Երեւանում ավարտական դասարանների աշակերտների ծնողները բողոքում են ավագ դպրոցների ներմուծման համակարգի դեմ: Մասնավորապես Երեւանի թիվ 166 դպրոցում սովորող աշակերտների ծնողները դժգոհություն են հայտնել այն փաստի վերաբերյալ, որ իրենց երեխաներին ստիպում են ստորագրել թիվ 159 դպրոցում ուսումը շարունակելու համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Հենց այստեղ 2009 թվականի սեպտեմբերին կտեղակայվի հերթական ավագ դպրոցը: Ծնողների մտահոգությունն է առաջացնում ոչ միայն դպրոցի եւ ուսուցչական կազմի փոփոխությունը, այլեւ այն, որ գրեթե բոլոր ավագ դպրոցները տեղակայված են Կենտրոն համայնքից դուրս: Ընդ որում, պաշտոնատար անձինք հաշվի չեն առնում այն փաստը, որ որոշ երեխաներ տառապում են ծանր հիվանդություններով, եւ նրանց համար բարդ է մեծ տարածություններ հահղթահարելը: Ծնողների խոսքերով, թիվ 166 դպրոցի ավագ դասարանների 20 աշակերտ տառապում են դիաբետով, ինչը հաշվի չի առնվել ԿԳՆ-ում: «Նախարարությունում մեզ խորհուրդ են տվել դժգոհության դեպքում փոխել դպրոցը»,- «Արմինֆո»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարել է ծնողներից մեկը: Չնայած այն հավաստումներին, որ բոլոր ավագ դպրոցները կզինվեն նորագույն լաբորատորիաներով եւ կապահովվեն նոր դասագրքերով, թիվ 159 դպրոցում օրինակի համար բացակայում է ջեռուցումը, ինչը նույնպես բողոքելու պատճառ է: Վրդովված ծնողները պատրաստ են ավագ դպրոցներին բոյկոտ հայտարարել: «Մենք այս համակարգի ներմուծումը համարում ենք մարդու իրավունքների խախտում եւ արդեն Օմբուդսմենի գրասենյակ համապատասխան բնույթի նամակ ենք ուղղել»,- հաղորդել են նրանք: Այդ հարցը լուծելու նպատակով իրենք պատրաստվում են հունիսի 26-ին անձամբ հանդիպել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հետ: