ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են համաներումը, բայց շարունակելու են հետեւել դրա կիրառմանը
ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը եւ ԵԽԽՎ-ում
Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝
Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից առաջ:
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը երեկ ընդունեց բանաձեւի նախագիծ, որում գնահատվում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ այս կառույցի 3 բանաձեւերի կատարումը: Զեկույցը եւ նոր բանաձեւի նախագիծը դեռեւս հրապարակված չեն: Նիստից հետո ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց. «Գնահատականն ընդհանուր առմամբ դրական է: Բայց Հայաստանն անշուշտ շարունակելու է մնալ մոնիտորինգի ներքո: Նշվեցին նաեւ առաջիկա խնդիրները՝ առաջնահերթ խնդիր է համարվում ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելը: Կարեւորվեց այնպիսի մեխանիզմների ամրագրումը, որոնք կբարձրացնեն հանրային վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ, մասնավորապես՝ ստուգման, վերստուգման մեխանիզմները, որոնք պետք է լինեն այնպիսին, որ ինքնին վերացնեն կասկածները եւ ունենան կանխարգելիչ նշանակություն»:
Դավիթ Հարությունյանը Հայաստանի իշխանության միակ ներկայացուցիչն էր, որը ելույթ ունեցավ այս նիստում, մյուս 3 ելույթ ունեցողները ընդդիմադիրներ էին: Նրանցից մեկը՝ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, հայ լրագրողներին պատմեց. «Հիմնական հարցը, որն ամբողջ տրամաբանությունը շուռ է տվել դեպի դրականը, իհարկե, համաներումն է: Դրա հետ կապված շատ ողջունելի, դրական հաստատումներ կան փաստաթղթում: Բայց նաեւ նշում են, թե պետք է հետեւեն համաներման կիրառման խնդիրներին: Շատ լուրջ հարցադրումներ կան այն առնչությամբ, որ դադարել է փաստահավաք խմբի գործունեությունը, եւ հարցերը մնում են առկախ, խնդիրները լուծում չեն ստացել: Այդ իմաստով՝ ծանրության կենտրոնն այսօր տեղափոխվում է (եթե չի ստեղծվում նոր փաստահավաք խումբ, իսկ նման պահանջ չկա բանաձեւի նախագծում) դեպի ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Սակայն ընդգծված է՝ հետընտրական ճգնաժամի հաղթահարման առնչությամբ համաներման փաստը դիտվում է կարեւոր քայլ»:
Այս նիստի սկզբում ելույթ ունենալու հրավեր էին ստացել ինչպես վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, որը մոնիտորինգի հանձնաժողովի անդամ չէ, այնպես էլ ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:
Զարուհի Փոստանջյանը նիստի սկսվելուց առաջ մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին տրամադրեց մի շարք տեղեկանքներ՝ մեկով հիմնավորվում էր, որ քաղաքական հայացքների պատճառով կալանավորված 18 հոգու նկատմամբ չի տարածվել համաներումը, մի առանձին տեղեկանք Խաչատուր Սուքիասյանին եւ Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքների եւ նրանց գործում թույլ տրված խախտումների վերաբերյալ էր, եւ երրորդը՝ փաստահավաք խմբի լուծարման մասին: Ելույթում էլ, ըստ Զարուհի Փոստանջյանի, ինքն անդրադարձել է հետախուզման մեջ գտնվողների վիճակին, նշելով, թե չգիտեն՝ ինչպիսին է լինելու նրանց ճակատագիրը: Նաեւ խոսել է 8 տարվա ազատազրկման դատապարտված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի մասին. «Ասացի, որ զոհերի հարազատներն էլ որեւէ արդյունավետ միջոց չունեն իրենց իրավունքները ներկայացնելու համար՝ դատախազությունը այս կապակցությամբ չի իրականացրել լիարժեք գործընթաց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան»:
Արման Գրիգորյանն իր ելույթի սկզբում շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ-ին, նաեւ համազեկուցողներ Պրեսկոտին ու Կոլոմբիեին (վերջինս ներկա չէր քննարկմանը), ինչպես նաեւ՝ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին. «Իրենց ջանքերի համար՝ օգնելու հաղթահարել այն քաղաքական ճգնաժամը, որի մեջ Հայաստանը հայտնվել է անցած տարվա նախագահական ընտրություններից հետո: Չլինեին այդ ջանքերը՝ կլինեին ավելի շատ քաղբանտարկյալներ Հայաստանում, քան կան հիմա, եւ դեռ Քրեական օրենսգրքում կմնային 300 եւ 225 հոդվածի 3-րդ մասերը»: Սակայն ըստ նրա՝ չնայած այս ձեռքբերումներին, շատ հեռու ենք արձանագրելուց, որ ԵԽԽՎ աշխատանքը Հայաստանում ավարտված է, եւ համաներումը նույնիսկ ավելի է բարդացրել մնացած քաղբանտարկյալներին ազատ արձակելու գործը, քանի որ դրանով սահմանափակվեց իրավական այն գործիքների թիվը, որոնք կիրառելի էին քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: «Իշխանությունները տորպեդահարում են մարտի 1-ի դեպքերի հետաքննությունը»՝ Արման Գրիգորյանի այս եւ հետեւյալ դիտարկմանը, թե փաստահավաք խմբի լուծարման պատասխանատվությունը իշխանություններինն է՝ անհամաձայնություն է հայտնել Ջոն Պրեսկոտը. «Նրա կարծիքով, հենց փաստահավաք խմբում ներգրավված փորձագետները չկարողացան իրենց քաղաքական հայացքները եւ նկատառումները մի կողմ դնել ու աշխատել որպես անկախ փորձագետներ»,- պատմեց Արման Գրիգորյանը: Զարուհի Փոստանջյանն այս կապակցությամբ ասաց. «Պրեսկոտը նման գնահատականի իրավունք չուներ: Եթե ծանոթ էր հրապարակված զեկույցներին՝ թող դրանց գնահատական տար, ոչ թե անձանց»: ՀԱԿ ներկայացուցիչը, սակայն, հավելեց. «Միեւնույն ժամանակ, պրն Պրեսկոտը չէր համարում, թե նորմալ է, որ փաստահավաք խումբն այլեւս գոյություն չունի: Եվ նա շատ անհանգստացած էր ու ասաց, որ համաձայն չէ Վահե Ստեփանյանի վարքագծին՝ նա պետք է դիմանար ու շարունակեր»:
Արման Գրիգորյանը ելույթի մի ծավալուն հատված էլ վերջին ընտրությունների մասին էր: Նա մասնավորապես նշել է, թե ընտրությունների որակը Հայաստանում վատից վատթար է դառնում, եւ դրա վկայությունը Երեւանի ավագանու ընտրություններն էին: Նաեւ առաջարկել է, որ ԵԽԽՎ պատվիրակներն այդ ընտրությունների մասին տեղեկություններ ստանան եվրոպական երկրների մի շարք դիվանագիտական առաքելություններից, որոնք դիտարկում էին այս ընտրությունները. «Ասենք, Բրիտանիայի դեսպանը հետաքրքիր պատմություններ կպատմի»: Բայց Ջոն Պրեսկոտն, ըստ Զարուհի Փոստանջյանի՝ ասել է. «Ես վերջին ընտրությունների մասին չեմ ուզում որեւէ բան ասել, քանի որ դա մեր առաքելության մեջ չի մտնում: Իր առաքելությունը ստեղծված իրավիճակի, վերջին շրջանի իրադարձությունների մասին է, թե ինչպես կարող են ավագանու ընտրությունները դրանց մեջ չմտնել՝ ես այդպես էլ չհասկացա»:
Ընդդիմության այս երկու ներկայացուցիչների ելույթներից հետո բանաձեւի նախագծի քննարկումը շարունակվեց առանց նրանց: Նշենք, որ Ջոն Պրեսկոտից, հետո՝ Դավիթ Հարությունյանից եւ Արմեն Ռուստամյանից բացի՝ այլ ելույթներ չեն եղել: Այլ երկրների պատվիրակները միայն խմբագրական առաջարկներ են արել բանաձեւի նախագծի վերաբերյալ: Բոլոր առաջարկները կքննարկվեն մոնիտորինգի հանձնաժողովի հունիսի 24-ի նիստում, որից հետո երեկոյան այս փաստաթուղթը կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում: