Հուլիսի 15-ին «Արի տուն» ծրագրով Հայրենիք կժամանի վաղօրոք հայտ ներկայացրած սփյուռքահայ պատանիների եւ աղջիկների առաջին խումբը: Ծրագրի առաջին փուլում մոտավորապես 100 հոգի, նախնական պայմանավորվածության համաձայն, կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում՝ Երեւանում եւ մերձակա շրջաններում: Սփյուռքահայ երիտասարդները Հայաստան կգան Եգիպտոսից, Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Վրաստանից: Ըստ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ գրեթե լիովին ավարտվել են հյուրընկալող ընտանիքների կենցաղային պայմանների, բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրման աշխատանքները, եւ հիշյալ ընտանիքները պատրաստ են սիրով կրելու այս ժամանակավոր, բայց եւ հաճելի պատասխանատվությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սփյուռքահայ երեխաների եւ երիտասարդների առօրյային պարբերաբար կհետեւեն աշխատանքային խմբերը, որոնք կկազմակերպեն հագեցած եւ հետաքրքիր կրթամշակութային ծրագրեր՝ նրանց առօրյան ավելի հիշարժան եւ արդյունավետ դարձնելու նպատակով: