Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բերքյան-75

Հունիս 20,2009 00:00

Երեկ Հայաստանի ազգային գրադարանում սփյուռքահայ ճարտարապետ Արա Բերքյանի մեծարման ցերեկույթն էր կազմակերպվել, որին ներկա էր ճարտարապետի կինը՝ Լիզա Բերքյան-Աբրահամյանը:

1934 թվականին Բեյրութում ծնված, ֆրանսիական գիմնազիայում եւ ամերիկյան համալսարանում ուսում ստացած Բերքյանը 22 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա, ուր եւ աշխատել ու ստեղծագործել է: Իսկ կյանքի վերջին տարիներին՝ 1988-1993 թթ. հատվածում եղել Վիսբադենի քաղաքապետարանի ճարտարապետը: Հենց Գերմանիայում է նա գրել հայկական ճարտարապետության մասին լայնածավալ աշխատությունը եւ դոկտորի աստիճան ստացել: Հենց Գերմանիայում է գրվել ու մեծ արձագանք ստացել նրա «Հռենոսի եւ Արաքսի միջեւ կամ 900 տարվա գերմանա-հայ հարաբերությունները» գիրքը: Հենց Գերմանիայում է նա ընդվզել ընդդեմ պատմական անարդարության եւ ապացուցել, որ Էդիթ Նոյբաուերի «Հայկական ճարտարապետությունը» գրքում կան խեղաթյուրումներ հօգուտ վրացական ճարտարապետության: Ի դեպ, Արա Բերքյանի հոդվածից հետո Էդիթ Նոյբաուերը խոստովանել է, որ գրել է վրացի գիտնականների թելադրանքով: Ցավոք, 1994-ին մահվան պատճառով կիսատ մնաց Արա Բերքյանի «Հայաստանի բերդերն ու ամրոցները» մենագրությունը, կիսատ մնացին Հայաստանի ու Ղարաբաղի վերաբերյալ նրա շատ ծրագրեր: Այս պակասը մասամբ լրացնելու փորձ արեց Բերքյանի կինը՝ Լիզան, Հայաստանի ազգային գրադարանին նվիրելով Բերքյանի հարուստ գրադարանից մի շարք արժեքավոր նմուշներ:

«Արա Բերքյանը կամուրջ էր Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Նրա մահով Սփյուռքը մի քիչ ամայացավ»,- նկատել են Արա Բերքյանին ճանաչողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել