Երեկ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին նախագահել են հանձնաժողովի համանախագահներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայության, ամփոփվել են պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ՝ պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակման փուլի ընթացքում կատարված աշխատանքները: Ա. Բաղդասարյանը եւ Ս. Օհանյանը շնորհակալություն են հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Ա. Բաղդասարյանն առաջարկել է միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին մեկ շաբաթվա ընթացքում փաստաթղթի վերաբերյալ իրենց նկատառումները ներկայացնել հանձնաժողովի քարտուղարություն: Հանձնաժողովը որոշում է կայացրել մշակված փաստաթղթերի փաթեթը մինչեւ հուլիսի 1-ը ներկայացնել հանրապետության նախագահին: