Հունիսի 18-ին Նյու Յորքում ՀՅԴ ներկայացուցչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու, հայ համայնքի բազմաթիվ ակնառու դեմքեր, ՀՅԴ անդամներ:
«Ա1+»-ի մատուցմամբ, հանդիպման մասնակիցներից մեկը՝ «Հույս» կազմակերպության նախագահ Կարեն Հակոբյանը, նախկին նախարարին հարց է ուղղել 2008թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպեց ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ ինքը՝ Վարդան Օսկանյանը, եւ արդյոք իրեն պատասխանատու չի՞ զգում 10 տարի շարունակ ժողովրդի նկատմամբ իրականացված քրեական հանցագործությունների համար: «Ես շատ ուզում եմ, որ բոլորդ գնաք եւ նայեք իմ մամուլի ասուլիսի ձայնագրությունը. արցունքները աչքերիս մեջ էի խոսում: Գուցե շատ նայիվ էի այն ժամանակ, մտածելով, որ իմ ելույթը հնարավորություն կստեղծի զոհերից խուսափելու, եւ ես հուսով էի, որ իմ արած քայլով կանխում եմ հետագա վայրագությունները: Ես բոլորովին չեմ փոշմանում իմ տված ասուլիսի համար, գտնում եմ, որ շատ ճիշտ եմ արել, բայց, ցավոք, այդպես եղավ»: Վ. Օսկանյանը նաեւ հայտարարել է, թե ինքը գիտակցում է, որ «չենք կարողանա ժողովրդավարություն կառուցել առանց արդար ընտրությունների, որ պետք է կարողանանք այնպիսի ընտրություններ անել, որ ժողովուրդը չկասկածի արդյունքների մեջ, քանի որ լեգիտիմ իշխանությունը ամենակարեւոր բանն է: Եվ հենց դրա համար էլ լքեցի իշխանությունը եւ ստեղծեցի իմ կազմակերպությունը՝ «Սիվիլիթասը», որ կարողանանք հաջորդ անգամ կազմակերպել արդար ընտրություններ»: