Սա ՄՕԿ-ի հիմնադրման տարելիցի շրջանակներում ավանդաբար այս օրերին անցկացվող ՀԱՕԿ-ի՝ այսօր կազմակերպած մասսայական վազքարշավի նշանաբանն է, որին մասնակցել կարող է ՀՀ 13-ից բարձր տարիք ունեցող ցանկացած բնակիչ, որի առողջությունը թույլ է տալիս:
Մասսայական մարզական միջոցառումներն այս տարի ազգային օլիմպիական կոմիտեները կարող են կազմակերպել մեկ շաբաթվա ընթացքում: Ինչպես բոլոր ազգային օլիմպիական կոմիտեներին հղած ուղերձում նշել է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն, օլիմպիական այս օրը տարբերվում է բոլոր ազգային եւ այլ տոնակատարություններից, չի պատկանում որեւէ երկրի, չի մեծարում որեւէ անձի, չի նշանակում հաղթանակ կամ մարտական իրադարձություն: Դա օլիմպիական շարժման ամենամյա համաշխարհային միակ միջոցառումն է, միասնության օր, որին մասնակցում են տարբեր սեռերի եւ տարիքային խմբերի մարդիկ:
Հայաստանում օլիմպիական վազքարշավին տարիներ շարունակ լիակատար իրավունքով մասնակցում են նաեւ սպորտի սայլակավոր սիրահարները: ՀԱՕԿ-ը լուրջ կազմակերպչական աշխատանքներ է կատարել նաեւ հանրապետության բոլոր մարզերում եւ ԼՂՀ-ում տարբեր մարզական միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ՝ դրանց ծրագրում ընդգրկելով նաեւ թիավարության մրցաձեւերը, սուսերամարտը, ձյուդոն, անվավոր դահուկավազքը, ըմբշամարտը, հեծանվավազքը եւ այլ մարզաձեւեր:
Իհարկե, մարզական տոնակատարության կենտրոնը Երեւանն է: Այսօր առավոտյան ժամը 9.45-ին հազարավոր վազքասերներ մեկնարկի կելնեն Հանրապետության հրապարակից: Նրանք կանցնեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի պողոտան, դրա սկզբնամասում գտնվող ստորգետնյա անցումով, «Հաղթանակ» կամրջով կընթանան «Հրազդան» ստադիոն եւ մարզակառույցի հարավային հրապարակում կհատեն մրցուղու եզրագիծը:
ՀԱՕԿ-ի մամուլի ծառայության տարածած տեղեկատվությամբ՝ վեց տարիքային խմբով անցկացված վազքարշավի հաղթողներին եւ մրցանակակիրներին կշնորհվեն ՀԱՕԿ-ի պատվոգրեր եւ հուշանվերներ, իսկ բոլոր մասնակիցներին՝ մարզաշապիկներ: