«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր համաներում անցկացնելու մասին ՀՀ նախագահի առաջարկությունը, զուգահեռ անցկացրեց «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության եւ այսօր, մարտի 1-ի գործով ընթացող դատավարությունների միջեւ եւ հայտարարեց. «Համաներման գործընթացին նախորդող դատավարությունները ամրապնդեցին մեր հեղինակազրկված դատարանների բավականին խոշոր աշխատավարձ ստացող, սակայն այդպես էլ ծառայամտությունը չթոթափած դատավորների ու պատվեր կատարող դատախազների նկատմամբ մեր մեջ արմատավորված անսահմանության հասնող բացասական կարծիքը: Օրինակ, ուզում եմ հիշեցնել պետական մեղադրող Կորյուն Փիլոյանի (վերջինս այժմ որպես մեղադրող է հանդես գալիս մարտի 1-ի գործով դատավարությունների մեծ մասում- Մ. Ե.) «ծառայությունները» «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ժամանակ: Այս դատավարությանը որպես պետական մեղադրող նա սկսեց մասնակցել բավականին ուշ, որից հետո ամբողջությամբ շեղվեց դատավարության ընթացքը, եւ նա, առաջնորդվելով միայն իր անձին հայտնի շահերով, օգնեց դատավարությունը տապալելուն: Արդյունքում մոտ երեք տարի տեւած դատավարությունից հետո հասարակությունը, մենք ոչինչ ավելին չիմացանք, քան գիտեինք դեռ 1999 թվականի հոկտեմբերի 28-ին: Այդպես էլ չբացահայտվեցին սահմռկեցուցիչ պետական ահաբեկչությունը կազմակերպողները, մեր պետությունը գլխատողները, եւ ահաբեկչությունը մեզանում բնավորվեց այնքան հիմնավոր, որ այսօր սպառնում է բոլորին, բոլորին՝ թե այստեղ նստողներին, թե դրսում գտնվողներին, թե աշխատողներին, թե չաշխատողներին, բոլորին»։