Սիգարետ ներկրող ընկերությունն առաջարկում է հետեւել ԱՀԿ-ի պահանջներին, որի անդամ ենք 2003 թվականից
Օրերս «Ֆիլիպ Մորիս» ընկերության հրավերով մի խումբ լրագրողներ այցելեցին Սանկտ Պետերբուրգում գտնվող «Philip Moris Izora» գործարան, որտեղ արտադրվում է սիգարետի 50-ից ավելի տեսականի: Նշենք, որ այս գործարանի որոշ արտադրատեսակներ ներկրվում են նաեւ Հայաստան:
Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ ամբողջ աշխարհում (առանց ԱՄՆ շուկայի) շուկայի շուրջ 15.6%-ը զբաղեցնում է հենց «Ֆիլիպ Մորիսի» արտադրանքը, որը նաեւ ոլորտի առաջատարն է:
Ինչ վերաբերում է հայաստանյան շուկային, ապա մեզ մոտ այն փոքր է եւ մեր շուկայում կա սիգարետների 10 բրենդ, մոտ 300 տեսականիից 46-ը «Ֆիլիպ Մորիսի» արտադրությունն է:
«Philip Moris Izora» գործարանի գլխավոր տնօրեն Սերգեյ Գուրովի վստահեցմամբ, տնտեսական համաշխարհային ճգնաժամն այնքան էլ չի ազդել իրենց գործունեության վրա, քանի որ գրեթե նույն տեմպերով աշխատում են, եւ աշխատակիցների ու աշխատավարձերի կրճատումներ չեն նախատեսվում:
Ծխախոտի ոլորտում հարկային եւ գովազդային օրենքներում կան որոշակի վերապահումներ՝ ծխախոտ արտադրող եւ ներկրող ընկերությունների նկատմամբ, այս մասին վստահեցրին ընկերության ներկայացուցիչները: Ինչպես Ռուսաստանում, այնպես ել Հայաստանում՝ օրենքները խիստ են:
«Ֆիլիպ Մորիս մենեջմենթ սերվիս Բ. Վ.» հայաստանյան ներկայացուցչության կորպորատիվ գծով ղեկավար Ահարոն Թադեւոսյանը լրագրողներին ներկայացրեց այն խնդիրները, որոնք մասնավորապես վերաբերում են հայաստանյան շուկային: Ա. Թադեւոսյանի խոսքերով՝ նախ եւ առաջ պետք է Հայաստանում մրցակցային հավասար պայմաններ ստեղծեն ներկրող եւ տեղական արտադրող ընկերությունների միջեւ. «Հայաստանը 2003 թվականից ԱՀԿ-ի անդամ է եւ պարտավոր է երկրի օրենսդրությունը համապատասխանեցնել ԱՀԿ-ի պահանջներին: Այդ պահանջներն են՝ տեղական եւ ներկրող ընկերությունների հարկերը պետք է հավասար լինեն, տարբերությունը պետք է լինի մաքսատուրքի մասով: Ասենք՝ ներկրվում է, ուրեմն պետք է մաքսատուրք մուծվի, որը չպետք է գերազանցի միջին մաքսային արժեքի 15%-ը: Այսօր ներկրողի եւ տեղական արտադրող ընկերությունների վճարած հարկերում զգալի տարբերություն կա՝ 750 դրամ 1000 հատիկ սիգարետի համար: Այսինքն՝ 1750 դրամով ներկրողն ավելի է վճարում: Մենք ընդամենը առաջարկում ենք կիրառել ԱՀԿ-ի պահանջները եւ լինեն մրցակցային հավասար պայմաններ»:
Ընկերության ներկայացուցչի ներկայացմամբ, ցավոտ խնդիր է նաեւ գովազդային ոլորտը: Ա. Թադեւոսյանի խոսքերով՝ մի կողմից պետությունը մտածում է հանրային առողջության մասին՝ սահմանափակելով որոշ վայրերում ծխախոտի գովազդն ու վաճառքը, մյուս կողմից էլ սահմանափակում է կապը սպառողների հետ: «Մարդիկ նաեւ ինֆորմացիա ստանալու իրավունք ունեն: Արտաքին գովազդը լրիվ վերացվեց, տարիներ առաջ նաեւ հեռուստառադիո գովազդն արգելվեց, մենք դա նորմալ ընդունեցինք: Թերթով կարելի է գովազդել, բացառությամբ առաջին, վերջին էջերը եւ ներդիրները: Մենք գիտենք, որ արգելքներ կլինեն, բայց չունենք մի մարմին, որը կզբաղվի դրանով: Օրենքները շատ լավն են, բայց վերահսկող չկա»,- ասաց Ա. Թադեւոսյանը: Ըստ նրա, օրինակ՝ արդարադատության նախարարությունը աշխատում է մի նախագծի վրա, որտեղ մի երկու տողով ասվում է՝ արգելվում է ծխախոտի եւ խմիչքների գովազդը, բացառությամբ հատուկ առեւտրի կետերի, կամ սիգարետ արտադրող գործարանների եւ այլն. «Վերջերս ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովը որոշեց, որ ծխախոտի գովազդը ինտերնետում էլ արգելվի: Մենք հասկանում ենք, որ դա հանրային առողջության համար է արվում, սակայն նաեւ կա չափահաս սպառողի, որը ծխելու հստակ որոշում է կայացրել, ինֆորմացիա ստանալու իրավունք, գոնե չափահաս սպառողը պետք է ստանա իրեն անհրաժեշտ ինֆորմացիան: Եվ եթե օրենքները խստացնում են, հարկերը ավելացնում, գոնե չսահմանափակեն ինֆորմացիա տարածելու մեր հնարավորությունները: Կան լավ օրենքներ, որ, օրինակ, չի կարելի ծխախոտը վաճառել բաց տուփով, 18 տարեկանից ցածրին կամ հատիկով, եւ որպեսզի օրենքը չխախտվի, մենք առաջարկում ենք, որ ստեղծվի մարմին, որը կվերահսկի եւ գոնե խախտումների դեպքում կպատժի: Մենք նման նախաձեռնությունները ողջունում ենք»: