Կրկին՝ Ահարոն Ադիբեկյանի եւ «նրա շուրջ»
Սկզբում իրենց լուրջ մասնագետ համարող սոցիոլոգները ծիծաղում էին, այսպես կոչված, սոցիոլոգների եւ նրանց իրականացրած «սոցիալական հարցումների» վրա, որոնց հիմնավորվածությունն ու գիտականությունը իսկապես որ զրո է: Ծիծաղը` ծիծաղ, սակայն վերջապես իրենց լուրջ մասնագետ համարող սոցիոլոգները հասկացան, որ իսկապես ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում: Ու մինչ իրենք զբաղված էին քամահրական ծիծաղներով եւ խորագույն ուսումնասիրություններով, դաշտը զբաղեցրել են իրենց սոցիոլոգ հռչակած մարդիկ եւ արդեն նրանք են ծիծաղում իրենք իրենց լուրջ մասնագետ համարողների վրա՝ եւս մեկ անգամ ապացուցելով, թե ինչքան կարեւոր է հրապարակային լինելու կարողությունը մեր օրերում: Թերեւս ոչ պակաս կարեւոր է, քան խորաքնին հետազոտություններ անցկացնելը: Իսկ այս փաստն ինձ ավելի քան ակնհայտ դարձավ վերջին մի քանի օրերին, երբ Հայաստանում անցկացվում էր Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի համաշխարհային սոցիոլոգիական կոնգրեսը, որին իսկապես որ համաշխարհային հռչակ վայելող սոցիոլոգներ էին մասնակցում: Մասնակցում էին նաեւ հայ սոցիոլոգներ: Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից: Շուրջ հինգ հարյուր հոգի: Բայց այս իրադարձությունը մնաց ստվերված: Այն շատ ավելի քիչ հրապարակային ռեզոնանս առաջ բերեց, քան, ասենք, Ադիբեկյանի ինչ-որ մի ասուլիսը, որում նա արդեն որերորդ անգամ կրկնում է ինքն իրեն: Ուրեմն ինչն է պատճառը, որ երբ եզակի հնարավորություն կա ներկայացնելու Հայաստանում գտնվող Էմանուել Վալերշտայնին, որի գրքերը դարձել են դասական, կամ ամերիկահայ սոցիոլոգ Էդվարդ Թիրիաքյանին, որը խորությամբ ուսումնասիրել է ազգային գաղափարախոսության առանձնահատկությունները եւ համաշխարհային հռչակ ունի սոցիոլոգիայի բնագավառում, այս մարդիկ չեն ներկայացվում, այլ խոսում են կրկնված դեմքերը: Ահա այստեղ է, որ իրենց լուրջ մասնագետ համարող սոցիոլոգները հասկանում են, որ իրենք հայտնվել են ոչ թե ծիծաղողի, այլ ծիծաղի թիրախի դերում:
Իսկ ծիծաղի թիրախ դառնալու պատճառն ակնհայտ է. այսօրվա գիտնականը, իհարկե, ունի ընտրություն՝ մնալու գիտության թիկունքում, թե՝ լինելու գիտությունը հանրությանը մատուցողի դերում: Երկուսն էլ անհրաժեշտ դիրքեր են եւ շատ կարեւոր է, որ թե առաջին եւ թե երկրորդ տեղում լինեն արժանավորները: Սակայն եթե թերագնահատում ես ստացած արդյունքները հասարակությանը ներկայացնելու խնդրի կարեւորությունը, ապա առաջին պլան են դուրս գալիս նրանք, ովքեր իրականում որեւէ արդյունք չունեն, սակայն շատ լավ մատուցում են այդ փուչիկը: Ինչու որեւէ լրատվամիջոց սոցիոլոգ հրավիրելու խնդիր ունենալով՝ առաջին հերթին մտածում է Ադիբեկյանի մասին: Որովհետեւ Ադիբեկյանը գալիս է եթեր՝ անկախ նրանից, թե ինչ հաղորդում է, ինչ թեմայով է խոսակցությունը եւ արդյոք ինքը այդ թեմայով ասելիք ունի, թե՝ ոչ: Մարդը մոբիլ է, ճկուն եւ ամեն ինչի վերաբերյալ որեւէ կարծիք հայտնում է: Ինձ կարող են հակադարձել, թե փորձագետի խոսքը պետք է կշռադատված եւ հիմնավորված լինի, բայց ես էլ կարող եմ պատասխանել, թե եթե ամեն հարցից հետո մենք վազենք հատուկ հետազոտություն անցկացնելու եւ նոր միայն պատասխանենք այդ հարցին, ապա սոցիոլոգիան ստեղծված կլիներ ոչ թե նոր դարաշրջանում, որը արագություն է ենթադրում, այլ մարդկության զարգացման նախնական փուլերում, երբ տեղեկատվությունը մի վայրից մյուսը փոխանցելը շաբաթներ ու ամիսներ էր պահանջում: Բացի դրանից, փորձագետը հենց նա է, ով հետեւում է գործընթացին եւ համապատասխան մասնագիտական հմտությունների շնորհիվ կարողանում է վերլուծություններ անել, թեկուզ եւ իրավիճակային: Պարտադիր չէ ամեն հրապարակային ելույթի ժամանակ արտաբերել գիտական ամսագրում տպագրվելու պատրաստ խոսք: Բայց պարտադիր է անհրաժեշտության դեպքում հանդես գալ հրապարակային խոսքով: Որովհետեւ եթե չխոսես դու, որ ունես պատասխանատվություն եւ գիտակցում ես ասածիդ հետեւանքները, ապա կխոսեն նրանք, ովքեր հիմա խոսում են: Ու հենց այդ մարդկանց պատճառով այսօր հայկական սոցիոլոգիայի դերում տարբեր «վերլուծաբաններ» փորձում են ներկայացնել նկարչական սոցիոլոգիա կոչվածը, երբ, ըստ իրավիճակի, նկարվում է պատկերը: Ու խնդիրը միայն թվերը հորինելու-նկարելու մեջ չէ, խնդիրն այն է, որ ի սկզբանե հարցերի ձեւակերպումով, հարցման անցկացումով կարելի է ուղղորդել արդյունքները եւ ստանալ այս կամ այն պատկերը: Ու դա նույնքան նկարչություն է, ինչքան եւ կաբինետում նստած թվեր գրելը: Իսկ նույն այդ ժամանակ Համաշխարհային սոցիոլոգիական կոնգրեսում խոսվում է հայկական սոցիոլոգիայի հեռանկարների մասին: Բայց ամբողջ հարցն այն է, որ այդ հայկական սոցիոլոգիան հասարակական ընկալման մեջ հենց նկարչությունն է, ոչ թե այն գիտական գործընթացն ու արդյունքները, որ իրականում տեղի են ունենում: Իսկ Վալերշտայնը եկավ ու գնաց, եւ հայ հանրությունը զրկվեց համաշխարհային մակարդակի վերլուծաբանի կարծիքը լսելու հնարավորությունից, թե ինչ է կատարվում աշխարհում եւ ինչպիսին կարող է լինել համաշխարհային ճգնաժամի հետագա ընթացքը: Դրա փոխարեն Ադիբեկյանը խոսում է այն մասին, որ ձմռանը օրերը կարճ են, դրա համար էլ մարդիկ այսպիսի պատասխաններ են տալիս: Ստացվում է, որ Ադիբեկյանը հանճարեղ նկարիչ է աբսուրդի ոճում: Առավել եւս, որ նրա կտավների ցուցահանդեսները ստիպված է դիտել Հայաստանի ողջ հանրությունը: