Երեկ քաղբանտարկյալների կանայք, Հայ ազգային կոնգրեսի անդամներն ու Կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ խորհրդարանի շենքի դարպասների մոտ: Նրանք, որ վրդովված էին երեկ ԱԺ-ում քննարկվող համաներումը միայն քաղբանտարկյալների մի մասի վրա տարածվելու փաստից, վանկարկում ու պահանջում էին ազատություն 2008թ. հետընտրական գործընթացներից ու մարտիմեկյան իրադարձություններից հետո ազատազրկված բոլոր անձանց համար: Մարդիկ եկել էին անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հարազատ գյուղից՝ Վանատուրից, ու պահանջում էին իրենց համերկրացու անհապաղ ազատ արձակումը: «Քանի՞ փոս պետք է լցնել, ասֆալտապատել մեկ սպանության մեղքը քավելու համար, իսկ սպանվածները 10-ն են», «Քանի՞ ծառ պետք է տնկել մեկ սպանության մեղքը քավելու համար, իսկ սպանվածները 10-ն են», «Քանի՞ բարեգործություն պետք է անել մեկ սպանության մեղքը քավելու համար, իսկ սպանվածները 10-ն են». այսպիսի պաստառներ պարզած՝ քաղաքացիները երեկ կեսօրից մինչեւ ԱԺ նիստի ավարտը շարվել էին խորհրդարանի մայթին: «Մեզ համաներումը պետք չի, թող իրանք իրանց ներեն, իրենց հանցագործներին ներեն: Մենք պահանջում ենք, որ մեր ընկերներին ազատեն: Ես ուզում եմ հարց տալ, թե ովքեր են համարձակվում, որ ներում անեն մեր ընկերներին»,- ասում էր նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին: Ցուցարարների թվում էր, իհարկե, նաեւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը: Նա ասաց, թե համաներումը անարդար է ոչ միայն այն պատճառով, որ ոչ բոլոր քաղբանտարկյալների վրա է տարածվում, այլեւ այն, որ քաղբանտարկյալները ներում ստանալու կարիք չունեն. «Նրանք պետք է արդարացվեն: Սերժ Սարգսյանի նվերը մեզ պետք չի»: