Հունիսի 21-ին՝ 12 ժամ շարունակ, Երեւանում եւ հանրապետության մարզերում կհնչի կենդանի երաժշտություն: Երեկ այս մասին հայտարարվեց ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ այդ օրը կանցկացվի «Երաժշտության տոն» միջոցառումը: Ձեւավորված ավանդույթի համաձայն, մինչեւ ուշ երեկո մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, բացօթյա սրճարանների հարակից տարածքները, զբոսայգիներն ու հրապարակները ողողված կլինեն բազմաժանր երաժշտության հնչյուններով: Այս տոնին առաջին անգամ կմիանան ՀՀ բոլոր մարզերը՝ 24 քաղաքներով: Օրինակ՝ Շարլ Ազնավուրի հրապարակում կկայանա ռոք համերգ՝ Empyray, Dogma, The Beautifield Project, Vordan Karmir, E.V.A., Road Movie խմբերի մասնակցությամբ:
Սիրահարների այգում էլ կլինեն The Beautifield Project-ը, Menq-ը, Loorr-ը: Դասական երաժշտության համերգի սիրահարները պետք է շտապեն Կոնսերվատորիայի այգի, իսկ ֆրանսիական շանսոնին նախընտրություն տվողները՝ Հաղթանակի զբոսայգի: Ջազը, բնականաբար, «Պապլավոկ» սրճարանում է (հայ ջազ կատարողներ, ֆրանսիացի ջազմեններ Ստեֆան Բելմոնդո (շեփոր) եւ Էրիկ Լենինի (դաշնամուր):
Բազմաժանր համերգներ տեղի կունենան նաեւ Հյուսիսային պողոտայում, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի, «Les amis de Jean-Jacques» ռեստորանի հարակից տարածքներում, ինչպես նաեւ «Փարիզյան սուրճ», «Studio Cafe», «Square One», «Art Bridge» սրճարանների հարեւանությամբ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆֆի խոսքով, «Երաժշտության տոնն» իր շուրջն է համախմբում երաժշտարվեստի պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ կատարողներին ու երաժշտասեր հասարակությանը. «Միջոցառումն ունի վաղեմի պատմություն. այն մեկնարկել է 1982 թվականի հունիսի 21-ին՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Տոնն այսօր մեծ համարում եւ տարածում է գտել ողջ աշխարհում՝ մտահղացման շուրջ միավորելով ավելի քան 110 երկիր եւ 340 քաղաք»:
Հայաստանի մասնակցության մասին նա ասաց. «3 տարի ի վեր Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հաստատվել է ամուր գործակցություն: Ուրախալին այն, է որ այս տարի միջոցառումն իր շրջանակների մեջ է առել ողջ Հայաստանը: Սա մի տեսակ համաժողովրդական տոնի է վերածվում: Սա միջոցառում չէ՝ բարձրաստիճան խավերի, էլիտայի համար: Այն նպատակ ունի հասարակությանը հասանելի դարձնել երաժշտարվեստը՝ իր բոլոր դրսեւորումներով»:
Նշենք, որ «Երաժշտության տոնին» մասնակցելու նպատակով առաջին անգամ «Ալիանս Ֆրանսեզի» հրավերով Հայաստանում համերգային ծրագրով հանդես կգա նաեւ ֆրանսիացի երգչուհի Նատալի Ժոլին: Երգչուհին երեկ ասուլիսի ժամանակ ասաց. «Ուրախ եմ Հայաստանում ներկայանալու առիթով: Այստեղ չէի եղել, բայց իմ ֆրանսիացի արվեստագետ գործընկերներից շատ եմ լսել: Կմասնակցեմ նաեւ ներկայացման, որը կայանալու է «Երաժշտության տոնի» նախօրեին: Ներկայացումը նվիրված է ֆրանսիական մշակութային կյանքի կարեւոր դեմքերից մեկին՝ Իվետ Իվենին, որը 50 տարի նամակագրական կապ է ունեցել Զիգմունդ Ֆրեյդի հետ: Այդ ամենը ներկայացման տեսքով կցուցադրվի հայ հասարակությանը»: