Ամրացնելուց հետո շենքն ավելի վթարային է դարձել
Շենքի ամրացման աշխատանքները մնացել են կիսատ:
Միչուրինի փողոցի 5-րդ վթարային շենքի բնակիչները չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են իրենց շենքը նորոգել: Թաղապետարանից քաղաքապետարան, այստեղից էլ կառավարություն անընդհատ դիմելուց հետո վերջապես այս տարվա մարտի 1-ին պատասխանեցին նրանց մտահոգություններին: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում պատմեցին նշյալ շենքի բնակիչները: Նրանց խոսքերով, ամրացման աշխատանքները սկսվեցին ու ավարտվեցին շատ արագ, այդպես էլ շենքը չամրացնելով. «Եկան բանվորներն ու եռանդով սկսեցին քանդել 5-րդ շենքի առաջին եւ 2-րդ մուտքերի հիմքերը, կիսով չափ լցրեցին ցեմենտ-բետոնով: Բանվորները 2 օր գալիս էին աշխատանքի, 10 օր՝ բացակայում: Նորոգման աշխատանքները տեւեցին մինչեւ մայիսի 20-ը եւ այսքանով համարվեցին ավարտված»:
Արդյունքում, բնակիչների ներկայացմամբ, շենքը զգալիորեն նստեց եւ նախկին վիճակից ավելի վտանգավոր դարձավ՝ ամրացման աշխատանքներից հետո դռներն ու պատուհաններն ամբողջովին ձեւախախտվեցին, պատերի վրա ի հայտ եկան ավելի մեծ ճաքեր: Հնարավոր բոլոր վտանգները կանխատեսելով, շենքի բնակիչները պարբերաբար ահազանգել են քաղաքապետարան, խնդրի մասին տեղեկացրել ծրագրավորման նախագծահաշվառման փաստաթղթերի բաժնի պետ Էդիկ Շաքարյանին: Նա խոստացել է 2 շաբաթվա ընթացքում ամրացման աշխատանքները վերսկսել, բայց այդպես էլ ոչինչ չի արվել, պնդում են բնակիչները. «Փոխարենը շատ արագ սկսվեց ու ավարտվեց նույն շենքի 6-րդ ու 7-րդ մուտքերի վերանորոգումը»: Գործի նման արագ տեմպերը բնակիչները պայմանավորում են այդ մուտքերի նկուղային հարկում եվրոպատուհանների արտադրամաս լինելու հանգամանքով: «Իսկ մենք ի՞նչ մեղավոր ենք, որ մեր մուտքի նկուղային հարկում ցեխեր չունենք»,- հարցնում են բնակիչները:
Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանը «Առավոտին» հավաստիացրեց, որ այդ շենքի շինարարական աշխատանքները նախ սկսվել էին ոչ թե մարտից, այլ ապրիլից, ապա ասաց, որ ժամանակավորապես 2 շաբաթով դադարեցվել էին՝ ֆինանսների բացակայության պատճառով, բայց, ըստ նրա, այժմ ամրացման աշխատանքները նորից իրենց բնականոն հունով են ընթանում, սակայն պարոն Բասենցյանը դժվարացավ ասել, թե կոնկրետ երբվանից են վերսկսվել. «Համաձայն կառավարության որոշման, 300 մլն եւ ավելի արժողությամբ շենքերը շուտափույթ կնորոգվեն, Միչուրինի 5-րդ շենքը դրանց թվին էր պատկանում»: Նշենք, որ շենքը 3-րդ կարգի վնասվածքային է: