Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի հայկական դպրոցը

Հունիս 23,2009 00:00

\"\"
Դպրոցի սաները հաջողությամբ հանդես են գալիս Բելառուսում կազմակերպված եւ համահայկական փառատոներում:

Հայրենիքից հեռու ապրող երեխաներին հայոց լեզվին եւ պատմությանը ծանոթացնող դպրոցը օգնության կարիք ունի

\"\"Մեր հայրենակիցներից մեկը ճակատագրի բերումով ապրելով հայրենիքից հեռու, այսպես էր արտահայտվել իրեն ապաստան տված հողի մասին. «Ես անկեղծորեն հարգում եմ Բելառուսը, իսկ հայրենիքս՝ Հայաստանը, սիրում եմ»: Նախնիների հողը սիրել եւ հարգել այն ժողովրդին՝ ում պետությունում ապրում ես. ահա սա են ուսանում Մինսկի հայկական դպրոցում:

Այսօր դպրոցում սովորում է 5-17 տարեկան 110 երեխա: Արդեն բուհերի ուսանող տարբեր տարիքի պարմանիներ եւ պարմանուհիներ նույն դպրոցում հաճույքով սովորում են հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն: Բնականաբար, այս ամենը մանկավարժների վաստակն է: Առաջին հերթին նրանց վաստակն է: Ու նաեւ այլ երկրներում ապրող հայ երեխաների մեջ հայերենը սերմանելու հարցում՝ պատվախնդիր մարդկանց: Օրինակ՝ Բելառուսի երաժշտության ակադեմիայի դոցենտ, օպերային ստուդիայի դիրիժոր Վալտեր Մնացականովի: Նրա եւ նման մարդկանց հետ դպրոցի երեխաների հանդիպումներում խոսակցության թեման միայն երաժշտությամբ չի սահմանափակվում: Իհարկե, վարպետը երեխաներին պատմում է ձայների զարմանահրաշ աշխարհի մասին՝ սկսած քամու ոռնոցից, խոտի շրշյունից մինչեւ անձրեւի կաթիլի զրնգոց, փոթորկի աղմուկ, հին ու ժանգոտ դարպասի ճռինչ: Մարդկությունը ընդամենը յոթ նոտա գիտի, սակայն անհաշվելի են երաժշտական ստեղծագործությունները: Այս ամենը Մինսկի հայկական դպրոցի սաներին ներկայացնելուց հետո, նրանց պարտադիր պատմում են, որ մենք Կոմիտաս ու Սպենդիարյան, Պավել Լիսիցյան եւ Արամ Խաչատրյան, Շարլ Ազնավուր եւ Ջիվան Գասպարյան ծնած ազգ ենք:

Պատմությանը հաջորդում է շատ ավելի հետաքրքիրը: Երեխաները լսում են Կոմիտասի ձայնը: Հետո հայ երեխաները բելառուս երգիչ-երգչուհիների կատարմամբ հայ եւ բելառուս հեղինակների երգեր են լսում:

Իրմա Գեւորգյան, Արարատ Ստեփանյան, Գայանե Աղաջանյան, Քրիստինա Գարթինգ-Ստեփանյան. ահա ոչ լրիվ կազմը Մինսկի հայկական դպրոցի ուսուցիչների, որ Հայաստանից այդքան հեռու ամեն ինչ անում են երեխաների մեջ հայկականը արթուն պահելու համար: Երբ ես առաջին անգամ մտա այս դպրոց՝ կարծես կորած երեխա լինեի, որը հենց նոր գտել էր մորը:

Դպրոցում արձակուրդ է: Սակայն նոր ուսումնական տարում դպրոցը կարող է խնդիրներ ունենալ. տնօրենը եւ փոխտնօրենը Բելառուսից մեկնում են Ռուսաստան: Դպրոցին փորձառու կադրեր են պետք՝ տնօրեն, փոխտնօրեն, հայոց լեզվի, գրականության եւ պատմության մասնագետ՝ ցանկալի է ամուսիններ: Շահագրգիռ անձինք կարող են գրել [email protected] հասցեով կամ Հայաստանում զանգել 093-57 87 18 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել