Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՐԱԿԱՆ» ԿՐՔԵՐ

Հունիս 20,2009 00:00

«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Սարուխանը չի հեռացվել» լուրից հետո խմբագրություն զանգեց ՀԳՄ Վանաձորի մասնաճյուղի նորընտիր նախագահ, «Երկունք» թերթի խմբագիր Մանվել Միկոյանը եւ արձագանքելով մեր թերթի նամակագիր Ա. Մարտիրոսյանին՝ ասաց, որ ինքը երբեք որեւէ մեկի ու ոչնչի չի ծառայել ու չի ծառայելու, բացի իր գործից: «Ինչ վերաբերում է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի հետ լավ հարաբերություններին, դա նորմալ է, որովհետեւ չկա մարդ, որ ինչ-որ մեկի հետ լավ չլինի: Իսկ այ, Ա. Մարտիրոսյան ծածկանունով հանդես եկած ընթերցողին կասեմ, որ ես գլխի եմ ընկնում, թե ով է: Նա ինձ որակել է այնպիսի բառերով, որոնք հենց իրեն են բնորոշ»,- հեռախոսով ասաց պարոն Միկոյանը:

Երեկ խմբագրություն զանգեց նաեւ ճանաչված բանաստեղծ, ՀԳՄ Վանաձորի մասնաճյուղի նախկին ղեկավար Հրաչյա Սարուխանը եւ ասաց, որ արդեն քանի տարի է՝ իր պաշտոնը հասարակական աշխատանքի նման էր, որովհետեւ դրա դիմաց չկար աշխատավարձ: Նա նաեւ նշեց, որ ըստ օրակարգի ներկայացվել է հաշվետվություն եւ կատարված աշխատանքը բավարար է գնահատվել, օրակարգում էլ ի սկզբանե չի եղել ՀԳՄ Վանաձորի մասնաճյուղի ղեկավարի ընտրության հարցը: Դա հանպատրաստից է մտցվել ու, Հ. Սարուխանի խոսքով, ինքն էլ ի սկզբանե ինքնաբացարկ է հայտնել: Բայց ժողովականները պնդել են, որ իր անունը լինի բյուլետենում եւ կայանա քվեարկություն: «Ես էլ հո խռովկան երեխա չէի, որ ժողովը կիսատ թողնեի ու հեռանայի: Այնպես որ՝ ես չեմ առաջադրել իմ թեկնածությունը ու հետո էլ պարտվել Մանվել Միկոյանին»,- ասաց բանաստեղծը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել