Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ՎՐԱ ԿՏԱՐԱԾՎԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ

Հունիս 23,2009 00:00

Սպասենք մինչեւ սեպտեմբերի 30-ը

 Հայաստանի ԱԺ-ն հունիսի 19-ին ընդունեց ՀՀ նախագահի համաներում հայտարարելու մասին որոշումը: Մինչ այդ հայտարարված համաներման նմանօրինակ ակտերը նվիրված էին նշանակալի իրադարձություններին, մասնավորապես՝ Անկախության օրվան, Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:

Այս որոշումը հավանաբար կկոչվի «հասարակական պահանջին» նվիրված համաներում: ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի տեղեկացմամբ, համաներման որոշումը կիրառվելու է մինչեւ հունիսի 1-ը հանցագործություն կատարած անձանց նկատմամբ: Այն կավարտվի սեպտեմբերի 30-ին: Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 2000 անձի վրա, որից 500-ը կազատվի պատժի կրումից:

Ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, համաներումը չի կիրառվի հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ մինչեւ այս տարվա հուլիսի 31-ը՝ իրավապահ մարմիններ, իսկ եթե գործը գտնվում է դատարանի վարույթում՝ դատարան կամովին ներկայացածների:

Ըստ ԱԺ որոշման՝ պատժից կազատվեն.

Ա 1) Առավելագույնը 3 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք:

2) Այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է:

3) Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք:

Բ) Պատժից կազատվեն առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները,

2) 60 տարին լրացած անձինք,

3) հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձինք, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն,

4) այն անձինք, որոնք Հայրենական մեծ պատերազմի (թեեւ խիստ կասկածելի է, որ կա նման տարիքի ազատազրկված -Ռ. Մ.), ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.

5) այն անձինք, որոնք ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաեւ ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսին, զավակ կամ ծնող են եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Գ) Պատժից կազատվեն դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձինք, որոնք դատապարտվել են՝

1) առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը,

2) առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը:

Դ) Պատժից կազատվեն անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար՝ առավելագույնը 5 եւ 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, որոնք կրել են պատժի մեկ երրորդը:

Ի դեպ, համաներումը չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք քրեակատարողական հիմնարկում համաներման կիրառման oրվա դրությամբ կատարել են կրկնակի դիտավորյալ հանցագործություն:

Իսկ ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ համաներումը կկիրառվի բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել