Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել գաջի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Գաջ» ընկերության դիմումի հիման վրա: Ընկերությունը հանձնաժողովին տեղեկացրել է, որ սույն թվականի ապրիլի 1-ից Հայաստանում գազի, էլեկտրաէներգիայի սակագների, դրամի փոխարժեքի փոփոխման պատճառով բարձրացել են անմիջապես գաջի արտադրական պրոցեսում օգտագործվող որոշ նյութական արժեքների գները եւ սպասարկման ծառայությունների սակագները: Մասնավորապես, 1000 խմ գազի սակագինը $153,26-ից դարձել է $215, դրամի փոխարժեքը մոտավորապես 307 դրամից դարձել է 378 դրամ, իսկ 25%-ով՝ էլեկտրաէներգիայի սակագինը: Ընկերությունը հայտնել է, որ սրանով պայմանավորված՝ հունիսի 1-ից ընկերության կողմից 1 տոննա գաջի բացթողնման գները փոփոխվել են: Ներկայումս այն վաճառվում է առանց պարկերի՝ 34 հազար, իսկ պարկերով՝ 37 հազար դրամ: Մինչ այդ, ընկերությունը 1 տոննա առանց պարկերի գաջն իրացնում էր 30 000 դրամով: Հանձնաժողովի վերլուծությունից պարզվել է, որ ապրանքի ինքնարժեքի բարձրացումը պայմանավորված է գազի, էլեկտրաէներգիայի, ամորտիզացիոն հատկացումների եւ այլ ծախսերի ավելացմամբ: Հանձնաժողովից տեղեկացանք նաեւ, որ ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական՝ 30-րդ հոբելյանական նիստը նախատեսվում է անցկանցնել Հայաստանում՝ 2009-ի հոկտեմբերի սկզբին: