Գլխավոր խնդիրը վերաբնակեցումն է
Միշտ չէ, որ հայությունը պատմական ու վճռորոշ պահերին կարողացել է միասնական կանգնել երկրի պաշտպանության դիրքերում: Ուժերի համախմբման դեպքում նա միշտ հաղթանակել է: Սակայն ուժերի համախմբման կամ միասնականության գաղափարի գալը հասարակության մեջ ենթարկվում է բնական օրենքներին, տվյալ դեպքում՝ սինուսոիդի պարբերականությանը. վերելքին հաջորդում է անկում, անկմանը՝ վերելք: Երբ թշնամու նվաճողական արշավանքը դեպի Հայաստան համընկել է բարոյական անկման ժամանակաշրջանի հետ, ապա ժողովրդին չի հաջողվել շատ թե քիչ պաշտպանություն կազմակերպել, չնայած նրա ունեցած ներուժին: Թշնամին առանց լուրջ խոչընդոտի նվաճել է երկիրը, ստրկացրել, թալանի ենթարկել այն, հափշտակել հարուստների կուտակածը, տիրացել նրանց կանանց, աղջիկներին, տղամարդկանց ստիպել կռվել իրենց շարքերում: Այս դեպքում սինուսոիդի կորը (անկման ժամանակահատվածը) ձգվել է, հասարակության արթնացումը դժվարացել՝ կապված սեփական մշակույթից կտրվելու, բարոյահոգեւոր անկման հետ: Սակայն հասարակությունը սկսում է մշակութային սով ու բարոյահոգեւորին վերադարձի կարիք զգալ: Հետեւում է բարոյահոգեւոր վերընթացը, ծաղկում են գրականությունը, արվեստները: Դրանով է բացատրվում մոնղոլական դաժան տիրապետության ժամանակ մշակութային բուռն վերելքը: Հասարակությունը վերագտնում է մշակույթի գործիչներին, գնահատում արվեստը: Այդ ժամանակաընթացքում է, որ ժողովուրդը միավորվում է, կուռ ուժ դառնում եւ հաղթանակում:
Սակայն առաջանում է մի նոր խոչընդոտ. ունե՞նք արդյոք հաղթանակը պահպանելու, այն ամրապնդելու, վայելելու մշակույթը: Որովհետեւ վերելքի պահին ասպարեզ են գալիս ընչաքաղցները, ամեն կերպ հարստանալուն ձգտող մարդիկ: Նրանց համար թեկուզ հայրենիքը նորից բարոյահոգեւոր անկում ապրի, վիհը նետվի, գլխավորը իրենց անհատական շահն է: 1988-ի բարոյահոգեւոր ազգային վերելքի շնորհիվ ողջ հայությունը մասնակցեց կենաց եւ մահու պատերազմին, հաղթեց ուժով մի քանի անգամ գերազանցող հակառակորդին, ազատագրեց դարերի ընթացքում կորցրած հայրենի եզերքը: Սակայն պատերազմում հաղթանակն ու հայրենի եզերքի ազատագրումը գործի կեսն է միայն: Անհրաժեշտ էր մտավոր ուժերի կենտրոնացում քաղաքական վերնախավում: Ժամանակակից պատերազմները ռազմաճակատում հաղթանակով կամ պարտությամբ չեն ավարտվում: Պատերազմն ունի առաջին հայացքից անտեսանելի՝ տեղեկատվական, տնտեսական, բարոյական, դիվանագիտական կողմեր: Հանրահայտ է, որ արցախյան գոյամարտի այս երկրորդ հատվածում մեր երկու պետությունները՝ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն, լուրջ դժվարությունների առաջ են կանգնած: Որպես բարոյական անկման հետեւանք՝ պրոտեկցիոնիզմի պատճառով միջին կամ միջինից ցածր մակարդակի մարդկանցով երկրի քաղաքական վերնախավը լցվելը վճռական դեր խաղաց դիվանագիտության, տեղեկատվական դաժան ու անզիջում պատերազմում մեր անհաջողություններում: Արդեն կոնկրետ խոսք է գնում պատերազմում ազատագրված տարածքների վերադարձի մասին: Միջազգային հասարակական կարծիքն այս խնդրում մեր դեմ է շրջվել:
1994 թ. սկսած, մի քանի տարի ճամփորդել եմ ազատագրված տարածքներով, ուսումնասիրել վերաբնակեցման գործընթացը, իմ տեսածն ու զգացածը ամփոփել «Երկխոսություն Քարվաճառի ճանապարհին» վավերագրական գրքում: Նպատակ ունեի ռեպորտաժային ակնարկներով, էսսեներով ժողովրդին մասնակից դարձնել խնդրին: Կազմակերպվեցին գրքի քննարկումներ եւ ընթերցումներ: Ապա կազմակերպեցի ազատագրած տարածքների վերաբնակեցման մասին լուսանկարչական ցուցահանդես: Այն ժամանակ Քաշաթաղի վարչական շրջանն ուներ շուրջ 14 հազար բնակիչ, որը որոշակի հիմք էր տարածաշրջանի տնտեսական, մշակութային զարգացման համար: Հյուսիսային հատվածում սկսել էին ենթաշրջանային կենտրոնի հիմնումը, որը հնարավորություն կտար լեռնային 32 գյուղերի համար ստեղծել գյուղացիների արտադրած հումքի գնման, վերամշակման հնարավորություններ: Հիմնվում էին հիվանդանոց, սպասարկման այլ հարմարություններ: Դա կխթաներ ենթաշրջանի տնտեսությանը, կվերանար աղքատությունը, պետությունից լրավճար ստանալու կարիքը: Անշուշտ, կային որոշակի թերություններ, որոնք կարելի էր շտկել: Անցած 15 տարիներին այստեղ հիմնվել են տասնյակ բնակավայրեր՝ իրենց դպրոցներով, համայնքային ենթակառույցներով: Գոյանում էր գյուղական յուրօրինակ համակեցություն: Ընտանիքները հարմարվում էին տեղանքին, բնությանը, նրա տված հնարավորություններին: Նույնիսկ համբերությամբ դիմանում էին էլեկտրականության բացակայությանը: Իհարկե, օջախ հիմնելն ու կրակը վառ պահելը մեծ ջանքեր էին պահանջում, իսկ այդ ամենը քանդելու համար հերիք է մի անխելք հրահանգ կամ անպատասխանատու որոշում:
Ի վերջո, այստեղ հաշվառվել են հայկական միջնադարի հազարավոր հուշարձաններ՝ եկեղեցիներ, վանական համալիրներ, գերեզմանոցներ, խաչարձաններ, իշխանական տներ, բերդեր: Ամեն օր մարդիկ մի նոր հուշարձան են հայտնաբերում, որը լույս է սփռում հայ ժողովրդի անցյալի վրա, բացում մեր պատմության փակ էջերը: Իսկ ինչքան հուշարձաններ, մատյաններ են ոչնչացվել՝ հայկական հետքերը վերացնելու նպատակով: Ազատագրելուց հետո գիտնականների ու վարչակազմի ջանքերով վերականգնվել են հին բնակավայրերի ճշգրտված անունները:
Սակայն տեղի ունեցան ոչնչով չարդարացված կադրային ու տնտեսվարման լուրջ փոփոխություններ: Փոխանակ ավելի մեծ արտոնություններ տրվեն վերաբնակիչներին, հնարավորություն տրվի ամրապնդվելու տարածաշրջանում, պայմաններ ստեղծվեն այստեղ արտադրած գյուղատնտեսական մթերքի վաճառքի, իրացման, վերամշակման համար, բարելավեն լեռնային ճանապարհները… վերացվեցին վերաբնակիչներին շնորհված հարկային եւ այլ արտոնությունները: Արդյունքում վարչական շրջանը սկսեց դատարկվել: Մարդկանց այլեւս ձեռնտու չէր այստեղ տնտեսություն պահելը: Հեռացան մեղվաբույծները, անասնապահները, հող մշակողները: Ու պետական այրերը, որոնք այդպես էլ չգտան անհաջողության պատճառները, չհասկացան, որ այստեղ գլխավոր հարստությունը մարդն է:
Հիշում եմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախորդ համանախագահներից մեկը, այցելելով ազատագրված տարածքներ, հայտարարեց, որ ոչ ոք թույ չի տա մի նոր բռնագաղթ իրականացնել այս տարածքներում, մանավանդ որ, այստեղի վերաբնակիչները մի քանի տարի առաջ բռնագաղթի են ենթարկվել Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից, Ադրբեջանի մյուս բնակավայրերից: Տարօրինակ է, միջազգային ատյաններում, ԵԱՀԿ Մինսկի խմբում երբեք չեն հիշում Հյուսիսային Արցախի տասնյակ հայկական բնակավայրերից՝ Շահումյանի, Խանլարի, Շամխորի, Գետաբակի, Թովուզի, Ղազախի շրջաններից բռնագաղթված տասնյակ հազարավոր հայության, ոչնչացվող հազարամյա քրիստոնեական վանքերի, եկեղեցիների, խաչարձանների, աշխարհիկ ու պաշտամունքային այլ շինությունների մասին:
Ես Ռուսաստանում առիթ եմ ունեցել զրուցելու Ադրբեջանից բռնագաղթված շատ մարդկանց հետ, որոնք պատրաստ են իրենց կուտակած միջոցներով գալ եւ ապրել իրենց նախնիների ազատագրված տարածքներում: Մնում է պետական կառույցներից, օրենսդիրներից սթափ մտածողություն ու վերաբերմունք, կադրային անսխալ քաղաքականություն: Հազարավոր բռնագաղթվածներ օտար երկրներ են մեկնել, քանի որ հայրենիքը նրանց վերաբնակվելու հնարավորություններ, պայմաններ չի ստեղծել: Իսկ ահա նման ռազմավարական հարցերում թույլ տված սխալների համար ոչ ոք չի պատժվում: Պատասխանատվության ենթարկվողը կարող է լինել հասարակ պաշտոնյայից մինչեւ երկրի նախագահ:
Արցախի Հանրապետությունը պարտավոր է ուժ հավաքել ու ճիշտ ուղու վրա դնել ազատագրված տարածքների յուրացման խնդիրը: Եթե խելամիտ քարոզչություն կազմակերպվի, կարելի է խնդրին մասնակից անել աշխարհի հայությանը: Իհարկե, այն, ինչ անում է «Համահայկական հիմնադրամը», անհրաժեշտ է, բայց հեռու է բավարար լինելուց, քանի որ խնդրի հիմքում պետք է ազգային բարոյահոգեւոր արմատներին համընդհանուր վերադարձը լինի: