Գիրք ութերորդ
Գլուխ տասներկուերորդ
ԻՐԻԿՆԱՅԻՆ ԶՐՈՒՅՑ
Եվ Մելիսան Ալիկին ասաց՝ «իսկապես հոգնած եմ. չգնա՞նք», եւ Ալիկն ասաց՝ «դու գնա տուն, ես տղերքի հետ մի քիչ խոսամ՝ կգամ», եւ Մելիսան տեղից վեր կենալով Ալիկին ասաց՝ «շատ ուշ չգաս. դու էլ ես հոգնած», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «էս գրողներին մի քիչ խելք կսովորացնեմ՝ կգամ», եւ Մելիսան ժպտալով ասաց՝ «զգուշացիր՝ իրե՛նք քեզ խելք չսովորեցնեն» եւ մեզ ժպտալով ասաց՝ «բարի գիշեր», եւ ես ասացի՝ «բարի գիշեր», եւ Վահանն ասաց՝ «բարի գիշեր», եւ Ջավախյանն ասաց՝ «բարի գիշեր, հարսիկ ջան» եւ ժպտալով ավելացրեց՝ «սրանից հետո ուրախ առիթներով հանդիպենք», եւ երբ Մելիսան գնաց, Ալիկը Ջավախյանին ասաց՝ «սրանից էլ ուրախ առի՞թ», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «բերդ նստելն ուրախ առիթ ա՞», եւ ես ասացի՝ «բերդ նստելը՝ չէ, բայց բերդից դուս գալը շատ ուրախ առիթ ա», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «Ալիկն ուրախ առիթ որ ասում ա՝ Լեւոնի ելույթը նկատի ունի», եւ Ալիկը հիացմունքով ասաց՝ «շշմելու ելույթ էր», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ինչո՞վ էր շշմելու», եւ Ալիկն ասաց՝ «քարը քարին չթողեց», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչ քար», եւ Ալիկն ասաց՝ «էս համակարգը լրիվ քանդուքարափ արեց», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞ր համակարգը», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «Ռոբի ու Սերժի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «Ռոբին ու Սերժին ինքը չի՞ բերել», եւ Ալիկն ասաց՝ «էդ մասին էլ ա խոսալու», եւ Ջավախյանը հարցրեց՝ «էդ մասին ե՞րբ ա խոսալու», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «երբ որ վախտը գա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «այսինքն, էլի ա՞ խոսալու», եւ Ալիկն ասաց՝ «նոր ա սկսվում», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչն ա նոր սկսվում», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «շարժումը», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ մտածում էի՝ շարժումն արդեն վերջացել ա», եւ Ալիկն ասաց՝ «լրիվ նոր շարժում ա սկսվելու», եւ Ջավախյանը հարցրեց՝ «հանուն ինչի՞», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «հանուն ազնվության ու արդարության» եւ մի քիչ մտածեց ու ինձ նայելով ավելացրեց՝ «Արմենն ու բոլորդ պարտավոր եք էս շարժման մեջ ներգրավվել», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչ Արմեն», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «Շեկոյան», եւ Ջավախյանը ժպտալով Ալիկին ասաց՝ «իշխանության չեկած՝ արդեն մարդկանց վրա շառեր ե՞ք անում», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ շառ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «խեղճ Արմոն ազնվության ու արդարության հետ ի՞նչ կապ ունի», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Արմո», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «Շեկոյան», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես Արմենի ու ձեր մասին փորձում եմ լավը մտածել», եւ Վահանը Ջավախյանին հարցրեց՝ «հիմի էս նոր շարժման մեջ չես ներգրավվելո՞ւ», եւ Ալիկը Վահանին ասաց՝ «դու քեզնից խոսա», եւ Վահանը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ներգրավվելո՞ւ ես, թե՝ չէ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «հրավեր ստացել եմ, բայց վերջնական որոշում չեմ կայացրել», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ հրավեր ես ստացել», եւ Վահանը Ջավախյանի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «իրան է՛լ են հրավիրատոմս ուղարկել», եւ Ալիկը հարցրեց՝ «ի՞նչ հրավիրատոմս», եւ Վահանն ասաց՝ «էսօրվա ձեր էդ միջոցառման», եւ Ալիկը հարգանքով նայեց Ջավախյանին ու ասաց՝ «քեզ էնտեղ չեմ նկատել», եւ Ջավախյանն ասաց՝ «էդ հրավիրատոմսը տվի ախպորս՝ ախպե՛րս գնաց», եւ Ալիկը Ջավախյանին հարցրեց՝ «էդ հրավիրատոմսը քեզ ո՞վ էր տվել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւոր չի», եւ Ալիկն ասաց՝ «կարեւոր չի, բայց հետաքրքիր ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խաբարբզիկ չեմ, որ ասեմ», եւ Ալիկն ասաց՝ «չես ուզում՝ մի ասա», եւ ես Ալիկին հարցրի՝ «ասում ես՝ նոր շարժում ա՞ սկսվելու», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե սկսվելու ա, այլ արդեն սկսվել ա», եւ Ջավախյանն ասաց՝ «ինչ-որ չի զգացվում», եւ Ալիկն ասաց՝ «զգացողը զգում ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իշխանություններն արդեն իրար են խառնվել», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ իրար են խառնվել», եւ Ալիկն ասաց՝ «զգում եմ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «դու բերդի մեջ էդ բանն զգացել ես, բայց մենք ազատության մեջ չենք զգացել», եւ Ալիկն ասաց՝ «զգացողն ամեն տեղ էլ զգում ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս նոր շարժումը դժվար թե նախկինի պես ըլնի», եւ Ալիկն ասաց՝ «համաժողովրդական շարժում ա ըլնելու», եւ Ջավախյանը հարցրեց՝ «նախկինը համազգային էր, չէ՞», եւ Ալիկն արհամարհանքով նայեց Ջավախյանին ու ասաց՝ «շատ ուժեղ հիշողություն ունես», եւ Ջավախյանն ասաց՝ «մոռանալու բան չի. մինչեւ հիմի հետքերը մնում են», եւ Ալիկը հարցրեց՝ «որտե՞ղ են մնում», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «վրեքս», եւ Ալիկն արհամարհանքով նայեց Ջավախյանին ու ասաց՝ «եթե ուզում ես հետքերը վերանան, պիտի շուտ-շուտ լողանաս», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «մենմեն լեղանում եմ, բայց չի օգնում», եւ Ալիկը ծիծաղելով ասաց՝ «նորից փորձիր», եւ Ջավախյանը հիացմունքով Ալիկին նայելով ասաց՝ «Արմոն շատ ճիշտ ա ասում», եւ Ալիկը հարցրեց՝ «ի՞նչ Արմո», եւ Ջավախյանն ասաց՝ «Շեկոյան», եւ Ալիկը հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Ջավախյանն ասաց՝ «թեկնածությունդ դիր՝ գանք սատար կայնենք», եւ Վահանը Ջավախյանին ասաց՝ «չես հասկանո՞ւմ, որ Լեւոնն ա թեկնածությունը դնելու», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «էս մինը հումորից շատ ուժեղ ա», եւ Ալիկը հարցրեց՝ «ո՞ր մինը», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «դու», եւ Վահանը Ջավախյանին ասաց՝ «ուզում ես ասես՝ Լեւոնը հումորից ուժեղ չի՞», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուժեղն ուժեղ ա, բայց էս մինը լրիվ ա ժարիտ անում», եւ Վահանը ծիծաղելով հարցրեց՝ «ո՞ր մինը», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «Ալիկը», եւ Ալիկն արհամարհանքով նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ես քեզ ի՞նչ Ալիկ», եւ Ջավախյանը զարմացած նայեց Ալիկին ու ասաց՝ «ադա, մի քիչ առաջ որ Արզումանյան էի ասում, ասիր՝ Ալիկ ասեմ», եւ Ալիկն արհամարհանքով նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ավելի լավ ա՝ ոչ մի բան էլ չասես», եւ ես Ջավախյանին ասացի՝ «չես կարա՞ սուս մնաս», եւ Ալիկն ինձ հարցրեց՝ «էս մարդը գրող ա՞», եւ ես հարցրի՝ «ո՞ր մարդը», եւ Ալիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Լյովիկը», եւ Վահանն Ալիկին ասաց՝ «Արմենի՞ց խի ես հարցնում», եւ Ալիկն ասաց՝ «բա ումի՞ց հարցնեմ», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «ձերոնց պիտի հարցնես. ձերոնք են էս մարդուն հրավիրատոմս ուղարկել», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «չես ասելո՞ւ էդ հրավիրատոմսն ով ա քեզ տվել», եւ Ջավախյանը ժպտալով նայեց Ալիկին ու ժպտալով հարցրեց՝ «հիմի քեզ Ալիկ ասե՞մ, թե՝ Արզումանյան», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «ոչ մի բան էլ մի ասա», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ոչ մի բան էլ չեմ ասում», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ստացվում ա, որ դուք ոչ մի բանից դժգոհ չեք. էս կյանքը ձեզ լրիվ ձեռ ա տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, ոչ մի փոփոխություն չեք ուզում», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչ փոփոխություն չենք ուզում», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «չեք ուզում նորմալ կյանքով ապրեք», եւ Ջավախյանը հարցրեց՝ «նորմալ կյանքը ո՞րն ա», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «նորմալ կյանքը մարդավարի ապրելն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, չեք ուզում մարդավարի ապրեք», եւ Ջավախյանն ասաց՝ «գոնե մի անգամ պիտի մարդավարի ապրած ըլնեինք՝ որ ուզեինք» եւ մի քիչ մտածեց եւ ժպտալով ավելացրեց՝ «էդ մարդավարի ապրելը որ չենք տեհել՝ ո՞նց ուզենք», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ Ջավախյանն ասաց՝ «դու էլ ես ճիշտ ասում, Արզումանյան ջան», եւ Ալիկը հարցրեց՝ «ի՞նչն եմ ճիշտ ասում», եւ Ջավախյանն ասաց՝ «մարդ արարածը պիտի մարդավարի ապրի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մարդավայել», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «լավ էլ սիրուն բառեր գիտես», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «մեր փեշակն էլ էդ ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քու փեշակը հեղափոխություն անելն ա, իմ փեշակն էլ գիր անելն ու սիրուն բառեր գտնելն ա», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «հեղափոխությունը փեշակ չի», եւ Ջավախյանն ասաց՝ «փեշակը փեշակ ա, բայց՝ ժամանակավոր», եւ Ալիկը հարցրեց՝ «ինչքա՞ն ժամանակավոր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ փեշակն էնքան ա տեւում՝ մինչեւ հեղափոխությունը հաղթի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կամ՝ պարտվի», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «բերանդ խերով բաց», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեղափոխություն անողը պիտի կրվելու վարիանտներն էլ նկատի ունենա ու հաշվի առնի», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «էս վրես թազա գործ ե՞ս սարքում», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ թազա գործ», եւ Ալիկն ասաց՝ «որեւէ մեկը հեղափոխություն անելու մտադրություն չունի», եւ Ջավախյանը հարցրեց՝ «բա ձեր մտադրությունը ո՞րն ա», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «մեր մտադրությունն ընդամենը նախագահական ընտրություններին մասնակցելն ա», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «մասնակցե՞լը, թե՞ հաղթելը», եւ Ալիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «համ մասնակցելու ենք, համ էլ հաղթելու ենք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընենց որ՝ հանգիստ էղի. ոչ մի հեղափոխություն չենք անելու», եւ Ջավախյանը հարցրեց՝ «բա ասում եք՝ Լեւոնը էսօր ելույթ ա ունեցել», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «ելույթ ունենալն ի՞նչ կապ ունի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «տասը տարի սուս մնացած մինը որ խոսում ա, էդ արդեն հեղափոխությունից բեթար ա», եւ Ալիկը ծիծաղելով ասաց՝ «իշխանությունները քեզնից բեթար են սարսափել», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ սարսափել են», եւ Ալիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «զգում եմ», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «իմ սարսափելն էլ ե՞ս զգում», եւ Ալիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «քո սարսափելն զգում եմ, բայց չեմ հասկանում», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչը չես հասկանում», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հասկանում՝ դո՞ւ կորցնելու ինչ ունես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կորցնելու համար նախ պիտի գտած ըլնես, Արզումանյան ջան», եւ ես Ալիկին ասացի՝ «իննսունվեց թվին Ջավախյանը զաբոռ ջարդողների մեջ էր», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «զաբոռ ջարդողների մեծ մասը հիմի Լեւոնի կողմն են», եւ Ջավախյանը մեղավոր տոնով ասաց՝ «ճիշտն ասած՝ էդ զաբոռ ջարդելս է՛լ ա լրիվ պատահականություն էղել, Արզումանյան ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դաշնակցությունը քսան դոլար էր տալի՝ ջարդում էինք», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «հիմի մենք դաշնակցության հետ վատ չենք», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «հիմի ե՛ս եմ իրանց հետ վատ», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «էլ քսան դոլար չեն տալի՞ս», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «իմ արծաթի գործից հիմի ինքնուրույն եմ վաստակում», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «քսան դոլա՞ր», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որ մի հատ կլոր զրո էլ կողքը դնես՝ կարող ա մոտենաս», եւ ես Ալիկին ասացի՝ «կարաս էրկու հատ զրո կողքը դնես», եւ Ալիկը Ջավախյանին հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ Ջավախյանն ասաց՝ «Արմոն ամեն ինչ չափազանցնելու սովորություն ունի» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «էնքան աչքով տվին, որ արդեն մի շաբաթից ավել ա՝ գործս կայնած ա», եւ Ալիկը Ջավախյանին ասաց՝ «մի խոսքով, կյանքիցդ ու գործիցդ գոհ ես», եւ Ջավախյանը սեղանին թխկթխկացնելով ասաց՝ «սատանի ականջը խուլ», եւ Վահանը ժպտալով Ալիկին ասաց՝ «սաղ մեղավորը դուք եք», եւ Ալիկը հարցրեց՝ «ինչո՞վ ենք մեղավոր», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «ամեն պատահական մարդու հրավիրատոմս եք տալի», եւ Ալիկն ասաց՝ «ես էդ հրավիրատոմսերի հետ ոչ մի կապ չեմ ունեցել», եւ Ջավախյանը Վահանին ասաց՝ «էդ հրավիրատոմսը որ տվին՝ Արզումանյանը բերդում նստած էր», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «բայց ո՞վ ա տվել», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «չեմ հիշում», եւ Ալիկը հարցրեց՝ «հիշողության պրոբլեմ ունե՞ս», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «չէի ասի», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «որ մինչեւ հիմի դաշնակցության տված էդ քսան դոլարը հիշում ես, ուրեմն՝ հիշողությունդ լավ էլ տեղն ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե քսան դոլարը, այլ՝ քսան դոլարները. մի քանի հետ եմ էդ քսաններից ստացել, Արզումանյան ջան», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «քանի՞ հետ ըտենց քսան ստացած կըլնես», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «հաշիվը չեմ պահել, Արզումանյան ջան», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ իրանց տված էդ քսանները մինչեւ հիմա հիշում ես, ուրեմն՝ երախտամոռ չես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե երախտամոռ չեմ, այլ էն վախտվա քսան դոլարն էր շատ բարաքյաթով. մի ամիս ծախսում էիր՝ չէր պրծնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հիմիկվա հինգ հարուրն էլ էդքան լավ չի հերիքում», եւ Վահանը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ուզում ես ասես՝ հինգ հարուր ե՞ս ստանում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւոր չի», եւ Վահանն ասաց՝ «քո համար կարեւոր չի, իմ համար կարեւոր ա. կարող ա ես էլ եմ ուզում արծաթ ծախեմ», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ժուռնալիստ մարդ ես. դո՞ւ խի ես ուզում արծաթ ծախես», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «որ Ալիկենք գան իշխանության՝ կարող ա թերթերը փակեն», եւ Ալիկը ծիծաղելով ասաց՝ «համ ասում ես՝ Արմենն էս խոսակցությունները գրելու ա, համ էլ՝ ավելորդ բաներ ես խոսում», եւ Ջավախյանն Ալիկին ասաց՝ «հազիվ էրեսիդ ծիծաղ հայտնվեց, տնաշեն», եւ Ալիկը զարմացած նայեց Ջավախյանին ու ասաց՝ «չհասկացա», եւ Ջավախյանը բացատրեց ու ասաց՝ «բերդից նոր ես դուս էկել. փոխանակ ուրախանաս, մի գլուխ ջղայնանում ես», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ գործը հըլը չեն կարճել», եւ Ջավախյանը ժպտալով Ալիկին ասաց՝ «որ ձեր էս հեղափոխությունը հաղթի՝ նաղդ պաշտոն ստացող ես», եւ Ալիկը հարցրեց՝ «դո՞ւ ինչ գիտես», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ ցանկացած հեղափոխության հաղթանակից հետո նախ եւ առաջ նստածներին ա պաշտոնները բաժին հասնում», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «Ալիկն առանց նստելու էլ ա պաշտոն ստացել», եւ Ջավախյանն ասաց՝ «ամեն դեպքում, հեղափոխությունից հետո առաջին հերթին նստածներին ա պաշտոն հասնում», եւ Ալիկն արհամարհանքով նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «ձեր դաշնակցականների օրինակո՞վ ես ասում», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «համաշխարհային հեղափոխությունների օրինակով եմ ասում», եւ Ալիկն ասաց՝ «քեզ քանի՞ անգամ ասեցի, որ մենք ոչ թե հեղափոխության ենք պատրաստվում, այլ՝ նախագահական ընտրությունների», եւ Ջավախյանն ասաց՝ «իմ ասածը համաշխարհային հեղափոխություններին ա վերաբերվում», եւ Ալիկը հարցրեց՝ «համաշխարհային հեղափոխություններին էդքան տեղյակ ե՞ս», եւ Ջավախյանն ասաց՝ «ես էսօրվա դրությամբ արծաթով ու արձակով եմ զբաղվում, բայց կրթությամբ ու մասնագիտությամբ պատմաբան եմ, ընկեր Արզումանյան», եւ Ալիկն արհամարհանքով նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ինձ ընկեր մի ասա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ գործդ չեն կարճել, կարող ա՞ ամբաստանյալ ասեմ», եւ Ալիկը ծիծաղելով ասաց՝ «ավելի լավ ա ամբաստանյալ ասես, քան՝ ընկեր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս տնաշենի իշխանություններն էլ են հետաքրքիր», եւ Ալիկը հարցրեց՝ «ինչո՞վ են հետաքրքիր», եւ Ջավախյանն ասաց՝ «հհշականների մեջ ինչքան մաքուր մարդ կա, ջոկում՝ դրանց վրեքն են գործ սարքում», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «օրինակ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «մինը՝ դու», եւ Վահանը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ուզում ես ասես՝ իրանց մեջ կեղտոտ մարդիկ էլ կա՞ն», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կեղտոտ մարդ սաղի մեջ էլ կա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կեղտոտ մարդ նույնիսկ ի՛մ մեջ կա», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «չէի ասի թե՝ կեղտոտ մարդ ես», եւ Ջավախյանն ասաց՝ «կեղտոտը կեղտոտ չեմ, բայց մեջս լիքը կեղտոտ մարդիկ կան», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չհասկացա», եւ Ջավախյանը բացատրեց ու ասաց՝ «ամեն մարդու մեջ տարբեր տեսակի լիքը մարդիկ կան, Արզումանյան ջան», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «քո մեջ քանի՞ հատ մարդ կա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հաշիվն արդեն կորցրել եմ», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «բա ո՞նց ես ջոկում՝ դրանցից որն ես դու», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «սաղն էլ ես եմ, բայց իսկականը մեկն ա», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «իսկականը ո՞րն ա», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «էս՝ որ հիմի հետդ ըսենց ասում ու խոսում ա», եւ Ալիկը ծիծաղելով հարցրեց՝ «մնացածներն անիսկակա՞ն են», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մնացածներին կյանքն ա ստիպում, որ գոյություն ունենան», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «ուրախ եմ, որ իսկականի հետ եմ խոսում», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ուրիշ ձեւի չէր էլ կարա ըլներ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ իրարից ոչ մի կախում չունենք», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «բա հիմա մնացածներն ի՞նչ են անում», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչ մնացածներ», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «մեջիդ էդ կեղտոտները հիմի՝ էս պահին ի՞նչ են անում», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հանգստանում են», եւ Ալիկը հարցրեց՝ «ինչի՞ց են հանգստանում», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «աշխատանքից» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հանգստանում են, որ վաղն առավոտ վերնիսաժ՝ աշխատանքի գնան» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «չիմանաս թե՝ առեւտուրը քաղաքականությունից հեշտ գործ ա, Արզումանյան ջան», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «փաստորեն, էս պահին իրանք հանգստանում են», եւ Ջավախյանն ասաց՝ «հա», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «բա դո՞ւ երբ ես հանգստանում», եւ Ջավախյանը միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «հենց որ իրանք սկսում են աշխատել, էդ պահից սկսած՝ ես սկսում եմ հանգստանալ», եւ Ալիկը ծիծաղելով ասաց՝ «շատ հետաքրքիր ու բովանդակալից կյանքով եք ապրում», եւ Ջավախյանն ասաց՝ «կարաս հետս դու-ով խոսաս», եւ Ալիկը ծիծաղելով ասաց՝ «որ մի քանի հոգի եք, ո՞նց դու-ով խոսամ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «էս պահին իրանց գլխավորն ա հետդ զրից անում», եւ Ալիկը ծիծաղելով ասաց՝ «հեչ պարզ չի՝ ձեզնից որն ա գլխավորը», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ կարեւոր չի՝ ով ա գլխավորը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարեւորն էն ա, որ իրար քոմագ անելով՝ յոլա ենք տանում», եւ Ալիկը ծիծաղելով ասաց՝ «էդ տականքների հետ, փաստորեն, լավ էլ յոլա ես գնում», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ո՞ր տականքների», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «էդ քո ներսի մարդկանց», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իզուր ես էդ օքմիններին վիրավորում», եւ Ալիկը հարցրեց՝ «ե՞րբ եմ վիրավորել», եւ Ջավախյանն ասաց՝ «հենց նոր իրանց տականք չասի՞ր», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «սկզբում դո՛ւ ասեցիր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես իրավունք ունեմ ասեմ. Նարեկացին էլ ա ինքը իրա անձի մասին հազար ու մի փիսփիս բաներ ասում, բայց էդ չի նշանակում, որ մենք էլ իրա մասին փիս բաներ ասելու իրավունք ունենք», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «լա՜վ համեմատություն գտար», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ մեջի էդ տականքները որ չըլնեին, ձեր ու սրանց իշխանության տարիներին ո՞նց էի ընտանիքս պահելու», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ստիպված պիտի դաշնակցության տված քսան դոլարով յոլա գնայիր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դաշնակցության էդ քսան դոլարներն էլ էին իմ ներսի էդ տականքները վերունում», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «Ազգային ժողովի զաբոռն էլ էի՞ն ներսիդ տականքները ջարդում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մինը ե՛ս եմ արել», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «անձա՞մբ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտը որ ասեմ՝ էդ զաբոռը ջարդելու վախտ յան տված մտիկ էի անում՝ ոնց են ուրիշներն էդ զաբոռը թափ տալի, բայց հետո ըստեղ-ընդեղ սուտ գլուխ էի գովում, թե՝ զաբոռ ջարդողներից մինն եմ», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «բա խի՞ էիր սուտ գլուխ գովում», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ուզում էի, որ էդ քսան դոլարները վրես հալալ ըլնեն», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «փաստորեն, հեղափոխական կենսագրություն ունես», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «դրա համար էլ ձերոնք իրան հրավիրատոմս են ուղարկել», եւ Ջավախյանն ասաց՝ «բա Արմոյի՞ն խի են էդ զադից ուղարկել», եւ Ալիկը հարցրեց՝ «ի՞նչ զադ», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «էդ հրավիրատոմսից», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «Արմենն էլ պակաս կենսագրություն չունի», եւ Ջավախյանն Ալիկին հարցրեց՝ «բա Արմոյին խի՞ չես հարցնում՝ ով ա իրան էդ զադը տվել», եւ Ալիկը ժպտալով ինձ հարցրեց՝ «ո՞վ ա տվել», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «որ իմանար՝ էլ ի՞նչ դարդ ուներ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «Արմոյին որ ման են էկել ու չեն գտել, իրա էդ զադը «Եվրոֆուտբոլ» են ուղարկել», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ «Եվրոֆուտբոլ», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «էն բուքմեյքերական զադերը՝ որ ստավկեք են դնում»: