Ընդդիմության վերջնական հաղթանակին երեկ ազատ արձակված 15 քաղբանտարկյալները, իրենց ասելով, հասնելու են պայքարի «24-ժամյա գրաֆիկով» աշխատելու արդյունքում:
Մի մասին ազատ արձակեցին
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի տարբեր դատարաններում, բայց գրեթե միաժամանակ, կայացվեցին 2008թ. մարտիմեկյան դեպքերի առնչությամբ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող 4 քաղբանտարկյալների՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Սիրուն Սիրունյանի դատավճիռները: Ինչպես եւ ակնկալվում էր, նրանք բոլորն էլ մեղավոր ճանաչվեցին իրենց առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտվեցին 5-ական, իսկ Սուրեն Սիրունյանը՝ 4 տարվա ազատազրկման: Միեւնույն ժամանակ նրանց բոլորի նկատմամբ կիրառվեց ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշումը, ու 4-ն էլ հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: Նրանց ծափողջույններով եւ «Հերոսներ», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» վանկարկումներով դիմավորեցին Հայ ազգային կոնգրեսի անդամներն ու շարքային քաղաքացիները: Ազատ արձակվածները, բացառությամբ Հակոբ Հակոբյանի, հանդիպեցին արդեն Մյասնիկյանի արձանի մոտ: Նրանք ծաղիկներ դրեցին արձանի պատվանդանին՝ հարգանքի տուրք մատուցելով մարտիմեկյան զոհերի հիշատակին, նաեւ շնորհակալություն հայտնեցին այնտեղ հավաքված քաղաքացիներին՝ նրանց ավելի քան մեկ տարի շարունակվող ակտիվ ու նաեւ իրենց ազատ արձակման համար պայքարի համար: «Պայքարը շարունակվում է»,- հայտարարեց Ալ. Արզումանյանը:
Դատապարտեցին 8 տարվա ազատազրկման
Իսկ ՀՀ ԱԺ պատգամավոր Հ. Հակոբյանը ազատ արձակվելուց անմիջապես հետո մեկնել էր Կոտայքի մարզ՝ Աբովյան քաղաք, որտեղ երեկ հրապարակվեց նրա մտերիմ ընկերոջ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դատավճիռը: Ավելի ուշ Աբովյան մեկնեցին նաեւ Ալ. Արզումանյանը, Ս. Սիրունյանն ու Մ. Մալխասյանը: Իսկ Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանը Ս. Միքայելյանին, որի վրա հայտարարված համաներումը չէր ազդելու, դատապարտեց 8 տարի ազատազրկման: Դատական նիստը Աբովյանում մեկնարկեց շիկացած մթնոլորտում: Հ. Հակոբյանին այդպես էլ թույլ չտրվեց մտնել դատարանի շենք: Իսկ շենքի բակում հավաքված մի քանի տասնյակի հասնող մարդիկ դեռ թաքուն հույս ունեին, որ Ս. Միքայելյանին եւս դատարանի դահլիճից ազատ կարձակեն: Ս. Միքայելյանը, իհարկե, իր նկատմամբ կայացված վճռից անակնկալի չէր եկել: Նրա համար «էս երկրից ամեն ինչ սպասելի է»:
Դատավոր Հրայր Սարգսյանը դատավճիռը կարդացել է Ս. Միքայելյանի եւ դատարանի դահլիճում ներկա գտնվողների հայրենասիրական երգերի ներքո, իսկ վճիռը ընթերցելուց հետո պարզապես փախել է նիստերի դահլիճից: Վճռի հրապարակումից հետո դահլիճում արտասվողների պակաս չկար: Հուզվել էր նաեւ պատգամավորի պաշտպան Հովիկ Արսենյանը, իսկ Ս. Միքայելյանը բոլորին հանգստացնողի ու մխիթարողի դերում է եղել: Ի դեպ, դատարանի դահլիճում եւ դրանից դուրս՝ շենքի բակում, հավաքվածները, չհամակերպվելով դատավորի որոշման հետ, արդեն նիստից հետո շենքից դուրս փակել են այն մեքենայի ճանապարհը, որով Ս. Միքայելյանին տեղափոխելու էին մեկուսարան: Կանանցից մեկը նույնիսկ փորձել է պառկել մեքենայի ճանապարհին, բայց ոստիկանները ուժի կիրառմամբ հեռացրել են ե՛ւ նրան, ե՛ւ մյուսներին:
«Ի՞նչ է նշանակում խիստ վերաբերմունք ազգային հերոսի նկատմամբ, որը երբեւէ որեւէ օրենքին հակասող գործողություն չի արել: Նա ազնվագույն մարդ է, որը ոչ մի բանում մեղավոր չի»,- հայտարարել է Ալ. Արզումանյանն ու վստահեցրել, որ պատգամավորը վաղ թե ուշ միեւնույն է՝ արդարացվելու է՝ եթե ոչ հայաստանյան, ապա եվրոպական դատարանում. «Ես ուղղակի նողկանք եմ ապրում այս ամենից»:
«Առավոտի» հարցին ի պատասխան՝ Ս. Սիրունյանն էլ նկատեց, թե իշխանությունները դաժան վերաբերվեցին ոչ միայն Ս. Միքայելյանի, այլեւ այն բոլոր տղաների նկատմամբ, որոնք շարունակում են մնալ բանտում: «Դա ցույց է տալիս, որ իշխանությունը վրեժխնդրության, մանրախնդիր լինելու բեռը դեռ չի թոթափել»,- ասաց Ս. Սիրունյանը:
Առաջիկա քայլերի մասին խոսելով՝ նա ասաց, թե «պայքար, պայքար»-ի գրաֆիկը պիտի փոխվի՝ պայքարի 24 ժամանոց գրաֆիկով: Թե՛ համաներումը, թե՛ այսօր «Յոթի» գործով իրենց կայացրած դատական բոլոր ակտերը միանշանակ անօրինական էին: Դատական նիստերի ընթացքում էլ մենք հայտարարեցինք, որ Մնացական Մարտիրոսյանը կամ մեկ այլ դատավոր չէ, որ այդ վճիռը պիտի կայացներ, քանի որ մենք նրանցից արդարություն չէինք էլ ակնկալում, որովհետեւ մենք վստահ էինք, որ դատավճիռը շատ վաղուց գրված, դրված է եղել Բաղրամյան 26-ում»: Ե՛վ Ս. Սիրունյանը, ե՛ւ մյուս քաղբանտարկյալները մտադիր են բողոքարկել իրենց համար կայացված դատավճիռները: «Միանշանակ բողոքարկելու ենք, բայց ոչ այս պահին, որովհետեւ վաղվանից պետք է զբաղվենք մեր այն ընկերներով, ովքեր շարունակում են մնալ իշխանական զնդաններում»,- ասաց Ս. Սիրունյանը:
Առաջին նախագահը դիմավորեց քաղբանտարկյալներին
Երեկ վաղ առավոտից «Վարդաշենում» պահվող եւ արդեն դատապարտված եւ համաներմամբ ազատ արձակված եւս 11 քաղբանտարկյալներին դիմավորելու էին գնացել ոչ միայն նրանց հարազատները, այլեւ Հայ ազգային կոնգրեսի տասնյակ ներկայացուցիչներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ, որոնք ժամանակ առ ժամանակ վանկարկում էին «Ազատություն» եւ «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» կարգախոսները: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը արդեն ազատության մեջ հայտնվելով՝ հայտարարեց, թե իրենք համաներմանը չէ, որ սպասում էին, նաեւ նկատեց, թե այդ համաներումը իշխանությունների կողմից ճղճիմ ու վախեցած քայլ էր: Նա ասաց, որ այդ ազատությունը իրենք նվաճել են ժողովրդի հետ միասին, եւ խոստացավ շարունակել պայքարը նաեւ անազատության մեջ մնացած մյուս բոլոր քաղբանտարկյալների ազատության համար՝ արդեն կրկնակի եռանդով: Ս. Այվազյանը հույս հայտնեց, որ այդ մարդիկ էլ շուտով, շնորհիվ ժողովրդի եւ իրենց պայքարի, մոտ ապագայում, թերեւս՝ աշնանը ազատ կարձակվեն: Ս. Այվազյանն ասաց, թե առաջինը, ինչ ուզում է եւ անելու է՝ այցելել Եռաբլուր:
Ի դեպ, հեռանալիս քաղբանտարկյալները վանկարկեցին իրենց զինակցի՝ Մուշեղ Սաղաթելյանի անունը, որի վրա համաներումը չի տարածվել: Արդեն երեկոյան, ժամը 18:00-ին, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Կոնգրեսի համակիր քաղաքացիները Մարտիրոս Սարյանի արձանի տարածքում դիմավորեցին նաեւ ազատ արձակված բոլոր 15 քաղբանտարկյալներին: Հավաքվածները, որոնց թիվն անցնում էր մի քանի հարյուրից, պարբերաբար վանկարկում էին Կոնգրեսի կարգախոսները, իսկ ժամանող քաղբանտարկյալներին դիմավորում երկարատեւ ծափողջույններով ու նրանց անունները վանկարկելով: «Կիսատ հանդուրժողականություն, ներողամտություն, մեծահոգություն… Այդպիսի համաներում չի լինում»,- ասաց Մ. Մալխասյանը: Ի դեպ, նա դեռ դատարանից ազատ արձակվելուց հետո էր հայտարարել, որ մտադիր է վայր դնել իր պատգամավորական մանդատը, որովհետեւ իրեն այդ խորհրդարանում եւ այն մարդկանց կողքին, ովքեր ավելի քան 1 տարի առաջ առանց լուրջ փաստարկներ ունենալու զրկել էին իրենց անձեռնմխելիությունից եւ կալանավորման թույլտվություն տվել, իրեն այլեւս չի պատկերացնում:
Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասաց, թե ինքն այնքան չի պայքարել իր ազատության համար, որքան ժողովուրդը. «Իրենց չարչարանքի արդյունքում է, որ մենք ազատության մեջ ենք»: Խոսելով Ս. Միքայելյանին 8 տարի ազատազրկման դատապարտելու մասին՝ Հ. Հակոբյանը հույս հայտնեց, որ նրան էլ են ազատ արձակելու. «Էս ժողովրդին որ ես տեսնում եմ, դրանում համոզված եմ: Սասունին առայժմ պատանդ են պահում: Բոլորս էլ լավ գիտենք, որ էդ զինամթերքը, որի պատճառով նրան պահեցին, որ ման գան փողոցներում՝ ավելի շատ կգտնեն, մանավանդ, որ իրենք (իշխանությունները) լավ գիտեն, թե ինչ էր: Սասունը զինվոր է: Մենք էն ժամանակ, որ գիտեինք կարող է 15 տարի տան, էլի պատրաստ էինք: Իրանք ինչքան երկար պահեն Սասունին, դրանով իրենք իրենց են վարկաբեկելու: Ի՞նչ ուզեցին ապացուցել: Ինչ անում են՝ իրենց դեմ են անում: Մեզ էսքան պահելով մեզ ի՞նչ արեցին: Կարող ա՝ պլեն ընկած լինեինք ու մի 15 տարի մնայինք պլենում: Մենք հենց սկզբից էլ տենց էինք համարում: Մենք հանցագործություն, եսիմ ինչ չէինք արել, որ ներեին: Կարեւորը ժողովրդի 99 տոկոսը գիտի, թե մենք իրականում ինչ ենք արել, մնացածը՝ թե դա իշխանությունը ոնց էր մեկնաբանում, ինձ արդեն չի հետաքրքրում»:
Այցելեցին Եռաբլուր
Սարյանի արձանի մոտ տեղի ունեցած հանդիպումը տեւեց մոտ 3 ժամ, որից հետո Սմբատ Այվազյանն ու Հակոբ Հակոբյանը իրենց մի քանի տասնյակ ընկերների եւ «Հանրապետություն» կուսակցության անդամների հետ այցելեցին Եռաբլուր եւ ծաղիկներ դրեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմին:
Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, չի բացառվում, որ առաջիկա շաբաթ օրը Մատենադարանի մոտ հանրահավաք հրավիրվի: