Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է, ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԸ՝ ԽԱՆԴԱՎԱՌՎԵԼ

Հունիս 20,2009 00:00

Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը այցելել է օրեր առաջ ուժգին քամու եւ կարկտահարության հետեւանքով տուժած համայնքներ եւ վերջում Ամասիայի տարածաշրջանի գյուղապետերի հետ քննարկել համայնքների հողի հարկի պարտքերի հավաքագրման եւ այդ ուղղությամբ տարվելիք աշխատանքների վիճակը: Ըստ մարզպետարանի՝ տիկին Նանյանը խիստ քննադատել է այն համայնքների ղեկավարներին, ովքեր մինչ օրս չեն ծանուցել իրենց համայնքների բնակիչներին կառավարության կարեւոր որոշումների մասին: Ոմանց էլ մարզպետը քննադատել է «սեփական համայնքների նկատմամբ անսրտացավ մոտեցման համար՝ մասնավորապես ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակի պատճառով: Կարելի է եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե հարթեցման աշխատանքների միջոցով որոշ չափով անցանելի դարձնել ճանապարհները»:

Իսկ երբ մարզպետը խոսել է Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների համայնքներում ոչխարաբուծության զարգացման մասին եւ նկատել, որ այս շրջանները դեռեւս խորհրդային տարիներից մշտապես աչքի են ընկել անասնաբուծության լավ ցուցանիշներով, «համայնքների ղեկավարները բավականին խանդավառությամբ ընդունեցին մարզպետի առաջարկը ոչխարաբուծության զարգացման վերաբերյալ եւ խոստացան կարճ ժամկետներում բնակչության հետ բացատրական աշխատանքներ տանելուց հետո սկսել պայմանագրերի կնքման գործընթացը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել