Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐԸ ԱՆԿՈՒՄԸ ՍՊԱՍԵԼԻ ԷՐ

Հունիս 23,2009 00:00

\"\"Թեեւ, մասնագետների հավաստմամբ, Հայաստանում գրանցված տնտեսական անկումը վերջին 60 տարիներին ամենամեծն է, սակայն այն պաշտոնյաներին անակնկալի չի բերել:

Նախորդ ուրբաթ օրը Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց Հայաստանի տնտեսական անկման վերաբերյալ աննախադեպ բացասական ցուցանիշներ. տարեսկզբի 5 ամիսների կտրվածքով՝ մեր տնտեսության անկումը կազմել է 15,7%: Վարչապետ Տիգրան Սարգսյանին վիճծառայության ցուցանիշների մասին թերեւս ավելի վաղ էին տեղեկացրել, քանի որ դրանց հրապարակումից առաջ կառավարության նիստում նա բարձրաձայնեց Հայաստանի անմխիթար վիճակի մասին. «Մեր տնտեսական ցուցանիշներն այս տարի բարվոք չեն, եւ 2009-ը ամենածանր տնտեսական տարին է մեր կառավարության համար: Եվ մենք պետք է աչալուրջ լինենք: Իհարկե, հասկանալի է, որ տեխնիկական ռեցեսիայի խնդիր էլ կա, այսինքն, տնտեսական անկման բարձր ցուցանիշները, որ մենք ունենք այսօր՝ պայմանավորված են նաեւ այն հանգամանքով, որ անցյալ տարվա առաջին վեց ամիսներին ունեցել ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշներ եւ այդ ֆոնի վրա մեր անկման ցուցանիշները լինելու են բավականին մեծ: Միեւնույն ժամանակ, մենք չպետք է այն բացատրությամբ առաջնորդվենք, որ կա նաեւ տեխնիկական ռեցեսիայի խնդիրը: Այս ամառը ծանր սեզոն է լինելու կառավարության համար, քանի որ ցուցանիշները դեռեւս շարունակում են վատանալ»: Այսինքն, այս անգամ էլ հորինվեց մեկ այլ մեկնաբանություն՝ «տնտեսական ռեցեսիա» անվամբ: Իբրեւ նախորդ տարի Հայաստանի տնտեսական աճը այնքան բարձր է եղել, որ այդ ֆոնի վրա անկումն ավելի շատ է երեւում: Հասկանալի է, որ ընդհանրապես, իսկ առավել եւս Հայաստանի նման երկրում հնարավոր չէ տնտեսության վերաբերյալ ճշգրիտ կանխատեսումներ ու եզրակացություններ անել, բայց մեր պաշտոնյաները կարող էին տարեկան կտրվածքով առավելագույնը 5-6% անկման կամ նույնիսկ տնտեսական աճի մասին խոսելու փոխարեն, գոնե մոտավոր գնահատական տալ ստեղծված իրավիճակին՝ վիճծառայության հրապարակած ցուցանիշից «անակնկալի» չգալու համար;

Եթե նկատի ունենանք նաեւ այն, որ 15,7%-ի ցուցանիշը պաշտոնական տվյալներով է, ապա կարելի է ենթադրել, որ անկման ցուցանիշը շատ ավելի բարձր է:

Նշենք, որ, վիճծառայության տեղեկացմամբ, այս տարվա հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, միայն շինարարության անկումը կազմել է 52,1%, իսկ արդյունաբերության անկումը՝ 10,5%: Խիստ բացասական են արտահանման եւ ներմուծման ծավալները, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են մինչեւ 47,8%-ով: Իսկ տարեսկզբի 2 ամիսների կտրվածքով, նույն պաշտոնական տվյալներով, Հայաստանում տնտեսական անկումը կազմել է 3,7%:

Հիշեցնենք նաեւ, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները եւս, ԱՊՀ երկրների տնտեսական անկման վերաբերյալ, եղել են միջինը 5,1%:

Այն, որ այսօր Հայաստանը բյուջեի հավաքագրման խնդիր ունի, ավելի քան պարզ է: Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, բավականին նվազել են Հայաստանի խոշոր հարկատուների կողմից կատարվող հարկային վճարումները, ինչը պայմանավորված է իրացումից հասույթի ցուցանիշի, ինչպես նաեւ արտահանման եւ ներմուծման ծավալների անկմամբ: Կոմիտեի տվյալներով, այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, ներմուծման ծավալները նվազել են 22,1%-ով եւ կազմել ընդամենը 44,5 մլրդ դրամ: Արտահանման ծավալների ցուցանիշը նվազել է 27,8 %-ով եւ կազմել ընդամենը 5,1 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է պետական բյուջե վճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշին, ապա խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 19,2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ապրիլից պակաս է 0,7 մլրդ դրամով:

Այնուամենայնիվ, տնտեսական երկնիշ անկումը ոլորտի պաշտոնյաներին անակնկալի չի բերել: Էկոնոմիկայի նախարարությունից «Առավոտին» տեղեկացրին, որ այս չափի տնտեսական անկումը սպասելի էր. «Ենթադրվում էր, որ տնտեսական անկումը ԿԲ-ի կանխատեսած 5,8%-ից ավելի կլինի: Այս անկումը հիմնականում պայմանավորված է շինարարության ծավալների անկմամբ, որը ՀՆԱ-ի մեջ մեծ ծավալ է կազմում: Այժմ Գյումրիում եւ Երեւանում շինարարության ոլորտում իրականացվելիք ծրագրեր կան եւ կարծում ենք, որ առաջիկա ամիսներին վիճակը կշտկվի: Աշխարհի շատ այլ երկրներում եւս գրանցվել է երկնիշ տնտեսական անկում: Ենթադրվում է, որ մյուս տարի ցուցանիշները դրական կլինեն»: Ռեկորդային ցածր տնտեսական անկման ցուցանիշի վերաբերյալ երեկ «Առավոտի» հետ զրույցում իր կարծիքը հայտնեց նաեւ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը. «Այս տարի տնտեսական անկումը կանխատեսվում է 5,4%-ի սահմաններում: Սակայն այն այժմ կազմել է մոտ 16%: Ամեն պահի իրականացվող կանխատեսումները իրականացվում են այդ պահին մեր ունեցած բոլոր տեղեկատվությունների հիման վրա: Այս խնդիրը առկա է ամբողջ աշխարհում: Նույն Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը իրենց կանխատեսումները պարբերաբար թարմացնում են եւ նշում, որ այդ կանխատեսումները ենթակա են փոփոխության: Սակայն նմանօրինակ տնտեսական անկում համաշխարհային տնտեսության մեջ, կարելի է ասել, վերջին 60 տարիների ընթացքում չի եղել: Ինչ վերաբերում է մեր կանխատեսումներին՝ 5.4%, մենք անգամ այդ գնահատականի ժամանակ ասել ենք, որ տարվա ընթացքում դինամիկան փոփոխվելու է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել