Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՆԳԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ

Հունիս 20,2009 00:00

Երեկ պարզ դարձավ, թե նախորդ օրը ԿԳՆ-ից ով եւ ինչու է զանգել «Առավոտի» խմբագրություն եւ խնդրել շտապ լրագրող ուղարկել նախարարություն: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Երեկ երեկոյան պարզեցինք, որ զանգը իսկապես եղել է ԿԳՆ մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչությունից: Վարչության պետը աշխատակիցներից մեկին՝ մարզառազմական դաստիարակության բաժնի առաջատար մասնագետ Ալվարդ Էվոյանին կարգապահական նկատողության առաջարկ է ներկայացրել: Ի դեպ, այդ անձը նախկինում արդեն մեկ նկատողություն ստացել է: Հավանաբար երկրորդ նկատողության առաջարկը նրան վրդովեցրել է, եւ նա իր վրդովմունքը փորձել է այդպես արտահայտել: Հետո նաեւ պարզ դարձավ, որ այդ բաժնում երկու կին են աշխատում, որոնցից մեկը հիվանդության պատճառով չի եկել աշխատանքի, բացառվեց նաեւ քաղաքացիների զանգի տարբերակը ու պարզ դարձավ, որ զանգողը հենց իմ նշած անձնավորությունն է»: Ա. Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ գուցե կնոջը տեղում ճնշեցին, դրա՞ համար նա չներկայացավ: Նա պատասխանեց. «Քաղծառայության մասին օրենքով նա իր բողոք- դժգոհությունը պիտի ներկայացներ իր անմիջական ղեկավարին, այնինչ, նա փորձել էր դա անել անանուն զանգի միջոցով, մինչդեռ եթե երեկ նա ներկայացներ՝ կփորձեինք խնդիրը լուծել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել