Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջ կդրվի՞ ոդիսականին

Հունիս 23,2009 00:00

\"\"«Առավոտի» նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, թե ինչպես է 80-ամյա Մարիա Նազարովան դարձել խաբեության զոհ, բայց կարողացել է դատարանի միջոցով ետ ստանալ բրոքերին տված իր $8000 գումարը: Դրանից հետո նա դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով գումարի տոկոսները՝ 957 698 դրամ, քանի որ բրոքեր Ագնեսա Պապյանը 2006թ. ապօրինի պահել եւ օգտագործել էր գումարը: Սակայն դատավոր Սուրեն Թադեւոսյանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին:

Դատարանը որոշումը հիմնավորել է այն փաստարկներով, որ հայցադիմումում նշված չի եղել Մ. Նազարովայի հայրանունը (հիշեցնենք, որ նա ունի ռուսական կրթություն եւ հայերենին չի տիրապետում), հայցը ստորագրել է ոչ թե Նազարովան, այլ այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը, իսկ պատասխանող Ագնեսա Պապյանը բնակվում է Ավան-Առինջում, եւ որ այդ հասցեն չի գտնվում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի տարածքում:

Մ. Նազարովան մեզ հետ զրույցում ասաց, որ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, քանի որ նախորդ դատը եղել էր հենց այդ դատարանում (դատավոր՝ Գագիկ Ավետիսյան), իսկ ինչպես նախորդ դատավարության ժամանակ, այս գործով էլ իր լիազորված անձը Մոնիկա Հակոբյանն է, որն էլ ստորագրել էր հայցադիմումը, սակայն լիազորագիրը չի կցվել հայցադիմումին, քանի որ դատարանում այն առկա է եղել:

«Զարմանալի չէ, որ կազմակերպված խմբի փոխարեն մեղադրյալի աթոռին նստեց մի հոգի, բայց դա պատկան մարմինների խնդիրն է: Ես իմ գումարի տոկոսներն եմ պահանջում: Առանց այդ էլ ես շատ եմ կորցրել եւ շատ հոգնել: Տուն, գրանցում չունենալու պատճառով, լինելով միայնակ թոշակառու, անժառանգ, ես երեք տարի զրկվել եմ «Փարոսից», որի կարիքը շատ ունեմ: Բացի դրանից, այս երեք տարվա ընթացքում տան գներն այնքան են բարձրացել, որ տոկոսները ստանալուց հետո էլ, կասկածում եմ, որ կկարողանամ մի անկյուն գնել»,- հուզված ասաց Մ. Նազարովան:

Նա դիմել է Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան, գործը գտնվում է դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի վարույթում: Տիկին Նազարովան հույս ունի, որ այստեղ գոնե վերջ կդրվի իր ոդիսականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել