Երեկ ԵԽԽՎ խմբակցություններից մեկի՝ Եվրոպական լիբերալների եւ դեմոկրատների ալիանսի՝ ALDE-ի նիստում բանավեճ է տեղի ունեցել խմբի երկու անդամների՝ բրիտանացի պատվիրակ Մայքլ Հենքոքի եւ Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանի միջեւ: Վերջինս պատմեց «Առավոտին». «Օրակարգում մեզ վերաբերող խնդիր չկար: Վրաստանի կին պատվիրակներից մեկը խոսում էր իրենց ներքաղաքական իրավիճակի եւ ՌԴ-ի հետ կոնֆլիկտի մասին: Բայց քանի որ պրն Հենքոքը, մեղմ ասած՝ «շեղված է» հայաստանյան թեմայի վրա, ակնհայտ էր, որ եթե նույնիսկ խոսվեր ստրասբուրգյան անձրեւի մասին՝ նա պիտի տրանսֆորմացներ Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին: Եվ ելույթում նա խոսեց Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցի քննարկման մասին ու նշեց, թե Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչն ասել է, որ եթե բոլորն ազատված չեն՝ ուրեմն, խնդիրը դեռ կա, եւ ԵԽԽՎ-ն պետք է հետամուտ լինի, որ այն մնա օրակարգում: Ելույթ ունեցա եւ ասացի, թե իմ երկրում ասացվածք կա՝ «արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին». հիմա սա վերաբերում է պրն Հենքոքին: Ես նրան խորհուրդ եմ տալիս իր անսպառ էնտուզիազմը եւ էներգիան պահել հունիսի 24-ի համար, քանի որ ակնհայտ է, որ նա անպայման միտինգ է անելու մեր հարցի քննարկման ժամանակ: Եվ ցավում եմ, որ թեեւ համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն դրական գնահատական են տվել մեր պարտավորությունների կատարմանը՝ այն այսպես ցավագին է ընկալել պրն Հենքոքը, բայց նրան խորհուրդ եմ տալիս հաշտվել իրականության հետ՝ Հայաստանը հիմնականում կատարել է այն բոլոր խնդիրները, որոնք առաջադրել էր ԵԽ-ն: Իհարկե, ինձ համար հասկանալի են պրն Հենքոքի «հայաստանատյացության» հիմնական մոտիվները»: