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները հայկական դպրոցների ուսուցիչներին խստիվ զգուշացրել եւ պահանջել են հրաժարվել Հայաստանում վերապատրաստման դասընթացներին մասնակցության մտադրությունից: Մանկավարժներին զգուշացվել է, որ եթե նրանք մեկնեն, ապա հետագայում խնդիրներ կունենան, քանի որ «նրանց Հայաստան տանելն իրականում այլ նպատակ է հետապնդում»: Այս խոսքերից ուսուցիչներն այնքան են վախեցել, որ անգամ խուսափում են եկեղեցի այցելել: Ըստ ջավախեցիների, եթե տարիներ առաջ ազգային անվտանգության նախարարությունը գործում էր որոշակիորեն զուսպ, ապա այժմ սկսել է բացահայտորեն միջամտել նույնիսկ կրթական բնույթ ունեցող նախագծերի իրականացմանը: Այս ծառայության նման կոպիտ պահվածքն ու անհարկի միջամտությունը մեկ անգամ եւս վկայում է, որ նման քայլերով պարզապես ուզում է արջի ծառայություն մատուցել երկրի իշխանություններին: Ջավախքում խոսակցություններ են շրջում, թե նման միջամտություններն իրականում նպատակ ունեն ճնշել եւ ոտնահարել հայ եկեղեցու իրավունքները՝ փոխարենը ուժ եւ իշխանություն տալով վրաց եկեղեցուն:

Տեղի ունեցածի մասին ջավախահայերը տեղեկացրել են Վրաստանի ԿԳ նախարարությանը եւ ակնկալում են նախարարի դրական պատասխանը:

Ի դեպ, հունիսի 19-ին ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախագահ, Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին վրացի սահմանապահներն արգելել են մուտք գործել Վրաստանի տարածք՝ առանց բացատրություններ տալու: Ըստ «Միտք» վերլուծական կենտրոնի, տեղի ունեցածը վկայում է «վրացական պետության խուճապահար, լկտի պահվածքը Հայոց պետության նկատմամբ, վրացական պետության մշտնջենական ոչ բարեկամական դրսեւորումների հերթական ապացույցը: Ելնելով այն հանգամանքից, որ Շիրակ Թորոսյանը ծնունդով Ջավախքի Գանձա գյուղից է, կապված է իր հայրենի հող ու ջրի հետ, ունի այնտեղ բազմաթիվ հարազատ-բարեկամներ՝ նրան Վրաստանի տարածք մտնել արգելելու փաստը նաեւ համարում ենք վրացական պետության կողմից Շիրակ Թորոսյանի անձին բարոյական վիրավորանք հասցնելու, մարդկային արժանապատվությունը ոտնահարելու քայլ: Պահանջում ենք, որ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին իր առաջիկա այցի ընթացքում պաշտոնապես ներողություն խնդրի ինչպես Շ. Թորոսյանից, այնպես էլ՝ բազմահազար ջավախահայերից, որոնք յուրաքանչյուր օր նվաստացվում են ՀՀ-Վրաստան սահմանային բոլոր անցակետերում»:

Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանում է պահանջել Վրաստանից Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի մուտքը երկիր մերժելու առնչությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել