ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
ՀՀ ոստիկանությունը երեկ հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների տարածած մի ապատեղեկատվության հետ: Ապատեղեկատվության «թիրախն» այս անգամ Կոտայքի մարզի Նոր Գյուղում հունիսի 6-ին սպանված եզդի Հասոյանների ընտանիքի 4 անդամներն են:
«Ադրբեջանական լրատվամիջոցները հանցագործության սարսափազդու, իսկ իրականում՝ ծայրեծայր հորինված «մանրամասներ» թվարկելով հավելում են, թե հայկական մամուլը այս հանցագործության մասին լռում է: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ ոստիկանությունը վերոնշյալ հանցագործության մասին տեղեկատվությունը տարածել է արդեն հունիսի 8-ին: Շահադիտական նպատակներով կատարված սպանության բացահայտմանը հունիսի 10-ին հաջորդել է երկրորդ՝ ծավալուն հրապարակումը: Այս իրողությունը չէր կարող հայտնի չլինել ադրբեջանական լրատվամիջոցներին, որոնք, սակայն, քրդական ինչ-ինչ կազմակերպությունների անպատասխանատու հայտարարությունների «էստաֆետն» ընդունելով՝ շարունակում են նենգափոխել փաստերն ու իրողությունները, ինչի արդյունքը հերթական անգամ դյուրահավատ ընթերցողին մատուցված այս ստոր ու զարհուրելի սուտն է», ասվում է ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ: Ի դեպ, այս հանցագործության եւ ընթացող նախաքննության մասին գրել են հայկական գրեթե բոլոր ԶԼՄ-ները, տեղեկացնելով նաեւ, որ ձերբակալվել են երկու մարդասպանները:
ԱՅՐՎԱԾ ԴԻԱԿԸ
ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի 36ե շենքի 32 բնակարանում: Բնակարանում՝ բազմոցի վրա, հայտնաբերվել էր 80-ամյա տանտիրոջ (Մարատ անունով) այրված դին:
ԶՈՀՎԵԼ Է ՏԵՂՈՒՄ
Լոռու մարզի Գյառգյառ գյուղում 31-ամյա Վահագն Կլեկչյանին պատկանող «Հյունդաի» մակնիշի 918 ՏՍ 36 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է խանութի պատին, ինչի հետեւանքով Վ. Կլեկչյանը տեղում զոհվել է:
ԵՐԿՐՈՐԴ ԴԻԱԿԸ ԳՏՆՎԵՑ
«Առավոտում» տեղեկացրել էինք, որ հունիսի 18-ին Լոռու մարզի Ձորագետն էին ընկել երկու երիտասարդ: Նրանցից մեկին՝ Վրաստանի քաղաքացի Զալիբեկ Ծատուրյանի դիակը դուրս էր բերվել կիրճից, իսկ մյուս երիտասարդը դեռ չէր գտնվել: Շաբաթ օրը Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի Դամիա գյուղի շրջակայքում՝ Դեբեդ գետում հայտնաբերվեց Լոռու մարզի Արեւածագ գյուղի մերձակայքում Ձորագետն ընկած՝ 17-ամյա Արգամ Հովհաննիսյանի դին: Հիշեցնենք, որ նրանք գետն էին ընկել մակարդակի կտրուկ բարձրացման հետեւանքով:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ
ՀՀ վարչական դատարանը (Վանաձոր նստավայրում) քննության էր դրել Արմեն Հովհաննիսյանի բողոքը: Մարզպետարանի քարտուղար Ա. Հովհաննիսյանին աշխատանքից ազատել էին «քաղաքական զսպվածության սկզբունքը» խախտելու հիմնավորմամբ, մեջբերելով «Քաղծառայության մասին» գործող օրենքով առկա սահմանափակումները: Ի դեպ, ըստ այդ սահմանափակումների, քաղծառայողին արգելվում է այլ վճարովի աշխատանք կատարել, լինել 3-րդ անձանց ներկայացուցիչ՝ այն մարմնի հետ կապված հարաբերություններում, ուր ինքը գտնվում է ծառայության ժամանակ: Նշենք, որ Ա. Հովհաննիսյանը եղել է նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը, իսկ այդ գործառույթներն իրականացնելիս գտնվել է արձակուրդում: Երեկ Վանաձորի Հելսինկյան գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցը, «Առավոտին» փոխանցեց, որ մարզպետարանը, դատարանի որոշմամբ, ըստ էության քաղաքական հետապնդում է իրականացրել Ա. Հովհաննիսյանի նկատմամբ: