Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու չթողեցին Շիրակին

Հունիս 23,2009 00:00

Երեկ «Հզոր Հայրենիք» կուսակցության վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ֆրիդրիխ Նաումանի» անվան գերմանական հիմնադրամի նախաձեռնությամբ, նախապես կազմված ծրագրով, Թբիլիսիում կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար Հայաստանից մեկնող խումբը, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Ստեփան Մարգարյանը, «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, հունիսի 19-ին, ժամը 21-ի սահմաններում, չի կարողացել ամբողջ կազմով մուտք գործել Վրաստան: Սադախլոյի անցակետում Վրաստանի սահմանապահ ծառայությունները, թույլատրելով խմբի երեք անդամների մուտքը Վրաստան, հայտարարել են, որ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստանի տարածք արգելված է (անգամ այն դեպքում, երբ նա ներկայացրել է ՀՀ դիվանագիտական անձնագիրը):

Հայկական խումբը, ներկայացնելով ստացված հրավերը, տեղեկացրել է, որ նախապես պայմանավորվածության համաձայն, իրենք պետք է հանդիպումներ ունենան Վրաստանի արտգործնախարարության, ռեինտեգրացման նախարարության, մի շարք հասարակական կազմակերպությունների եւ մամուլի ներկայացուցիչների հետ: Քննարկումների թեմաները պետք է լինեն հայ-վրացական հարաբերությունների, Վրաստանի ազգային փոքրամասնությունների, տարածաշրջանային ինտեգրացիայի հետ կապված հիմնախնդիրները:

Միջադեպը հարթելուն ուղղված բոլոր ջանքերն անցել են ապարդյուն: Անարդյունք է անցել անգամ Վրաստանի սահմանապահ ծառայությունների կողմից անվտանգության կենտրոնական մարմիններին դիմելու փորձը: Ի նշան բողոքի հայկական խումբը վերադարձել է Հայաստան:

Դատապարտելով եւ խիստ մտահոգիչ բնութագրելով տեղի ունեցած դեպքը՝ մեր զարմանքն ենք արտահայտում Վրաստանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի նախօրեին վրացական իշխանությունների նման քայլի կապակցությամբ:

Հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների համար, անշուշտ, վճռորոշ դեր են խաղում հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ դարավոր, ավանդական բարեկամական կապերը, որոնց ամրապնդման համար միշտ իր հստակ դիրքորոշումն է ցուցաբերել «Հզոր Հայրենիք» կուսակցությունը, մասնավորապես նրա փոխնախագահ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Միջադեպի առնչությամբ ակնկալում ենք նաեւ ՀՀ ԱԺ-ի, ինչպես նաեւ ՀՀ արտգործնախարարության ակտիվ դիրքորոշումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել