«Կուլմինացիա» բառից հատկապես օգտվեցի՝ Արմեն Հարությունյանին հուշելու, որ ինչ է կատարվում հենց նրա պաշտոնավարության տարիներին՝ նրա աչքերի առջեւ: Եթե մարտի 1-ը անցած տարիների կուլմինացիան էր, ապա ի՞նչ է լինելու այս տարիների կուլմինացիան: Հիմա էլ հանրային մարմնավաճառները տարբեր խորհուրդներում ընդգրկված, ջուրը բերաններն առած դես ու դեն են ընկել, թե աստվածահաճո ո՞ր տարբերակով ներեն մնացած «մոլորյալներին»: Ու մեկն էլ չկա՝ ասի. «Տո, տականքներ, էդ ո՞ւմ եք ներում»: Մի հայելու առաջ կանգնեք, ոտից գլուխ ձեզ նայեք ու ձեզ նայելով ասեք. «Սմբատ Այվազյան, քեզ ներում եմ քո գործած հանցանքների համար. Պետրոս Մակեյան, քեզ ներում եմ քո գործած հանցանքների համար» եւ այլն:
Այդ հանրային ներկայացուցիչները, ովքեր հանդուրժեցին մեր երկրի պատմության ամենախայտառակ իրադարձությունները, ամենախայտառակ դատավարությունները, եւ այդպես էլ չհասկացան, թե մարտի 1-ի գործով ամբաստանյալներն ի վերջո ոստիկանին հրե՞լ են, թե՞ ոչ, քար շպրտե՞լ են, թե՞ ոչ եւ ի վերջո իշխանությունը զավթե՞լ են, թե՞ ոչ: Բա որ զավթելու լինեին, կզավթեին պատերազմի տարիներին, կզավթեին պատերազմի ավարտին, երբ նրանք, ովքեր այսօր մեղադրում են մեր կալանավորված հրամանատարներին, թաքնված էին իրենց մոր կամ սիրուհու փեշերի տակ:
Մեր ընդդիմախոսները սեփական լկտիությունից այնքան են ոգեւորվել, որ արդեն ստանձնել են նաեւ քաղբանտարկյալների դատապաշտպանի դերը եւ արդեն անսքող մեղադրանք են հնչեցնում, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նստած չէ իր ընկերների կողքին: Այս սանձարձակ ապատեղեկատվության արշավում իր ուրույն տեղն ունի նաեւ «հավասարության նշան» խորհրդանիշը կրող «Առավոտը»՝ իր սեփական ընտրազանգվածով (իշխանությունը վատն է, ընդդիմությունն էլ մի բան չի):
Ինչեւէ, բազմակի օգտագործված անձեռոցիկի արժեք ունեցող «համաներումը», իրոք, ոչ թե մեզ է պետք, այլ նրա հեղինակներին, հովանավորներին, հասարակության մեջ ոչ մի տեղ չունեցող հանրային մարմնավաճառներին:
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես հպարտ եմ, որ ազատազրկվել եւ դատվել եմ հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած անձանց հետ: Իմ կյանքի մեծագույն արգասիքն է, որ դատվել եմ Սմբատ Այվազյանի, Դավիթ Մաթեւոսյանի, Աշոտ Զաքարյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Պետրոս Մակեյանի, Աշոտ Մանուկյանի եւ մեր մյուս ընկերների հետ: Պատրաստ եմ ամեն վայրկյան վերադառնալ բանտախուց՝ իմ ընկերների կողքին, որպեսզի չշնչեմ համաներում շնորհող երեսպաշտների ներկայության գաղջահոտը: