Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՐԱԳԻՐԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Հունիս 23,2009 00:00

Մանկատնից դուրս եկած սաները կարող են մնալ անօթեւան

Վանաձորի մանկատան 10 երեխա մնաց անօթեւան ու անպաշտպան: Ապրիլի 30-ից կասեցվել է Վանաձորի մանկատան շրջանավարտների անկախ ապրելակերպի ծրագիրը: Ըստ ֆինանսավորող կազմակերպության՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում (ՍՊՀՀ) ծրագիրը կասեցվել է վատ աշխատանքի պատճառով: Սակայն կասեցվել է առանց բացատրության եւ զգուշացման: Ծրագիրը իրականացնող «Առավոտ» հասարակական կազմակերպությունը նման պահվածքը անհեթեթ է համարում:

Այս ծրագրով մանկատան 16 տարեկանից բարձր երեխաների համար վարձակալվել են բնակարաններ, երեխաները ապրել են սոցիալական աշխատողի հետ միասին, վարել տնտեսություն: Ծրագրի նպատակն էր՝ զարգացնել երեխաների անկախ ապրելակերպի հմտությունները: Այս ընթացքում շահառուներից 2-ը ընդունվել են աշխատանքի եւ դուրս եկել ծրագրից, մեկը ամուսնացել է, երկուսը՝ ուսումնական հաստատությունը ավարտելուց հետո կաշխատեն՝ նրանց համար արդեն գտնվել են աշխատատեղեր: «Հենց սկզբից նրանք պնդում էին, որ մանկատան տնօրենը պետք է ընդգրկվի ծրագրում, մենք չհակաճառեցինք, բայց տնօրեն Արշավիր Հարությունյանն ինքը հրաժարվեց, ու ընդհանրապես անընդհատ խնդիրներ էին ստեղծում, հիմա եմ հասկանում, որ դրանով փորձ էր արվում մեզ հետ կանգնեցնել այդ գործընթացից, միանգամից մերժեին ավելի լավ չէ՞ր»,- զայրանում է «Առավոտի» ղեկավար Մարգարիտա Շահվերդյանը: Նա, իհարկե, չի բացառում, որ սխալներ եղել են, «բայց եթե մենք իմանայինք, որ դա սխալ է՝ չէինք անի, սխալն ուղղում են, ոչ թե ծրագիրն են կասեցնում»: Նույն կարծիքին է ծրագրի սոցաշխատող Ոսկեհատ Մուրադխանյանը. «Ի սկզբանե այս ծրագիրը չէր գործելու, ծրագրված քաղաքականություն էր, ոմանց ձեռնտու չէ, որ մանկատնից երեխա դուրս գա, թեկուզ արդեն չափահաս: Բայց չափահաս մարդը չպիտի մնա երեխայի հետ, բռնություններ կգրանցվեն»:

Վանաձորի մանկատան տնօրեն Արշավիր Հարությունյանն էլ ասաց. «Ես պատասխանատու եմ երեխայի համար՝ քանի դեռ նա իմ մոտ է գտնվում, մանկատնից դուրս եկավ՝ էլ չեմ կարող հետեւել, ռիսկ են արել հանել են՝ թող պատասխան տան»:

Իսկ մանկատան նախկին սան՝ երկկողմանի ծնողազուրկ Գոհար Հայիրյանը վստահ է, որ իրենց ճակատագիրը չէր կարեւորվում. «Մեր ճակատագիրն իրենց չէր էլ հետաքրքրում, երեւի էդ գումարներն իրենց շատ էր պետք, մեզանով աշխատեցին»: Թե ում նկատի ուներ՝ Գոհարն այդպես էլ չմանրամասնեց: Ասաց միայն՝ «պարզից էլ պարզ է»:

Գոհարը շատ գոհ է ծրագրից, արդեն կարողանում է կողմնորոշվել եւ ապրել առանց մանկատան դաստիարակի եւ լուրջ առաջընթաց է համարում թեկուզ փոքր գումարով տնտեսություն վարելը, նույնն են ասում նաեւ մյուս սաները: Նրանք ընկերների վարքագծում էլ են փոփոխություններ նկատում:

«Առավոտ» հ/կ-ն արդեն մեկ ամիս է՝ հովանավորների միջոցով է իրականացնում երեխաների խնամքը, բայց եւ քայլեր է ձեռնարկում նրանց աշխատանքի ընդունելու համար, նրանցից 3-ն աշխատում են: Աշխատելը ոչ միայն ֆինանսական միջոցների հարց կլուծի եւ մանկատնից դուրս եկածի համար ֆինանսական անկախություն ապահովելուն կնպաստի, այլ նաեւ կբացառի երեխաների մեջ սպառողի հոգեբանության ձեւավորումը՝ «առանց այդ էլ մանկատանն ինքնին այդ հոգեբանությամբ են մեծանում»:

«Առավոտ» հ/կ-ն նամակ է ուղղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ միջնորդության համար, եւ վճռական է ծրագիրը շարունակելու հարցում: «Դրսում մնացին՝ կխաբվեն ու դրանով մանկատան պոտենցիալ հոսքը կապահովվի, գուցե սա ձեռնտու է որոշ մարդկանց, բայց մենք չենք թողնի»,- ամփոփեց Ոսկեհատ Մուրադխանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել