Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ՎՐԱ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ

Հունիս 20,2009 00:00

ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը Վիկտոր Դալլաքյանի հարցերին պատասխանելով՝ ասաց, որ նախատեսվող համաներումը 90 տոկոսով կտարածվի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների մասնակիցների վրա, այդ թվում՝ համաներումը կտարածվի Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Սմբատ Այվազյանի վրա: Իսկ Սասուն Միքայելյանի մասով ասաց. «Նա մեղադրվում է 235 հոդվածի 2-րդ մասով, եւ 8-րդ կետի համաձայն՝ համաներում այդ անձի վրա չի տարածվում: Մնացած բոլորի վրա համաներումը կտարածվի, իսկ թե ինչ չափով՝ դա արդեն պայմանավորված է պատժաչափով»: Նաեւ նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանը եւ Սմբատ Այվազյանը կազատվեն անվերապահորեն: Վիկտոր Դալլաքյանը պարզաբանումներ խնդրեց նաեւ Խաչատուր Սուքիասյանի եւ Նիկոլ Փաշինյանի մասով: Նախարարը ասաց. «Նրանք եւս ենթակա են համաներման, եթե մինչեւ հուլիսի 30-ը ներկայանան համապատասխան մարմիններ»: Քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն առաջարկել էր, որ հետախուզման մեջ գտնվողների ներկայանալուն պես նրանց նկատմամբ անմիջապես համաներում կիրառվի: Արդարադատության նախարարն այս առաջարկությունը չընդունեց: Ըստ համաներման տեքստի, եթե հետախուզման մեջ գտնվողները վերադառնան մինչեւ հուլիսի 31-ը, ապա նրանց նկատմամբ նախաքննություն պետք է կատարվի, գործը դատարան հասնի, վճիռ կայացվի, եւ եթե նրանց պատժաչափը 5 տարուց ավելի չլինի, այդ դեպքում միայն նրանց նկատմամբ հնարավոր կլինի համաներում կիրառել: Ստացվում է, որ Խաչատուր Սուքիասյանի, Նիկոլ Փաշինյանի եւ հետախուզման մեջ մյուս գտնվողների վրա համաներումը կարող է եւ չտարածվել: Համաներումը չի տարածվում եւս մոտ երկու տասնյակ անձանց վրա, ովքեր այս կամ այն կերպ կապ են ունեցել մարտի 1-ի դեպքերի հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել