ԵՊՀ-ում անցկացվող ուսանող ստեղծագործողների ամենամյա մրցույթն այս տարի առանձնահատուկ էր: Այն իր մեջ ներառել էր նաեւ պետական այլ բուհերի ուսանողների: Լավագույն 3 տեղերի համար պայքարում էին 3-ական ուսանողներ, նախատեսվել էր նաեւ 8 խրախուսական պատվոգիր: Կազմակերպիչների հավաստմամբ, մրցույթին այս տարի ուսանողների ակտիվ մասնակցություն է արձանագրվել: Ժյուրիի հավանությանն էր արժանացել 17 արձակ եւ չափածո ստեղծագործություն: Հաղթողները՝ որպես մրցանակ ստացան պատվոգրեր եւ հուշանվերներ, իսկ 1-3-րդ մրցանակակիրները՝ նաեւ դրամական պարգեւներ: Ժյուրին գլխավորող ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի համոզմամբ, այս մրցույթը ստեղծագործելու լայն հնարավորություններ է ընձեռում ուսանողներին: «Այս սերունդը խիստ տարբերվում է նախորդ սերունդներից՝ ավելի համարձակ է ու նոր խոսք ունի ասելու»,- նշեց նա: Մրցույթի մասնակիցներին շնորհավորելու էր եկել նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը. «Ուրախ եմ, որ տարեցտարի մասնակիցների ակտիվությունը այս մրցույթին աճում է: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է նրանց ճանաչման ու հետագա գործունեության համար: Հուսով եմ՝ այս ուսանողների մեջ կգտնվեն ստեղծագործողներ, ովքեր հետագայում կարժանանան ավելի մեծ մրցանակների, իսկ մենք հպարտությամբ կհիշենք նրանց գործունեության սկիզբը»:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի խոսքով, մրցույթին մասնակցած լավագույն աշխատանքները կընդգրկվեն ԵՊՀ ծննդյան 90-ամյակին նվիրված մատենաշարում: